5 խորհուրդ Նոր Տարվան ընդառաջ

5 խորհուրդ Նոր Տարվան  ընդառաջ

Լուսանկարը վերցված է համացանցից

Ամանորյա տոները տևում են մի քանի օր, սակայն այդ օրերի ընթացքում մարդիկ հասցնում են ծախսել իրենց տվյալ տարվա եկամտի զգալի մասը: Ուստի, հետևե՛ք այս խորհուրդներին և Ամանորի շեմին խուսափեք էմոցիոնալ որոշումներից, որոնք կխախտեն ձեր բյուջեի հավասարակշռությունը:  

1. ՍՈՎՈՐԵՔ ԱՆՑՅԱԼ ՏԱՐՎԱ ՓՈՐՁԻՑ

Մինչև ամանորին պատրաստվելը մի պահ մտաբերեք, թե ինչպես եք պատրաստվել ամանորին անցյալ տարի: Նախորդ տարիների փորձը լավագույն ուսուցիչն է: Ինչպիսի որոշումներ եք կայացրել: Որոնք էին արդյունավետ, իսկ որոնք կփոխեիք այս տարի: Որքան արդյունավետ էր թանկարժեք ամանորյա զարդարանքներ գնելու փոխարեն սեփական ձեռքերով դրանք պատրաստելու որոշումը: Արդյո՞ք անհրաժեշտ էր գնել այդքան շատ սնունդ, եթե արդյունքում մի մասը նույնիսկ չհասցրեցիք օգտագործել և դեն նետեցիք: Ոչ թարմ սնունդը նպաստում է շատ հիվանդությունների առաջացմանը: Հիշեք՝ ամանորյա տոները տևում են մի քանի օր, այլ ոչ թե հավերժություն: Մի կատարեք չափից շատ ծախսեր: Միանգամից մեծ ծախսերի կատարումը խախտում է ձեր բյուջեի հավասարակշռությունը: Փորձեք մտաբերել այս բոլոր դրվագները և կառուցել ձեզ համար կատարյալ, առանց լրացուցիչ լարվածության և ծախսերի:

2.  ԿԱԶՄԵՔ ԱՄԱՆՈՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԲՅՈՒՋԵՆ

Կազմեք ձեր ամանորյա գնումների բյուջեն՝ գրառելով բոլոր նվերների, ուտելիքների և ըմպելիքների, զարդարանքների և միջոցառումների ծախսերը, որոնք պատրաստվում եք կատարել: Ձեզ այս հարցում կօգնի բյուջեի վարման գրքույկը:

3.  ՆՎԻՐԵՔ ՕԳՏԱԿԱՐ ՆՎԵՐՆԵՐ

Նվերներ գնելուց առաջ, նախ փորձեք հասկանալ, թե ձեր ընտանիքի անդամները կամ ընկերները ինչի կարիք ունեն և ինչը իրենց իրոք ուրախություն կպատճառի: Թանկարժեք նվեր դեռևս չի նշանակում լավ նվեր: Այսպիսով` դուք չեք կատարի անտեղի ծախսեր և փոխարենը ձեր մտերիմների կողմից կստանաք դրական և ուրախ արձագանք: Ամանորյա նվերների վերաբերյալ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամբողջ աշխարհում մարդկանց 70 %-ը Ամանորին ստանում են իրենց ոչ այնքան անհրաժեշտ և պիտանի նվերներ: Եթե դժվարանում եք ընտրել նվեր, ապա լավագույն տարբերակ կարող է լինել որևէ խանութի կամ ծառայության նվեր քարտը:  Այս պարագայում շատ կարևոր է ուշադիր լինել նվեր քարտի վավերականության ժամկետին: Ուստի նվիրելիս չմոռանաք ձեր մտերիմներին մեկ անգամ ևս հիշեցնել, թե որքան ժամանակ է գործելու նվեր քարտը: Իմացեք նաև զեղչերից օգտվելու կանոնները:

  4. ԵՂԵՔ ՈՒՇԱԴԻՐ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԻՍ

Համաձայն ուսումնասիրությունների՝ մարդիկ սկսում են ավելի հաճախ օգտագործել իրենց վճարային քարտը հենց ամանորյա գնումներ կատարելիս: Ուստի ամանորյա խառնաշփոթին էլ ավելի կարևոր է ուշադիր լինել և մինչև վճարային քարտով գնումներ կատարելը վերհիշել հետևյալ օգտագործման կանոնները. Ուշադիր եղեք բանկոմատից գումար կանխիկացնելիս: Մի մոռացեք գործարքը կատարելուց հետո վերցնել ձեր քարտը: Տեսադաշում պահեք քարտը անկանխիկ վճարումներ կատարելիս:  Ստուգեք, մինչև անդորրագիրը ստորագրելը, արդյո՞ք այնտեղ նշված գումարը նույն է ինչ գործարքի գումարին: Մի վստահեք ձեր քարտը կամ ծածկագիրը անծանոթ մարդկանց: 

5. ՆՈՐ ՏԱՐԻՆ ՍԿՍԵՔ ԽՆԱՅԵԼՈՎ

Եթե այս տարի նախօրոք չեք խնայել գումար Ամանորի համար, հոգ չէ, թող ձեր ամանորյա ցանկություններից մեկն էլ լինի «կարողանալ խնայել»: Իմացեք որտեղ և ինչպես խնայել: Բացեք ավանդային հաշիվ: Սահմանեք ձեր գրպանին հարմար փոքր գումար և պարբերաբար մուտքագրեք այն ձեր ավանդային հաշվին: Տեղաբաշխեք ծախսերը. ամանորյա նվերներ կարող եք գնել ամբողջ տարվա ընթացքում: Օգտվեք տարվա ընթացքում հայտարարվող զեղչային առաջարկներից: Սա կօգնի տեղաբաշխել և արդյունավետ կառավարել ծախսերը ամբողջ տարվա կտրվածքով: