Վրաստանում սեզոնային վիրուսային հիվանդությունների պատճառով աճել է բժշկական հաստատություններ այցելությունների թիվը, հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունը։
Վերջին մի քանի շաբաթների ընթացքում վրացի բժիշկները խոսում են վիրուսային հիվանդությունների տարածման կտրուկ աճի մասին։ Նրանց խոսքերով, հիվանդանոցները գերբեռնված են, հատկապես մանկական բաժանմունքները։ Առողջապահության նախարարության ղեկավար Զուրաբ Ազարաշվիլին ասել է, որ ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունենում, և այս իրավիճակը բնորոշ է վիրուսային սեզոնին։
Հանրապետությունում հիմնականում շրջանառվում է գրիպի A տիպի վիրուսը։ Բարձր ջերմությունը, ուժեղ գլխացավն ու հոդացավը, արտահայտված թուլությունը հիմնական ախտանշաններն են, որոնք բնորոշ են այս վիրուսին։
«Բոլոր տեսակի գրիպի կլինիկական ընթացքը նման է, այն ունի սուր սկիզբ, բարձր ջերմություն, հնարավոր է ուղեկցվի հոդերի և մկանների ցավերով, հիվանդությունը տևում է հինգից յոթ օր, սակայն բարդությունների դեպքում այն կարող է տեւել մինչեւ երկու-երեք շաբաթ»,- ասել է վարակաբան Ալեքսանդր Գոգինավան:
Հատկապես զգույշ պետք է լինեն մարդիկ, ովքեր ռիսկային խմբի մաս են կազմում: Վարակաբանը բոլորին հորդորել է պահպանել հիգիենիկ նորմերը և հաճախակի օդափոխել տարածքը։
«Վերջին երկու շաբաթվա ընթացքում շրջանառությունն աճել է: Հարկ է նշել, որ ավելի շատ են հայտնվում ռիսկային խմբում գտնվող մարդիկ՝ դրանք տարեցներ և քրոնիկական հիվանդություններ ունեցող այլ քաղաքացիներ են», – ասել է պրոֆեսոր Մակա Բուլեիշվիլին:
Ավելի վաղ Վրաստանի նախկին գլխավոր համաճարակաբան Ամիրան Գամկրելիձեն հայտարարել էր, որ երկրում տիրող համաճարակաբանական իրավիճակի հետ կապված խուճապի մատնվելու պատճառ չկա, սակայն իրավիճակը պահանջում է ուշադրություն։
Այս պահին դեպքերի մեծ մասը գրիպի վիրուսով է պայմանավորված, սակայն ուշադրություն է պահանջում նաև շնչառական սինցիցիալ վիրուսը։ Այս սեզոնին կան նաև ադենովիրուսներ և ռինովիրուսներ, որոնք միշտ շրջանառվում են այս շրջանում։
Գլխավոր խորհուրը – մարմնի ջերմաստիճանի վերահսկում, մեծ քանակությամբ հեղուկի օգտագործում և բարդությունների ժամանակ բժշկի ուղղորդում: