Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աշխատակազմի ներքո գործող առողջապահության և սոցիալական աջակցության ծառայությունը դրամական օգնություն է տրամադրում սոցիալական միավորներ ունեցող, ծնողազուրկ, բազմազավակ, սահմանափակ կարողություններ ունեցող անձանց և այլոց: Քաղաքապետարանի սոցիալական փաթեթում երկու փոփոխություն է կատարվել, որոնք հաշվի են առնվել 2024 թվականի բյուջեում։ jnews.ge
1. Ընտանիքում 1-ին և 2-րդ երեխայի միանվագ նպաստի չափն ավելացվել է: 2024 թվականից ընտանիքը 1-ին կամ 2-րդ երեխայի ծննդյան համար քաղաքապետարանից կստանա 350 լարի, այսինքն՝ 100 լարիով շատ, քան ստանում էր ընթացիկ՝ 2023 թվականին։
3-րդ երեխայի ծննդյան համար միանվագ նպաստը նախկինի պես մնում է 500 լարի, 4-րդ երեխայի համար՝ 800 լարի, 4-րդ երեխայից հետո յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար նպաստի չափն ավելանում է 300 լարիով։
2. Ախալքալաքի սոցիալական փաթեթի երկրորդ փոփոխությունը վերաբերում է միայնակ ծնողների բարձրագույն կրթությանը։ Միայնակ ծնողի կարգավիճակ ունեցող ուսանողը, եթե սովորում է վճարովի, կարող է հույս ունենալ քաղաքապետարանի կողմից դրամական օգնության՝ առանց տարիքային սահմանափակման։ Նախկինում այս օգնությունից կարող էին օգտվել մինչև 27 տարեկան միայնակ ծնողները։ Շահառուին տրվում է ուսման վարձի 50%-ի համաֆինանսավորումը։
Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոն հաստատեց Ախալքալաքի մունիցիպալիտետի 2024թ. բյուջեն: Սոցփաթեթի գումարը կազմում է 1 575 000 լարի։ 2023 թվականին այս գումարը կազմում էր 1 565 664,5 լարի։
Հարկ է նշել, որ մունիցիպալիտետի կողմից անզավակ ընտանիքների արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) համաֆինանսավորումը, ինչպես նաև մշտական կացության թույլտվություն ունեցող օտարերկրյա քաղաքացիների բժշկական ծառայությունների համաֆինանսավորումը, որոնք նախկինում քննարկվել էին Ախալքալաքի սակրեբուլոյում, հունվարի սկզբից ուժի մեջ չեն մտնելու։ Սակայն մունիցիպալիտետում սպասում են կենտրոնից համապատասխան որոշումների, որպեսզի դրանք ընդգրկեն սոցիալական ծրագրում։