Տաղանդ, թե՞ վճռականություն. Նանուլի Բաղդասարյանը ճարտարապետության և արվեստի մասին

Տաղանդ, թե՞ վճռականություն. Նանուլի Բաղդասարյանը ճարտարապետության և արվեստի մասին

Ճարտարապետ-ուսանողը այն մարդն է, ով ստեղծում է գեղեցիկ շենքեր և տարածքներ։ Բայց սա իր դժվարություններն ունի։ Ճարտարապետ-ուսանողը պետք է կարողանա շենքը ոչ միայն գեղեցիկ, այլեւ հարմարավետ դարձնել։ Այս դժվարին գործընթացում ուսանողները սովորում են ընկալել աշխարհը նոր ձևերով և պատրաստվում են ինչ-որ զարմանալի բան ստեղծել:

Նանուլի Բաղդասարյանը 22 տարեկան է. Նա ծնվել ու մեծացել է Նինոծմինդայում, դպրոցն ավարտելուց հետո ինքնաբուխ որոշել է սովորել ճարտարապետություն։ Նանուլին սովորում է Երևանում՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 2-րդ կուրսում։

«Ճարտարապետությունն, իհարկե, սերտորեն կապված է արվեստի հետ։ Ես կասեի, որ մինչ համալսարան ընդունվելը առնչություն չեմ ունեցել նկարչության, առավել ևս գծագրության հետ։Կցանկանայի, որ Նինոծմինդայի դպրոցներում ուշադրություն դարձնեն գծագրության դասերին ու աշակերտների մոտ այս ոլորտի նկատմամբ հետաքրքրություն սերմանեն»։ – ասում է Նանուլին։

Նանուլիի համար արվեստը մեծ աշխարհ է. «Ճարտարապետություն ուսումնասիրելով՝ դու ավելի ես մոտենում արվեստի աշխարհին ու ավելի լավ ճանաչում քեզ, հասարակությանն ու քեզ շրջապատող աշխարհը։ Իսկ այն մարդկանց, որոնց ճանաչում եմ համալսարանում, ես համարում եմ իմ կյանքի լավագույն ձեռքբերումը», – ասում է Նանուլին։

Ճարտարապետության մեջ, ինչպես շատ այլ բնագավառներում, տաղանդը կարևոր դեր է խաղում, բայց դա հաջողության միակ գործոնը չէ։ Տաղանդը կարող է սկզբնական ազդակ և ոգեշնչում տալ ստեղծագործական և ինքնատիպ գաղափարների համար: Այնուամենայնիվ, տաղանդի հետ մեկտեղ կարևոր են հաստատակամությունը, սովորելու կարողությունը և հմտությունները մշտապես կատարելագործելու ցանկությունը: Ճարտարապետության մեջ հաջողությունը հաճախ կախված է ոչ միայն տաղանդից, այլև քրտնաջան աշխատանքից և նախագծման և շինարարության սկզբունքների խորը ըմբռնումից: Նանուլին ասում է, որ իր դասերի ընթացքում շատ են եղել դեպքերը, երբ ինքը վստահ չի եղել սեփական ուժերի վրա և կարծում է, որ չունի բավականաչափ տաղանդ ճարտարապետության և արվեստի համար, և որ չի կարողանա լուծել իր առաջ ծառացած խնդիրը, թեև ժամանակի ընթացքում Նանուլին հասկացավ, որ գլխավորը վճռականությունն ու առաջընթացն է։

Ի պատասխան այն բանի, թե ինչպես է հաղթահարում դժվարությունները ուսման ժամանակ, Նանուլին ասում է, որ արոմաթերապիայի մոմերը օգնել են իրեն կենտրոնանալ։ Դրանք առօրյան լցրեցլ են դրական հույզերով և հանգստությամբ սովորելու, և նկարելու գործընթացում։ Նանուլին փայլուն բիզնես գաղափար ուներ՝ պատրաստել տարբեր բուրավետ մոմեր։ Նանուլին նշում է, որ իր ձեռքերով պատրաստված մոմերով ցանկանում է մարդկանց փոխանցել այն դրական էմոցիաները, որոնք ինքն է ապրում նախագծերի վրա աշխատելու ժամանակ մոմ վառելիս։

Radio NOR · ნიჭი თუ მონდომება? – ნანული ბაღდასარიანი არქიტექტურაზე და ხელოვნებაზე