«Վրացական երազանքի» հետ առնչություն ունեցող անձանց ապօրինի շինարարությունները Բակուրիանիում

«Վրացական երազանքի» հետ առնչություն ունեցող անձանց ապօրինի շինարարությունները Բակուրիանիում

Բակուրիանիում «Վրացական երազանք»-ի հետ առնչություն ունեցող Բեսիկ Փիլաուրիի եղբոր ընկերությունը 2018 թվականին ապօրինի կառուցված քոթեջների համար տուգանվել է 4 տարի անց։ «Երազանք»-ին նվիրաբերող՝ «Թրիալեթի» եւ «Մծվանե Վելի» ընկերությունները նույնպես նախ սկսել են անտառի առաջին շերտում շինարարությունը, նոր՝ թույլտվություն ստացել։ Ախալցիխեի շրջանային դատարանը քննում է Բակուրիանիում ապօրինի շինարարության համար տուգանված տասնյակ մարդկանց գործերը։ Շինարարություններն այնքան մասշտաբային են, որ նրանց համար, նույնիսկ տուգանք վճարելը խնդիր չէ։

Այս մասին գրում է «Հարավային դարպասը»

«Փիլա» ՍՊԸ-ն նրանցից մեկն է, որի գործը քննել է Ախալցիխեի շրջանային դատարանը, ներկայումս կողմերը սպասում են դատավորի որոշմանը։Ինչպես պարզեցինք, ընկերությունը 2018 թվականին հանգստավայրում ապօրինի քոթեջներ է կառուցել, ապա վաճառել։ 2022 թվականին՝ քոթեջների կառուցումից գրեթե չորս տարի անց, Բորջոմիի քաղաքապետարանը տուգանեց նշված ՍՊԸ-ին և պահանջեց ապամոնտաժել շենքերը։

«Փիլա» ՍՊԸ-ի սեփականատերը Բեսիկ Փիլաուրիան է, ով 2017-2020 թվականներին զբաղեցրել է «Վրաստանի միացյալ ջրամատակարարման ընկերության» Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավարի պաշտոնը։Հատկանշական է նաև, որ Փիլաուրին ներկայումս Բակուրիանի զարգացման գործակալության մաքրման ծառայության ղեկավարն է [այս մասին նա ինքը հաստատեց մեզ]։

«Փիլա» ՍՊԸ-ն իր անօրինական աշխատանքները սկսել է Բեսիկ Փիլաուրիի պաշտոնում նշանակվելուց մեկ տարի անց, թեև այս ժամանակահատվածում (2017-2021) ընկերությունը պատկանում էր նրա եղբորը՝ Միխայիլ Փիլաուրիին։

Բեսիկ Փիլաուրին հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում 2022 թվականի հունվարին, երբ դեմ ելավ Բակուրիանիում անտառը վարչապետի կնոջը փոխանցելու համար բողոքի ելած «Ազգային շարժման» պատգամավորներին և բանավոր բռնության ենթարկեց լրագրողներին։

Բորջոմիի քաղաքապետարանը սկսել է տուգանքներ կիրառել այն բանից հետո, երբ «Փիլա» ՍՊԸ-ն քոթեջներ կառուցեց ու վաճառեց։

«Բակուրյան զարգացման գործակալության» իրավաբանի խոսքով՝ «Փիլա» ՍՊԸ-ն տուգանվել է, քանի որ, չնայած հանձնարարականին, ընկերությունը օրենքով նախատեսված փաստաթղթերը չի ներկայացրել Բորջոմիի քաղաքապետարան՝ շինարարության թույլտվություն ստանալու համար։ Այս մասին դատավարությանը հայտնել է «Բակուրյան զարգացման գործակալության» ներկայացուցիչը։ Գործակալությունը ստեղծվել է Բակուրիանիում մեկ տարի առաջ, և ներկայումս հենց այս գործակալությունն է վերահսկում շինարարությունը։

«Գործի քննարկման համար ընկերության ներկայացուցիչը հրավիրվել է քաղաքապետարան, սակայն չի ներկայացել։ Ելնելով այն հանգամանքից, որ ՍՊԸ-ն չի ուղղել խախտումը, քաղաքապետարանը որոշում է կայացրել տուգանել և ապամոնտաժել ապօրինի կառուցված շինությունը»,- 2023 թվականի դեկտեմբերին կայացած դատավարության ժամանակ ասաց գործակալության ներկայացուցիչը։

Դիդվելիի տարածքում «Փիլա» ՍՊԸ-ի կառուցած քոթեջներն այս պահին այլ սեփականատերեր ունեն։ Ընկերության փաստաբան Ալեքսանդր Պապաշվիլիի խոսքով, իր համար անհասկանալի է, թե ինչու են տուգանում մինչև 2019 թվականը իրականացված շինարարությունը, մինչդեռ դրա վաղեմության ժամկետը նույնպես անցել է։

«Մենք կարծում ենք, որ օրենքը չենք խախտել, քանի որ շինարարությունն իրականացվել է նախքան 2019 թվականը։ «Փիլա» ՍՊԸ-ի կողմից կառուցված 10 քոթեջները 2018 թվականի հոկտեմբերի 17-ին ստացել են սեփականության կարգավիճակ և գրանցվել պետության կողմից։ Բորջոմիի քաղաքապետարանը միայն 2022 թվականի՞ն է հիշել, որ իմ պաշտպանյալները ապօրինի շինարարություն ունեն իրականացրած»,- ասել է Պապաշվիլին դատավարության ժամանակ։

Քոթեջ ձեռք բերած քաղաքացիները հայտարարում են, որ գույք գնելիս, ըստ հանրային ռեգիստրի քաղվածքի, խնդիր չի առաջացել։ Այս գործոնը դատարանը պետք է հաշվի առնի.

«Երբ գնեցի այս բնակարանը, հանրային ռեգիստրում ամեն ինչ կարգին էր, ոչ ոք չէր նշել, որ նման խնդիր կարող է առաջանալ, ես տունը ստուգեցի, որ նույնիսկ բուխարիը վառված լինի, հեռուստացույցը միացված։ Որտե՞ղ էր այդ ժամանակ վերահսկողությունը, երբ շինարարությունն ավարտվեց, բոլոր փուլերն անցան, գրանցվեցին, ամեն ինչ վաճառվեց։ Տարիներ հետո ի՞նչ խնդրի առաջ ենք կանգնելու»,- ասաց տուժածներից մեկը։

Այս փուլում հայտնի չէ, թե ինչ որոշում կկայացնի Ախալցիխեի շրջանային դատարանը։

«Հարավային Դարպաս»-ն տուգանքների հարցի վերաբերյալ կապ հաստատեց երկու եղբայրների հետ, սակայն նրանք հրաժարվեցին մեկնաբանել։

«Բոբոլինոներ»

Փիլաուրի եղբայրների նման, Բակուրիանիում ապօրինի շինարարություն է իրականացրել նաև Լաշա Գոգոլաձեն, ով առնչություն ունի «Վրացական երազանքի» հետ։

Ընկերության տնօրեն Լաշա Գոգոլաձեն և նրա եղբայր Գիորգի Գոգոլաձեն Բակուրիանիում հայտնի են «Բոբոլինոնոեր» անունով։ 2015 թվականին եղբայրներից մեկը՝ Լաշա Գոգոլաձեն, հիմնադրել է ընկերություն, այս անունով՝ «Բոբոլինո» ՍՊԸ։

Հանրային ռեգիստրում գրանցված գույքի համաձայն՝ եղբայրները Բակուրիանիում ունեն մոտավորապես 10 հեկտար հողատարածք։ Անտառի առաջին շերտում Լաշա Գոգոլաձեի ընկերությունները կառուցել են ավելի քան 15 հյուրանոց կամ բազմաբնակարան շենք։Բացի վերը նշվածից, շենքերի մի մասը գտնվում են հանգստավայրի հեղինակավոր վայրերից մեկում՝ Աղմաշենեբելիի և Ծաքաձեի փողոցներում։ Լաշա Գոգոլաձեն նաև Բակուրիանիում այսպես կոչված 25-ականների ճոպանուղիի սեփականատերն է։

Անտառի առաջին շերտում հողատարածքներ ունեցող խոշոր ընկերություններից մեկը Լաշա Գոգոլաձեի «Արկտուրի» ՍՊԸ- ն է։

«Արկտուրի» ՍՊԸ-ն ունի 5 դուստր ընկերություն, որոնք իր նման գնում են հողատարածքներ, շինարարություն սկսում, ապա վաճառում բնակարանները։

Լաշա Գոգոլաձեն «Արկտուրի» ՍՊԸ-ն գնել է 2016 թվականի ապրիլին։ Գիորգի (Գոգի) Թոփաձեն նշված ընկերությունում (մինչ վերակազմավորումը) ուներ 45% բաժնեմաս։Նա եղել է «Վրացական երազանքի» պատգամավոր ութերորդ գումարման խորհրդարանում, ով նշված կուսակցության հաշվեհամարին տարբեր ժամանակներում մուտքագրել է 180.000 լարի։

Հատկանշական է, որ Գոգի Թոփաձեի (15%) «Քարթու Յունիվերսալ» ՍՊԸ-ի դուստր ձեռնարկության՝«Թրիալեթի +» ՍՊԸ-ի տնօրենը Լաշա Գոգոլաձեն է։ Լաշա Գոգոլաձեի մեկ այլ բիզնես գործընկեր Գիորգի Ազարիաշվիլին, որի հետ նա կիսում է «Գարեջի 2022» ՍՊԸ-ի 50% բաժնեմասը, 15 000 լարի է նվիրաբերել «Վրացական երազանք»-ին։

Լաշա Գոգոլաձեն ընդհանուր առմամբ բաժնետոմսեր ունի 12 տարբեր ընկերություններում: 2023 թվականի հոկտեմբերի 6-ին նա 60.000 լարի է նվիրաբերել իշխող կուսակցությանը [Վրացական երազանքին]։ Մինչ այդ նրա ընկերություններից մեկը՝ «Մծվանե Վելի 22» ՍՊԸ-ն հանգստավայրում ապօրինի աշխատանքներ է իրականացրել։ Նա ընկերությունը հիմնադրել է 2022 թվականին և հանդիսանում է բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը։

Բորջոմիի քաղաքապետարանը ապօրինի շինարարության համար տուգանել է Գոգոլաձեի երկու «Մծվանե վելի» և «Թրիալեթի» ՍՊԸ-ներին։

Փաստաբան Նաթելա Գոգոլաձեն հաստատում է փաստը, սակայն նշում է, որ իրենց ընկերությունները տուգանվել են ոչ թե շինարարության, այլ շինարարություն սկսելու համար հողը փորելու համար։

«Մծվանե Վելի»-ն «Արքտուրի» ՍՊԸ-ի դուստր ընկերությունն է: Ինչ վերաբերում է տուգանքին, ապա դա մեր մեղքն էր։ Քանի որ Բակուրիանին բերձրլեռնային տարածք է և այստեղ ձմեռը շատ շուտ է սկսվում, աշխատանքները սսեցինք թույլտվություն ստանալուց մեկ ամիս առաջ։ Հիմնականում հողային աշխատանքներ էին, և մեզ օրենքով սահմաններում տուգանեցին»,- ասում է Նաթելա Գոգոլաձեն։

Նաթելա Գոգոլաձեի խոսքով՝ այս փուլում ընկերությունը լուծել է բոլոր խնդիրները։ «Մծվանե Վելի» ՍՊԸ-ում գտնվող երեք բազմաբնակարան բնակելի տների համար շինարարության թույլտվությունները ստացել են 2022 թվականի հոկտեմբերին, նոյեմբերին և 2023 թվականի սկզբին։

Ինչ վերաբերում է տուգանքին, ապա նրանք բողոքարկել են Բորջոմիի քաղաքապետարանում, սակայն թույլտվությունը ստանալուց հետո վեճը չեն շարունակել․

«Տուգանքի վերաբերյալ ես վարչական բողոք էի պատրաստել, որը հետո ներկայացրել էի Բորջոմիի քաղաքապետարան, բայց այնպես ստացվեց, որ էկոնոմիկայի նախարարության հետ թույլտվությունը համաձայնեցվեց, ինչի համար գրություններ էլ կան,հետո
Հանրային իրավունքի իրավաբանական անձը նույնպես թույլտվություն տվեց, ուստի ես այս գործը դադարեցրի»։

«Քաղաքային ծառայությունների զարգացման գործակալության» կայքում հրապարակված փաստաթղթում կարդում ենք, որ երեք շենքերից միայն մեկի համար ունեն շինարարության թույլտվություն, որը հաստատվել է 2023 թվականի հունվարի 24-ին։ Մնացած երկուսի դեպքում վերբեռնված է միայն «էսքիզային նախնական համաձայնագրի փաստաթուղթը»։ Համաձայն նշված կայքի՝ շինարարության թույլտվություններ չի տրվել։ (Մեկ շենքի էսքիզը վերբեռնվել է 2022 թվականի հունիսի 22-ին, իսկ երկրորդը՝ նույն թվականի օգոստոսի 22-ին)։

Հատկանշական է նաև այն փաստը, որ 2022 թվականի նոյեմբերի 22-ին ընկերությունն արդեն հետաքրքրվածներին առաջարկել է բնակարան գնել «Մծվանե Վելիի տարբերվող բնակավայր»- ում։ Տեքստի հետ կա նաև գրեթե ավարտված շինարարությունը ցուցադրող տեսանյութ։

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիաի իրավաբան Քեթի Բեբիաշվիլիի խոսքով, ընկերությունն իրավունք չուներ շինարարություն սկսել միայն էսքիզի հիման վրա։

«Թրիալեթի» ՍՊԸ

Մինչ թույլտվություն ստանալը շինարարական աշխատանքները սկսել է նաև Լաշա Գոգոլաձեի մեկ այլ ընկերություն՝ «Թրիալեթի» ՍՊԸ-ն։


«Այո, նման մեկ դեպք ևս ունեինք, դա Թրիալեթիի հետ էր կապված, խոսքը նախկինում Թոփաձեին պատկանող ունեցվածքի մասին է։ Այստեղ նույնպես վճարել ենք տուգանքը, հետո շարունակել ենք շինարարությունը։ Մինչև թույլտվություն ստանալը մենք դադարեցրել էինք աշխատանքները, այստեղ նույնպես միայն հողային աշխատանքներ են եղել»,- պնդում է Նաթելա Գոգոլաձեն։

Նա ինքն է մեզ մոտ հաստատում, որ Բակուրիանիի զարգացման գործակալությունը և Բորջոմիի քաղաքապետարանը չեն ուշացնում շինարարության թույլտվությունները և ժամանակին տալիս են։

Ինչ վերաբերում է Լաշա Գոգոլաձեի կողմից «Վրացական երազանքին» գումար նվիրաբերելուն, ապա նա ասում է, որ դա իրենց արտոնություն չի տալիս։

Բակուրիանիի բնակիչներն ասում են, որ վերջին ժամանակահատվածում, ակտիվացած շինարարությունների պատճառով հանգստավայրը կորցրել է իր տեսքը։ Այդուհանդերձ, նրանք չեն ցանկանում հրապարակավ խոսել ապօրինի շինությունների մասին։

«Ինձ դուր չի գալիս,երբ շինություններն այսքան շատ են, ոչ հնձի դաշտ են թողել, ոչ անտառ։ Ժամանակին, երբ հողը բաժանում էին, ինձ չեն տվել։ Այստեղ կառուցողները թբիլիսցիներ են և խորհրդարանի անդամներ։ Կկառուցեն,բա ինչ կանեն, նրանց ի՞նչը կխանգարի»,- մեզ հետ զրույցում ասաց տեղի բնակիչներից մեկը։

Անտառում սկսված շինարարությունները դուր չեն գալիս նաև տեղացի Լիանա Գվարամաձեին. «Երբ 1991 թվականին տեղափոխվեցի այս տարածք, ընդամենը երեք տուն կար։ Տարիներ շարունակ այցելող հանգստացողներն ասում են, որ Բակուրիանին կորցրել է իր տեսքը»,- ասում է նա։

Հանգստավայրում ապօրինի շինությունների և տրված թույլտվությունների մասին տեղեկություն խնդրեցինք Բորջոմիի քաղաքապետարանից և Բակուրիանիի զարգացման գործակալությունից, սակայն ապարդյուն։ Քաղաքապետարանը մեզ հրապարակային տեղեկատվություն չտրամադրեց, իսկ գործակալությունը տրամադրեց միայն վիճակագրություն։ Երկու դեպքերի առնչությամբ էլ «Հարավային Դարպաս»-ը բողոք է ներկայացրել Բորջոմիի քաղաքապետարան։


Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի փաստաբան Քեթի Բեբիաշվիլիի խոսքով՝ Բորջոմիի քաղաքապետարանը խախտել է հանրային տեղեկատվության տրամադրման կանոնը։ Ըստ նրա՝ տեղեկատվության կոծկումը կարող է վկայել որոշ կոռուպցիոն գործարքների մասին։

«Երբ պետական հիմնարկն այսքանը ծածկում է ու չի բացահայտում այն տեղեկությունը, որը պետք է լինի հրապարակային, բնականաբար հարցեր են ծագում։ Որքանո՞վ է ճիշտ աշխատում վերահսկողական ընկերությունը և հենց քաղաքապետարանը, թույլտվությունների տրամադրման գործընթացում։Արդյո՞ք մեծ թվով շինարարությունների ֆոնին ինչ-որ կոռուպցիոն գործարքներ չեն կատարվում։ Լավ կլիներ, որ այս գործունեության՝ շինթույլտվության տրամադրման և վերահսկման մասով շահագրգռված լինեին համապատասխան մարմինները»,- ասաց Քեթի Բեբիշվիլին։

Բակուրիանի զարգացման գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ մեկ տարվա ընթացքում հանգստավայրում հայտնաբերվել է 117 շինարարական խախտում, որից 45-ը տուգանվել է։ 19 դեպքում քաղաքացին բողոքարկել է նշանակված տուգանքը։

Շինարարների ասոցիացիայի նախկին նախագահ և ճարտարապետ Իրակլի Ռոստոմաշվիլիի խոսքով, Բակուրիանիում քաոսային շինարարության պատասխանատվությունը տեղական իշխանության հետ կրում են նաև, քաղաքացիները, դատավորները և ճարտարապետները: Խնդիրը պետք է լուծվի համալիր ճանապարհով։

«Ժամանակին Բակուրիանիում բազմաթիվ սխալներ են թույլ տրվել, ամեն մեկը այնտեղ կառուցել է ինչ ուզել է,և ինչպես ուզել է։ Հենց դա էլ առաջացրել է այն խնդիրը, որ հանգստավայրում միշտ խցանումներ են լինում։ Կարծում եմ, որ իրավիճակը մի փոքր քաոսային է։ Ներկա և նախորդ իշխանություններն իրար են մեղադրում։ Այսինքն՝ դա բարդ խնդիր է, և այդ խնդիրը կոչվում է վրացիների մտածելակերպ՝ անազնիվ քաղաքապետ, անազնիվ դատավոր, անազնիվ շինարար, հարևաններ, ովքեր փող են վերցնում, հետո լռում»,- ասում է Իրակլի Ռոստոմաշվիլին։

Հանգստավայրում առկա խնդիրների մասին քաղաքագետ Իրակլի Ժվանիան գրել էր դեռ 2019թվականին՝․ «Բակուրիանին այս չմտածված շինություններով հասել է պայթելու եզրին։Նրա շուրջը գտնվող գյուղերը ՝

 Միտարբին, Ցիխիսջվարին, Անդեսիթին, Տբան, Լիբանին, Ցեմին և Ծաղվերին անուշադրության են մատնվել։ 

Բակուրիանիին այս կերպ ծանրանբեռնելու փոխարեն ավելի լավ կլիներ բեռը բաշխել այս գյուղերի վրա և կառուցել պատշաճ հասարակական տրանսպորտի համակարգ, արդիականացված «Կուկուշկայով», ավտոբուսներով, «Շատլերով», կառքերով… Բայց մենք չենք սիրում մտածել, առաջ նայել, պլանավորել և անհանգստանալ ապագայի համար: Այսօր ենք ուզում ամեն ինչ և միայն մեզ համար։ Դե, պարոն,ահա շուկան էլ կարգավորեց»։

«Ազգային շարժման» անդամ Լաշա Փարուլավան Բակուրիանիում քաոսային շինարարության մեջ մեղադրում է իշխանություններին․

«Այս զբոսաշրջային ավանը պատկերացում չունի, թե ինչպիսի ավան պետք է լինի և զբոսաշրջության տեսանկյունից ինչպես պետք է ծառայի այնտեղ ժամանող այցելուներին։ Կառավարության առաջին պաշտոնյաները նման պլանի ու տեսլականի վրա չեն աշխատում։ Նրանց հետաքրքրում է միայն անձնական հարմարավետությունը։ Դուք չեք կարող արդարության հասնել դատարանի միջոցով, քանի որ ամբողջ դատարանը գտնվում է Մուրուսիձեի ձեռքում, իսկ Մուրուսիձեն՝ Բիձինա Իվանիշվիլիի ձեռքում»,- ասել է Փարուլավան։

Տեղեկության համար՝ են 2020 թվականի փետրվարի 28-ին Բորջոմիի քաղաքապետը, Լևան Լիպարտիան և Սակրեբուլոյի նախագահ Գիորգի Գոգիչաիշվիլին ձերբակալվել են Բակուրիանիում կաշառքի դիմաց շինարարության թույլտվություն տրամադրելու և պաշտպանություն ցուցաբերելու համար։

Հետաքննությունը պարզել է, որ Բորջոմիի քաղաքապետարանի խորհրդի նախագահը 200.000 լարի է պահանջել որպես կաշառք ձեռներեցից՝ խորհրդի նիստին զարգացման կարգավորման ծրագիրը ներկայացնելու և շինարարության թույլտվություն տալու դիմաց, որից նախապես վերցրել է 20.000 լարի։

Լեւան Լիպարտիան նույն ձեռներեցից ապօրինի շինությունների համար պաշտպանություն ցուցաբերելու դիմաց, պահանջել է 10 500 լարի, որից ստացել է 8 000 լարին։

Թբիլիսիի քաղաքային դատարանը նրանցից երկուսին դատապարտել է 7-7 տարվա ազատազրկման, որից երկու տարին նրանք կանցկացնեն բանտում, իսկ հինգ տարին՝ պայմանական։ Երկուսին էլ պարտավորեցրել են վճարել 5 000 լարի տուգանք։ Սակայն նախկին քաղաքապետը մի քանի ամիս առաջ լքել է բանտը։

Հարկ է նշել այն փաստը, որ այդ ընթացքում Լևան Լիպարտիայի առաջին տեղակալը եղել է Սակրեբուլոյի ներկայիս նախագահ Դավիթ Զաալիշվիլին, իսկ Գոգիչաիշվիլիի պատգամավորը՝ Բորջոմիի ներկայիս քաղաքապետ Օթար Արբոլիշվիլին։

Տուգանքներ


Փաստաբան Ալեքսանդր Պապաշվիլին Բակուրիանիում տուգանվածների շահերը դատարանում պաշտպանողներից մեկն է։

Նրա խոսքով, վերջին շրջանում ավելացել են ապօրինի շինությունների համար տուգանքների փաստերը.

«Այն ժամանակ Բորջոմիի քաղաքապետարանը չի կարողացել պատշաճ կերպով վերահսկել ապօրինի շինությունները։ Օրենքի խստացումից հետո սկսել են տուգանել նաև այն անձանց, ովքեր ապօրինի աշխատանք են կատարել մինչև 2019 թվականը»,- ասում է Ալեքսանդր Պապաշվիլին։

Փաստաբանի հետ համամիտ է, նաև «Բակուրյան զարգացման գործակալության» ղեկավար Եկատերինե Օրջոնիկիձեն,ով մեզ հետ զրույցում հաստատում է, որ Բորջոմիի քաղաքապետարանը պատշաճ կերպով չի արձագանքել հանգստավայրում տեղի ունեցող ապօրինի շինարարական աշխատանքներին.

«Հանրային իրավունքի իրավաբանական անձի ստեղծման նպատակն էր սահմանափակել քաոսային զարգացումը հանգստավայրում: Ասեմ, որ արդյունքը չուշացավ։ «Բակուրյան զարգացման գործակալությունը» իր ամբողջական աշխատանքը սկսել է անցյալ տարվա հունիսին, և այս ընթացքում հայտնաբերել ենք 117-120 խախտում։ Նրանցից 45 հոգի տուգանվել են։Բորջոմիի քաղաքապետարանի վերահսկողական ծառայությունը, հաշվի առնելով հեռավորությունը (Բորջոմից մինչև Բակուրիանի հասնելը տևում է 30-40 րոպե), չէր կարողանա կառավարել և վերահսկել այդ շինարարությունները»։

Օրջոնիկիձեի նման, Բորջոմիի քաղաքապետ Օթար Արբոլիշվիլին նույնպես հաստատում է, որ քաղաքապետարանը չի կարող պատշաճ վերահսկողություն իրականացնել ապօրինի շինությունների նկատմամբ։

«Խնդիրն իսկապես լուրջ էր։ Մենք մի շարք տուգանք արձանագրություններ ենք կազմել։ Կար ժամանակ, երբ քաղաքապետարանը չէր կարողանում պատշաճ կերպով իրականացնել հսկողությունը, բայց վերջին շրջանում մենք ակտիվացանք և առանց կողմնակալության ու առանց արտոնությունների տուգանում ենք օրենքը խախտողներին։ Բնակչությունը ենթարկվել է բավականին խոշոր տուգանքների… քանի որ պետությունը բարի կամք ունի և ապամոնտաժում չի իրականացնում, դրա համար էլ օրենսդրական մակարդակով համաներում ընդունվեց»,-ասաց Բորջոմիի քաղաքապետ Օթար Արբոլիշվիլին։

Աճուրդ վարչապետի կնոջ համար

2021 թվականին Պետական գույքի ազգային գործակալությունը աճուրդով, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կնոջը՝ Նունու Թամազաշվիլիին, 49 տարով հանձնել է 5958 քմ ունեցող անտառային տարածքը։ Կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ աճուրդի ժամանակ հետաքրքրություն է հայտնել միայն Նունու Թամազաշվիլին։


«Հաղթող անձը անտառային տարածքն պետք է օգտագործի առողջարանային, հանգստի, սպորտային և այլ մշակութային և առողջապահական նպատակներով՝ զբոսաշրջային ենթակառուցվածքների (ժամանակավոր տիպի տաղավար) կազմակերպման համար: Զբոսաշրջային երթուղու և համապատասխան ենթակառուցվածքի կազմակերպման շրջանակներում թույլատրվում է տեղադրել Բակուրիանիի գլխավոր հատակագծին համապատասխան թեթև շինարարության հետիոտնային արահետներ և փոքր տաղավարներ»,- գրված է վարձակալության պայմանագրի պայմաններում։

Վարչապետի կինն ամեն տարի որպես վարձավճար վճարում է 6 255 լարի։

Նույն էջում կարդում ենք, որ «օգտատերը պարտավոր է անտառից երկարաժամկետ օգտագործման իրավունք ստանալուց հետո մեկ տարվա ընթացքում մշակել և անտառօգտագործման պլան ներկայացնել անտառի կառավարման մարմնին։ Անտառօգտագործողին չի թույլատրվում գործունեություն իրականացնել առանց անտառօգտագործման պլանը անտառտնտեսության մարմնի հետ համաձայնության:

Անտառի հանձնումից 2 տարի անց մենք հետաքրքրվեցինք, թե Նունու Թամազաշվիլին արդյո՞ք կատարում է պայմանագրով նախատեսված պայմանները, սակայն մեզ չհաջողվեց պարզել, քանի որ անվտանգությունը թույլ չէր տալիս մտնել տարածք և նկարել։

Սակայն աճուրդի պայմաններում գրված է, որ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության պահանջի համաձայն՝ օգտագործումը պետք է իրականացվի առանց ցանկապատման։

«Տեսեք, որ ոչինչ չի արվել, շինարարական աշխատանքներ չեն ընթանում, հեռացեք տարածքից»,- ասաց անվտանգության աշխատակիցը, ով մեզ չբացահայտեց իր ինքնությունը։

Աճուրդով սահմանված պայմանների կատարման հետ կապված հարցեր ենք ուղղել նաև Ազգային անտառտնտեսության գործակալությանը, սակայն գրավոր պահանջվող տեղեկատվության պատասխանը մեզ չեն տրամադրում։

Նշված հարցի պատասխանը չկարողացանք ստանալ նաև Բակուրիանի զարգացման գործակալության ղեկավար Եկատերինե Օրջոնիկիձեից։

Ղարիբաշվիլի-Թամազաշվիլիներ և նրա ընտանիքի անդամների կողմից Բակուրիանիում հողերի գնումն ու սեփականացումը դրանով չի ավարտվել։ 2023 թվականի հուլիսի 10-ին վարչապետի զոքանչը՝ Մայա Պապիաշվիլին, դստեր [Նունու Թամազաշվիլիի] տնից և անտառային տարածքից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա 930 քմ հողատարածք է գնել։ Հետաքրքիր է, թե ինչպե՞ս է թոշակառու զոքանչը կարողացել ձեռք բերել բավականին թանկ պարագծի վրա գտնվող հիշյալ տարածքը, այս ամենը մեզ անհայտ է։

Տեղեկության համար՝ 2021 թվականի հունվարի 28-ին «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչներ Լևան Խաբեիշվիլին և Գիորգի Բոտկովելին Բորջոմիի քաղաքային խորհրդի պատգամավորներին խնդրել են ստորագրել հայտարարություն, ըստ որի՝ պահանջում են բռնագրավել Իրակլի Ղարիբաշվիլիի կնոջ վարձակալած հողատարածքը։ Հենց դրա պատճառով է, որ նույն օրը կայացած քաղխորհրդի նիստում իշխող թիմի ու ընդդիմության հակասությանը հաջորդեց նշված փաստը՝ «Վրացական երազանքի» պատգամավորները չստորագրեցին փաստաթուղթը։ Բորջոմիի քաղաքապետ Օթար Արբոլիշվիլին ընդդիմության արարքը գնահատել է որպես սադրանք և ասել, որ վիճելու բան չկա, քանի որ հողը օրինական ճանապարհով է տրվել Նունու Թամազաշվիլիին։

«Միացյալ ազգային շարժման» անդամները կարծում են, որ Ղարիբաշվիլին և նրա ընտանիքի անդամները փորձում են քաղաքական ազդեցությամբ և իրենց հարմարեցված պայմաններով ,անօրինական կերպով գրանցել հողեր և անտառներ։

«Անտառի մի մասը Նունուկա Թամազաշվիլիին փոխանցելուց հետո, մենք գրավոր դիմել ենք Պետական գույքի ազգային գործակալություն՝ նշված գործարքների և բոլոր գործողությունների հետ կապված տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով, սակայն գործակալությունը մեզ չի տրամադրել կարևոր իրեղեն ապացույցները, որոնք թույլ կտային մեզ բողոքարկել դատարանի միջոցով։ Սա Իրակլի Ղարիբաշվիլիի հերթական դասական օրինակն է, որ օգտագործում է իր իշխանությունը անձնական բարեկեցությունն ապահովելու համար։ Կոնկրետ այս անտառային զանգվածը, որը գրանցել է Նունուկա Թամազաշվիլին, գտնվում է նրա սեփականությանը կից, այսինքն՝ հողամասը ամրացվել է, այսպես ասած՝ գույքի կառավարման գործակալությունը հանել է ու առանց օրենսդրական պահանջների տնօրինեցրել։ Վարձակալության տարին և գրավոր պարտավորությունները շատ հարցեր են առաջացնում, և հետաքրքիր կլիներ, թե ինչ կասի դատարանը, դրա համար մենք ցանկացանք վարչական բողոք ներկայացնել, թեև Գույքի կառավարման ազգային գործակալությունը մեզանից թաքցրեց այդ տեղեկատվությունը»,- ասում է Ազգային ժողովի պատգամավոր Լաշա Փարուլավան։

Շինարարական համաներում- նախընտրական հաշվարկ կամ խնդրի լուծման միջոց

Կառավարությունը շինարարության համաներման մասին առաջին անգամ սկսել է խոսել 2023 թվականի նոյեմբերի 20-ին։

Ինչպես հայտարարել է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն, համաներումը կտարածվի մինչև 2024 թվականի հունվարի 1-ը՝ անհատի սեփականություն հանդիսացող հողատարածքում առանց թույլտվության կառուցված առանձին շենքերի և շինությունների վրա։

«Բոլորը գիտեն, որ Վրաստանում զանգվածաբար կառուցվում են անհատական բնակելի տներ, որոնց համար շինարարության թույլտվություն չի տրվել կամ շինարարական փաստաթղթեր չկան… Նման տներում ապրողներն այլևս կարիք չեն ունենա օրինականացման բարդ ընթացակարգի անցնելու և չեն ունենա տուգանքի կամ ապամոնտաժման վտանգ, նրանք լիովին կօգտվեն սեփականության իրավունքից, ինչը կլինի սահմանադրությամբ նախատեսված սեփականության իրավունքի իրագործման ևս մեկ վառ ապացույց։ Այս նախաձեռնությունը ոչ միայն համաներում է, այլեւ անդրադառնում է ապօրինի շինությունների խնդրին։ Հուսով ենք, որ այս խնդրի վերացումից հետո ապօրինի շինությունների հետ կապված բոլոր դժվարությունները կվերջանան, և 2024 թվականի հունվարի 1-ից Վրաստանում ցանկացած անհատական տուն կկառուցվի օրինական ճանապարհով»,- ասել է Ռատի Բրեգաձեն։

«Ազգային շարժման» անդամ Լաշա Փարուլավան նշված նախաձեռնությունն անվանում է «ընտրությունների համար մեքենա են աշխատեցնում»։

«Այն մարդկանց, ում պետությունը միանշանակ արդարացիորեն մեղադրում է, կօգտագործեն 2024 թվականին նշանակված ընտրություններում։ Նրանք ամեն ինչ անում են, որ վարչական ռեսուրսի ուժը, որն ունի ՏԻՄ-ը, լինի իրենց ընտրական խնայատուփի մեջ։ Մենք ակնհայտորեն կիսում ենք այդ տեղեկատվությունը բոլոր միջազգային կազմակերպությունների հետ»,- ասում է Լաշա Փարուլավան։

Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիաի փաստաբան Քեթի Բեբիաշվիլին խոսում է այն վտանգների մասին, որոնց կարող ենք հանդիպել համաներումից հետո․

«Ընթացիկ տարին ընտրական տարի է, երեւի թե շատ «նման նորություններ» կլինեն մեր կյանքում, բայց գլխավորն այն է, որ ցանկացած որոշում լինի օրինական, արդար և մարդու իրավունքներին համապատասխան։ Ներկայացված դեպքում, նախաձեռնությունը որքանո՞վ է արձագանքում անվտանգ միջավայրին և ապահով բնակարանում ապրելու մարդու իրավունքին, այս հարցը շատ կարևոր է, քանի որ ցանկացած ապօրինի շինարարության հետևում կան խախտված նորմեր, հարցն այն է, թե որքանո՞վ է համաներումը տեղին այս խախտված նորմերին։ Եթե նման շենքերի նկատմամբ համաներում լինի, մենք կարող ենք ստանալ «մարդասպան շենքեր»։ Նման որոշումներ կայացնելիս «մարդասպան շենքերը» պետք է բացառվեն։ Սա պետք է հաշվի առնի կառավարությունը, որը կայացնում է այս որոշումը, և ոչ մի դեպքում ֆիզիկական անձը չպետք է պատասխանատվության ենթարկվի ապօրինի շինարարության համար»,- ասաց նա։