Ֆրանսիայում վրացի գաղթականների ընտանիքում կոնֆլիկտն ավարտվել է սպանությամբ՝ 28-ամյա կինը խեղդամահ է արել ամուսնուն, բնակարանում այդ պահին հինգ երեխա է եղել:
Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին երկրի հարավ-արևելքում գտնվող Տուլոն քաղաքում, հայտնում է Le Figaro-ն՝ վկայակոչելով դատախազությանը։ Աղմուկը լսելուց հետո բնակարան են մտել հարևանները: Այդ պահին 31-ամյա տղամարդն արդեն անգիտակից վիճակում է եղել։
«Հարևանը փորձել է նրան առաջին օգնությունը ցույց տալ, բայց ապարդյուն», – գրում է BFM Toulon Var տեղական հրատարակությունը:
Երիտասարդ կինը՝ Լանա Կ.-ն, տեղում բերման է ենթարկվել։ Նա սկզբում ընդունել է մեղքը, բայց հետո հրաժարվել է: Դատախազությունը պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել: Վրաստանի քաղաքացուն հետաքննության ավարտին կսպասի կալանք։
Սոցիալական ծառայության աշխատակիցները տարել են հինգ անչափահաս երեխաներին: Նրանց բոլորին ուղարկել են ապաստարան։
Գործում հնարավոր է նոր հանգամանքներ ի հայտ գան։
Լրագրողները պարզել են, որ նախկինում Լանա Կ.-ն ամուսնու կողմից բռնության զոհ է դարձել։ 2022 թվականի ամռանը տղամարդու նկատմամբ նույնիսկ քրեական գործ է հարուցվել, սակայն ընթացակարգերը դադարեցվել են, քանի որ տուժողը հերքել է բռնության փաստը։