Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները շնորհավորել են հայերին Սուրբ Ծնունդի կապակցությամբ

Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաները շնորհավորել են հայերին Սուրբ Ծնունդի կապակցությամբ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել են Հայ առաքելական եկեղեցու հավատացյալ ժողովրդին Սուրբ Ծննդի առթիվ՝ մաղթելով խաղաղություն և բարօրություն։

«Շնորհավորում եմ մեր հայ հայրենակիցներին և եղբայրական հայ ժողովրդին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության առթիվ: Թող այս օրը ուրախություն և երջանկություն բերի բոլորին, ովքեր հոգով և սրտով նշում են այս մեծ տոնը: Մաղթում եմ բոլորին խաղաղություն և բարգավաճում»,- գրել է Ղարիբաշվիլին:

Վրաստանի նախագահը ևս շնորհավորել է.

«Սրտանց շնորհավորում եմ Հայ առաքելական եկեղեցուն և նրա ծխականներին աշխարհի բոլոր անկյուններում, հատկապես Վրաստանում բնակվող մեր հայազգի համաքաղաքացիներին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոների կապակցությամբ»,- գրել է Զուրաբիշվիլին։

Հայ առաքելական եկեղեցին պահպանել է Սուրբ Ծնունդը հունվարի 6-ին նշելու վաղ քրիստոնեական ավանդույթը։ Այն նշվում է Տիրոջ Աստվածահայտնության հետ միասին և կոչվում է Աստվածահայտնություն։

Հունվարի 5-ի երեկոյան աշխարհի հայկական եկեղեցիներում մատուցվեց «Ճրագալույս» Սուրբ Պատարագը։
«Ճրագալույս»-ը խորհրդանշում է Բեթղեհեմի աստղի լույսը, որը մոգերին ցույց տվեց ճանապարհը դեպի մանուկ Քրիստոս։