Ոռոգման ջրանցքների և խմելու ջրի որակի բարելավման ուսումնասիրություն և հնարավորություն

Ոռոգման ջրանցքների և խմելու ջրի որակի բարելավման ուսումնասիրություն և հնարավորություն

Օրերս Նինոծմինդա քաղաքի Սոցիալ-տնտեսական իրավունքների պաշտպանության կենտրոնի (SEREC) գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում ջրային ռեսուրսների, խմելու ջրի և ոռոգման համակարգերի միջազգային փորձագետների հետ։

Հանդիպումը կազմակերպել էր «Համաքաղաքացիական շարժում Բազմազգ Վրաստան» (PMMG) կազմակերպությունը՝ Նինոծմինդայի բնակիչների մասնակցությամբ։

«Բազմազգ Վրաստանի» խորհրդի նախագահ Առնոլդ Ստեփանյանի խոսքով, հանդիպման նպատակն է փորձագետներին օգնել ուսումնասիրել և հետագայում դիտարկել ոռոգման ջրանցքների և խմելու ջրի որակի բարելավման հնարավորությունը։

Առաջին այցը ճանաչողական այց է, որի ընթացքում բնակիչների հետ զրույցի միջոցով բացահայտվում են խնդիրներն ու առաջնահերթությունները։ Հիմնական նպատակն է հասկանալ, թե որքան արագ կարելի է քաղաքապետարանին օգնել ջրամատակարարումը բարելավելու համար: Այս խնդիրը կբացահայտվի արևելյան Վրաստանում՝ սկսած Նինոծմինդայից, ապա նմանատիպ այցեր կիրականացվեն այլ մունիցիպալիտետներում։ Հաջորդ տարի նախատեսվում են ոռոգման համակարգի և խմելու ջրի որակի բարելավման ծրագրեր։

Հանդիպման ընթացքում բնակիչները խոսել են գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրների մասին՝ նշելով, որ դաշտերը ջրելու հնարավորության բացակայությունը հանգեցնում է ցածր բերքատվության։ Մոտակա առուներից ջրելու արժեքը շատ բարձր է, ոռոգման համակարգ չկա։

Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման համակարգը միշտ եղել է կարևոր խնդիրներից մեկը։ Մունիցիպալիտետի ոռոգման համակարգը լավագույն վիճակում չէ, կան գյուղեր, որտեղ այն իսպառ բացակայում է։ Նինոծմինդայի մունիցիպալիտետն ունի հարուստ ջրային ռեսուրս, սակայն մինչ այժմ այն ​​արդյունավետ օգտագործել չի հաջողվել։

Խմելու ջրի վերաբերյալ բնակիչները խոսեցին դրա որակի մասին: Աղբյուրները պարսպապատված չեն, իսկ ամռանը կարելի է տեսնել աղբյուրների մոտ արածող կովեր ու ոչխարներ, որոնք էլ իրենց հերթին աղտոտում են աղբյուրները։ Չկա ջրի ֆիլտրման ժամանակակից համակարգ, և միակ բանը, որ արվում է, քլորացումն է։ Ամբողջ ջրամատակարարման համակարգը շատ հին է և ունի վերանորոգման կարիք։

Ավելի մանրամասն տեղեկություններ ստացանք «Բազմազգ Վրաստանի» խորհրդի նախագահ Առնոլդ Ստեփանյանից։

Radio NOR · Изучение и возможность улучшения ирригационных каналов и качества питьевой воды