Ախալքալաքի կարտոֆիլը կրկին իրացման խնդրի առաջ է կանգնած

Ախալքալաքի կարտոֆիլը կրկին իրացման խնդրի առաջ է կանգնած

Ախալքալաքի շրջանի ֆերմերները կրկին բախվել են կարտոֆիլի իրացման խնդրին: Ֆերմերները պատճառը բացատրում են Ադրբեջանից խոշոր գնորդների բացակայությամբ։ Գյուղացիները վախենում են նախորդ տարվա իրավիճակի կրկնությունից, երբ կարտոֆիլը հայտնվեց աղբավայրում, սակայն նրանք ոչինչ անել չեն կարողանում։ Կարտոֆիլ գնողները մունիցիպալիտետի հեռավոր գյուղերը ընդհանրապես չեն գնում, իսկ քաղաքին մոտ գտնվող գյուղեր գնորդ-վերավաճառողները քիչ են գնում։ Օրական միայն մեկ վերավաճառող է գնում գյուղ ու գնում էժան գնով՝ 50-70 թեթրի։ Գրում է jnews.ge-ն:

Ալաստան գյուղից Սիմոն Մանանյանն ասում է, որ գյուղում կարտոֆիլը շատ է, իսկ գնորդներ չկան։

«Նոր տարուց առաջ մի անգամ եմ վաճառել ու վերջ, իսկ մյուս քաղաքներ տանողները դժվարությամբ են վաճառում ու շատ էժան»,- ասում է Սիմոն Մանանյանը։

Էխտիլա գյուղում նույնպես շատ կարտոֆիլ կա։ Արտավազդ Դարբինյանը նրանցից մեկն է, ով դեռ կարտոֆիլը չի վաճառել:

«Շատ հավանական է, որ մենք կհայտնվենք անցյալ տարվա վիճակում»,- ասում է Արտավազդ Դարբինյանը։

Նրա խոսքով, գյուղն ունի իրացվելիք մոտ 200 տոննա կարտոֆիլ։

Չամդուրա գյուղից Արմիկ Մուրադյանն ասում է, որ գնորդները գալիս են իրենց գյուղ, բայց էժան են գնում։

«Գնորդներ կան, բայց մեզ 60-70 թեթրի են տալիս, ինչը մեզ ձեռնտու չէ, ինձ վրա 50 թեթրի է նստել, բայց ուրիշ տարբերակ չկա, քիչ-քիչ վաճառում ենք: Աշնանն էի մի քիչ ծախել ու վերջ, բայց հիմա գնին չեմ նայում՝ ինչքան տալիս են, այդքանով էլ վաճառում եմ, միայն, թե գնեն»,- ասում է Արմիկ Մուրադյանը։

Մուրջախեթ գյուղից Ենոք Բաբաջանյանը նշում է, որ գինը չի փակում ծախսերը: Նա 5 հա կարտոֆիլ էր ցանել։

«Եթե գնորդներ գտնում ենք, վաճառում ենք: Պատճառն այն է, որ Ռուսաստանից և Բելառուսից շատ կարտոֆիլ է գնում Ադրբեջան, նախկինում ադրբեջանցիները հիմնականում մեզնից էին գնում: Աշնանն ադրբեջանցիները չկային, հիմա էլ չկան: Մեզնից գնում են 50 թեթրիով, բայց մեծ քաղաքների խանութներում կարտոֆիլը չի ​​էժանացել, արժե 1 լարի կամ ավելի: Վերավաճառողներն են շահում: Ես չեմ հասկանում իրավիճակի պատճառը: Ես դեռ 15 տոննա կարտոֆիլ ունեմ վաճառքի, օրական ընդամենը մեկ մեքենա է գալիս մեր գյուղ»,- ասում է Ենոք Բաբաջանյանը։

Միջին հաշվով կարտոֆիլի ինքնարժեքը, ըստ ֆերմերների, 45-48 թեթրի է։

Ենոք Բաբաջանյանը հաշվարկներ է արել, ըստ որի, 1 հա կարտոֆիլի վերամշակումը ֆերմերի վրա նստում է 5000 լարի, եթե նա տեխնիկա ունի, իսկ 8000 լարի՝ սեփական տեխնիկա չունենալու դեպքում։

Նույն իրավիճակն է նաեւ Դիլիսկա գյուղում: Հովհաննես Գաբրիելյանն ասում է, որ իրենց գյուղը մոտավորապես 6-7 հազար տոննա կարտոֆիլ ունի:

«Բելառուսից շատ կարտոֆիլ են բերում Ադրբեջան, ասում են՝ թեև մի քիչ թանկ է, բայց գեղեցիկ տեսք ունի և որակյալ է: Մենք վնասի մեջ ենք, չգիտենք՝ ինչ անենք»,- ասում է Հովհաննես Գաբրիելյանը։

Շատերը զրույցի ժամանակ մտավախություն են հայտնում, որ իրենք ստիպված կլինեն կարտոֆիլը աղբանոց նետել և ասում են, որ հետագայում կկրճատեն իրենց կարտոֆիլի ցանքատարածությունները կամ ընդհանրապես կդադարեն այն մշակել։