Շամպայնը կամ փրփրուն գինին առողջության տեսանկյունից ամենաանբարենպաստ ըմպելիքներից են, եթե մարդը ենթաստամոքսային գեղձի խնդիր ունի, ապա ավելի լավ է հրաժարվել դրանից և նախապատվությունը տալ գինուն կամ թունդ ալկոհոլին, ՌԻԱ Նովոստիին ասել է բժիշկ-սննդաբան Տատյանա Զալետովան։
«Սառը գազավորված ալկոհոլն առողջության տեսանկյունից ամենաանբարենպաստ ըմպելիքն է, քանի որ գազավորումը ու սառնությունն հանգեցնում են մարսողական գեղձերի խողովակների սպազմի և, համապատասխանաբար, լեղու և ենթաստամոքսային գեղձի հյութի արտահոսքի վատթարացման՝ յուղոտ սննդի օգտագործման հետ մեկտեղ»,- ասել է նա։
Զալետովան բացատրել է, որ այդ պատճառով ամանորյա գիշերը բավականին հաճախ են հանդիպում ենթաստամոքսային գեղձի կամ լեղապարկի հետ կապված խնդիրները: Ուստի, եթե մարդն ունի այդ հիվանդությունները, ապա ավելի լավ է նախապատվությունը տա գինուն կամ թունդ ալկոհոլին, նշել է մասնագետը։
Ըստ նրա, ավելի լավ է ընտրել անգույն խմիչքներ և չոր գինիներ։ Սակայն խորհուրդ չի տրվում ալկոհոլը խառնել տարբեր քաղցր գազավորված ըմպելիքների կամ հյութերի հետ։ Բացի այդ, առավոտյան ալկոհոլ օգտագործելուց բացասական հետևանքներ չստանալու համար հարկավոր է երեկոյան ժամերին չփոխել ալկոհոլային խմիչքը, այլ նախապատվությունը տալ մեկին, պարզաբանել է փորձագետը։