Թբիլիսիում շտապ որոնում են Կախեթի մայրուղու վրա գտնվող Gulf բենզալցակայանում թափառող շան կողմից վիրավորված դեռահասի։ Շան մոտ կատաղություն է հաստատվել։
Սննդի ազգային գործակալությունը հայտնել է, որ շունը սատկել է դեկտեմբերի 18-ին, իսկ մի քանի ժամ առաջ հայտնի են դարձել լաբորատոր հետազոտությունների արդյունքները։
Դեռահասի անունը հայտնի չէ, ականատեսներից միայն տեղեկություններ կան, որ մի քանի օր առաջ շունը հարձակվել է երեխայի վրա և կծել նրան։
Սոցցանցերի միջոցով Վրաստանի առողջապահության նախարարությունը ծնողներին խնդրում է դիմել բժիշկներին՝ նրանց երեխային շտապ անհրաժեշտ է կատաղության դեմ պատվաստում։