Ուղղափառ եկեղեցու հոգևորականներն այրել են Եվրամիության դրոշը

Ուղղափառ եկեղեցու հոգևորականներն այրել են Եվրամիության դրոշը

Վրաստանյան սոցիալական ցանցերն ակտիվորեն շրջանառում են ուղղափառ հոգևորականների կողմից ԵՄ դրոշներն այրելու տեսանյութերը։ Նրանց թվում են սարկավագ Բասիլ Ախվլեդիանին և քահանաներ Սպիրիդոն Ցքիփուրիշվիլին ու Իակոբ Մեստվիրիշվիլին։Aliq.ge

Հոգևորականներն աջակցում են ռուսամետ խմբի անդամ Լաշա Շարուխիային. վերջինս մեղադրվում էր Մցխեթայի քաղաքապետարանի շենքից ԵՄ դրոշն իջեցնելու և այրելու համար։ Մցխեթայի շրջանային դատարանը նրան որպես խափանման միջոց դատապարտել է ազատազրկման։

«Վերոնշյալ անձը ձերբակալվել է իրավապահների կողմից։ Նրան մեղադրանք է առաջադրվել ուրիշի գույքը վնասելու համար (Քրեական օրենսգրքի 187-րդ հոդված), որը ենթադրում է ազատազրկում 3-ից 6 տարի ժամկետով։ Դատարանն արդեն իսկ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել ազատազրկումը»,- radiotavisupleba.ge լրատվականի փոխանցմամբ՝ ասել են դատախազությունից:

Ի նշան Շարուխիային «համերաշխության», բացի հոգևորականներից, այլ քաղաքացիներ ևս այրել են Եվրամիության դրոշները։ Շարուխիային ակտիվորեն աջակցում են ռուսամետ, հոմոֆոբ և բռնի գործողություններով հայտնի «Ալտ-ինֆո»-ի ներկայացուցիչները։

Հարկ է նշել, որ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա II-ը դրական է գնահատել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակի շնորհումը։ Դեկտեմբերի 15-ին հրապարակված հայտարարության մեջ պատրիարքը նշել է. «Այսօր առանձնահատուկ օր է, քանի որ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալը նոր հնարավորություններ է բացում երկրի ներսում քաղաքական կայունության և միջազգային հարաբերություններում կարգավիճակի բարձրացման համար, նաև մշակութային, գիտական, տեխնիկական և տնտեսական առաջընթացին»:

Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Վրաստանում քաղաքացիները հանրային կառույցներից իջեցնում և այրում են ԵՄ դրոշը։ 2023 թվականի մարտին «Ալտ-ինֆո»-ի ներկայացուցիչ Զուրա Մախարաձեն և նրա չորս համախոհները տուգանվել են 1000-ական լարիով՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ Եվրամիության դրոշն իջեցնելու և այրելու համար, սակայն այդ գործով քրեական հետապնդում չի հարուցվել։