Օրերս Նինոծմինդա քաղաքի Սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության կենտրոնի (SEREC) գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ջրային ռեսուրսների, խմելու ջրի և ոռոգման համակարգերի միջազգային փորձագետների հետ։
Հանդիպումը կազմակերպել էր «Համաքաղաքացիական շարժում Բազմազգ Վրաստան» (PMMG) կազմակերպությունը՝ Նինոծմինդայի բնակիչների մասնակցությամբ։
«Բազմազգ Վրաստանի» խորհրդի նախագահ Առնոլդ Ստեփանյանի խոսքով, հանդիպման նպատակն է փորձագետներին օգնել ուսումնասիրել և հետագայում դիտարկել ոռոգման ջրանցքների և խմելու ջրի որակի բարելավման հնարավորությունը։
Առաջին այցը ճանաչողական այց է, որի ընթացքում բնակիչների հետ զրույցի միջոցով բացահայտվում են խնդիրներն ու առաջնահերթությունները։ Հիմնական նպատակն է հասկանալ, թե որքան արագ կարելի է քաղաքապետարանին օգնել ջրամատակարարումը բարելավելու համար: Այս խնդիրը կբացահայտվի արևելյան Վրաստանում՝ սկսած Նինոծմինդայից, ապա նմանատիպ այցեր կիրականացվեն այլ մունիցիպալիտետներում։ Հաջորդ տարի նախատեսվում են ոռոգման համակարգի և խմելու ջրի որակի բարելավման ծրագրեր։
Հանդիպման ընթացքում բնակիչները խոսել են գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների մասին՝ նշելով, որ դաշտերը ջրելու հնարավորության բացակայությունը հանգեցնում է ցածր բերքատվության։ Մոտակա առուներից ջրելու արժեքը շատ բարձր է, ոռոգման համակարգ չկա։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման համակարգը միշտ եղել է կարևոր խնդիրներից մեկը։ Մունիցիպալիտետի ոռոգման համակարգը լավագույն վիճակում չէ, կան գյուղեր, որտեղ այն իսպառ բացակայում է։ Նինոծմինդայի մունիցիպալիտետն ունի հարուստ ջրային ռեսուրս, սակայն մինչ այժմ այն արդյունավետ օգտագործել չի հաջողվել։
Խմելու ջրի վերաբերյալ բնակիչները խոսեցին դրա որակի մասին: Աղբյուրները պարսպապատված չեն, իսկ ամռանը կարելի է տեսնել աղբյուրների մոտ արածող կովեր ու ոչխարներ, որոնք էլ իրենց հերթին աղտոտում են աղբյուրները։ Չկա ջրի ֆիլտրման ժամանակակից համակարգ, և միակ բանը, որ արվում է, քլորացումն է։ Ամբողջ ջրամատակարարման համակարգը շատ հին է և ունի վերանորոգման կարիք։
Ավելի մանրամասն տեղեկություններ ստացանք «Բազմազգ Վրաստանի» խորհրդի նախագահ Առնոլդ Ստեփանյանից։