Իտալիան առաջարկել է Եվրամիության բանակ ստեղծել

Իտալիան առաջարկել է Եվրամիության բանակ ստեղծել

Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին La Stampa-ին տված հարցազրույցում ասել է, որ Եվրամիությունը պետք է ստեղծի իր միասնական բանակը։ Նա ընդգծել է, որ իր ղեկավարած «Առաջ Իտալիա» կուսակցության համար առաջնահերթություն է եվրոպական երկրների միջև պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցությունը։

«Եթե մենք ուզում ենք խաղաղարար լինել աշխարհում, մեզ անհրաժեշտ են եվրոպական զինված ուժեր։ Եվ սա հիմնարար պայման է, որպեսզի կարողանանք արդյունավետ եվրոպական արտաքին քաղաքականություն վարել»,- ասել է Տայանին։

ԱԳՆ ղեկավարի խոսքով՝ աշխարհում ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի պես խոշոր խաղացողների և Մերձավոր Արևելքից մինչև Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջան ձգվող ճգնաժամերի պայմաններում Եվրոպայի քաղաքացիներին կարող է պաշտպանել միայն Եվրամիությունը։

ԵՄ-ն բազմիցս բարձրաձայնել է միասնական բանակ ստեղծելու հնարավորության մասին։ Այսպես, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը 2021 թվականին ասել է, որ Եվրամիությանն անհրաժեշտ է արագ արձագանքման միասնական ուժ։ Նա նաև խոսել է 2022 թվականի մայիսին՝ Ուկրաինայի տարածքում հակամարտության բռնկումից հետո սեփական զինված ուժեր ստեղծելու անհրաժեշտության մասին։

Tert.am