Առատ ձյան պատճառով Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը որոշել է փակել դեպի Հայաստանի և Թուրքիայի հետ սահմաններ տանող ճանապարհները կցորդով և կիսակցորդով մեքենաների համար։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
«Ինտենսիվ ձյան և մերկասառույցի պատճառով Խաշուրի-Ախալցխա-Վալե (Թուրքիայի հետ սահման) և Ախալցխա – Նինոծմինդա (Հայաստանի հետ սահման) միջազգային ավտոճանապարհներին արգելվել է կցորդների և կիսակցորդների շարժումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ճանապարհների դեպարտամենտից հավելել են, որ 30 և ավելի մարդ տարողությամբ տրանսպորտային միջոցներին նույնպես արգելվում է երթևեկել մայրուղիներով, իսկ մյուս տրանսպորտային միջոցներին թույլատրվում է երթևեկել մայրուղիներով։