Վրաստանում բնակչության համընդհանուր մարդահամարը տեղի կունենա 2024 թվականի աշուն-ձմռանը

Վրաստանում բնակչության համընդհանուր մարդահամարը տեղի կունենա 2024 թվականի աշուն-ձմռանը

Վրաստանում բնակչության համընդհանուր մարդահամարը տեղի կունենա 2024 թվականի աշուն-ձմռանը և կիրականացվի նոր տեխնոլոգիաների օգնությամբ, հայտարարել է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության (Սակստատ) ղեկավար Գոգիտա Թոդրաձեն:

Վրաստանի համար սա կլինի երրորդ ընդհանուր մարդահամարը անկախությունից ի վեր։ Նախկինում մարդահամարը տեղի է ունեցել 2002 և 2014 թվականներին։

Թոդրաձեի խոսքով՝ մարդահամարը տեղի կունենա նոյեմբերի 14-ից դեկտեմբերի 19-ը, իսկ դրա արդյունքները հայտնի կդառնան 2025 թվականին։

«Այս պահին մենք քննարկում ենք, որ այս ժամանակահատվածում վատ եղանակի պատճառով հնարավոր է, որ ստիպված լինենք ավելի վաղ սկսել մարդահամարը բարձր լեռնային շրջաններում», – ասել է Թոդրաձեն:

Մարդահամարի հիմնական նորամուծությունը կլինի ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը։

«Առաջին տասնօրյակում մենք մարդահամար կանցկացնենք և նյութեր կհավաքենք ինքնագրանցման եղանակով, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր օգտատեր հնարավորություն կունենա մտնել մեր կայք և գրանցել հարցաշարով տրված տեղեկատվությունը, իսկ նրանք, ովքեր չեն գրանցվի, դա կանեն մեր վիճակագիրներն ու հաշվառողները», – ասել է Թոդրաձեն:

Վրաստանի օրենսդրության համաձայն՝ մարդահամարը պարտադիր է Վրաստանի բոլոր քաղաքացիների և երկրում բնակվող օտարերկրացիների, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց համար։ Մարդահամարին մասնակցելուց հրաժարվել հնարավոր չէ, և բոլոր հարցերին պատասխանողները պարտավոր են հավաստի տեղեկատվություն տրամադրել իրենց մասին։

Միակ մարդիկ, ովքեր չեն կարող մասնակցել մարդահամարին, դիվանագիտական ​​անձեռնմխելիություն ունեցող օտարերկրացիներն են կամ օտարերկրյա զինվորականները։