87 տարեկան հասակում մահացել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պողոս Սիմոնյանը։ Այս մասին հայտնում են Մանկավարժական համալսարանի պաշտոնական կայքից։
Պողոս Սիմոնյանը ծնվել է 1937 թվականին, ապրիլի 10-ին, Վրացական ԽՍՀ Բոգդանովկայի շրջանի Հեշտիա գյուղում։ Ավարտել է Մանկավարժական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը։ Պատմություն և գրականություն է դասավանդել հանրապետության տարբեր դպրոցներում։
1970 թվականից աշխատել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտում՝ ուսումնական մասի վարիչ, միաժամանակ դասավանդել՝ որպես ավագ դասախոս։
1988-2006 թվականներին զբաղեցրել է Մանկավարժական համալսարանի Պատմության և աշխարհագրության ֆակուլտետի դեկանի պաշտոնը։
Երկար տարիներ Պողոս Սիմոնյանը դասավանդել է հարազատ բուհում, իր մասնագիտական բազմամյա փորձն ու գիտելիքները փոխանցել պատմաբանների բազմաթիվ սերունդների:
Մեծ է Պողոս Սիմոնյանի վաստակը ինչպես մանկավարժության, այնպես էլ պատմագիտության բնագավառում։ 1970-ականներից դասավանդմանը զուգահեռ ծավալել է գիտական բուռն գործունեություն։
Նրա գիտական հետաքրքրությունների առանցքում եղել է 1890-ականներին հայկական հարցը և ռուս հասարակական միտքը, ինչպես նաև անդրադարձել է աբդուլհամիդյան կոտորածներին, արևմտահայության գաղթին դեպի Ռուսաստան, ռուսական մամուլում հայկական կոտորածների արձագանքներին և Հայկական հարցի հանդեպ ռուս հասարակական մտքին: