Բաթումիում հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է անկարգություններին մասնակցած 40 մարդ: «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ ղեկավար Գեորգի Մգեբրիշվիլին:
Կարգը քաղաքում վերականգնել են լուսադեմին: Տեղում ոստիկանություն և հրշեջ մեքենաներ են մոբիլիզացվել: Քաղաքում անկարգությունների մասնակիցների ձերբակալման գործողություն է իրականացվել: Բաթումիի քաղաքապետարանը հաշվում է քաղաքի ենթակառուցվածքին հասցված վնասը:
«Հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է ընդհանուր 40 մարդ, նրանց անձը պարզելու գործընթաց է ընթանում… Անկարգությունների բոլոր հրահրողները և կազմակերպիչները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,- լրագրողներին ասել է նախարարը Բաթումիում, ուր գիշերն է գնացել: Մգեբրիշվիլին բոլորին կոչ է արել «տանը մնալ»:
Աջարիայի առողջապահության նախարար Զաալ Միքելաձեն լրագրողներին հայտնել է, որ գիշերվա ընթացքում Բաթումիի կլինիկաներ է դիմել 33 տուժած, այդ թվում՝ 15 ոստիկան:
«Հիմնականում խոսքը աննշան վնասվածքների և գազով թեթև թունավորման մասին է»,- հավելել է նախարարը:
Անկարգությունների պատճառ է դարձել ոստիկանների վարքը, որոնք տեղի բնակչի են տուգանել: Ականատեսների խոսքով՝ իրավապահները վիրավորել են տղամարդուն, ինչի պատճառով նրան պաշտպանել են մոտակայքում եղած մարդիկ: Դա ծեծկռտուքի է հանգեցրել, ինչից հետո մի քանի մարդ է ձերբակալվել: Որոշ ժամանակ անց Աջարիայի Ներքին գործերի գլխավոր վարչության շենքի հարևանությամբ մոտ 1 000 մարդ է հավաքվել: Նրանք պահանջել են պաշտոնից ազատել պարեկային ոստիկանության նոր ղեկավար Մալխազ Բատիաշվիլիին:
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի խոսքով՝ անկարգությունների հրահրման համար մեղավոր են «ապակառուցողական քաղաքական ուժերը»:
Նյութի հետ կապված տեսանյութերը կարող եք դիտել` սեղմելով հետևյալ հղման վրա.www.1in.am