Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չկա, մնացածը դուրս է գրվել պիտանելիության ժամկետի պատճառով

Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չկա, մնացածը դուրս է գրվել պիտանելիության ժամկետի պատճառով

Վրաստանում Covid-ի դեմ պատվաստանյութեր չեն մնացել, բոլոր չօգտագործվածները (Pfizer, Sinovac, Sinopharm) ժամկետանց են և դուրս են գրվել։

Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի թեժ գծից։

Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը նշում է, որ չի կարողացել ստանալ այն հարցի պատասխանը, թե արդյոք պետությունը նախատեսում է ձեռք բերել նոր պատվաստանյութեր և երբ։

Համաճարակի սկզբից Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1 855 289 դեպք, մահացել է 17 132 մարդ։

Կորոնավիրուսային հիվանդության վերաբերյալ ընթացիկ վիճակագրություն չկա. հայտնի չէ, թե հունվարին օրական կամ շաբաթական քանի դեպք է ախտորոշվում։ Միևնույն ժամանակ, համաճարակաբանները նշում են, որ այս ձմռանը գրիպի և շնչառական սինցիցիալ վիրուսի հետ մեկտեղ կորոնավիրուսը շարունակում է մնալ ամենատարածված հիվանդությունների եռյակում։

Վրաստանում դեռևս տարածված է «Օմիկրոնը», որը ծանր հիվանդություններ չի առաջացնում, բայց ինչպես ցանկացած վիրուս, այն վտանգավոր է թուլացած իմունային համակարգով և քրոնիկական հիվանդություններով մարդկանց, հղիների և տարեցների համար։ Ներկայումս տեղեկություններ չկան այն մասին, թե որքանով է տարածված JN.1 տարբերակը երկրում, որը դասակարգվել է որպես omicron շտամի մաս: