Թբիլիսիի Կեկելիձեի փողոցի բնակարաններից մեկի մոտ այսօր՝ հունվարի 23-ին, բողոքի ակցիա է ընթանում. ոստիկանությունը վտարել է Խատիաշվիլիների ընտանիքին։
Հարկադիր կատարողները, բնակարան մուտք գործելու նպատակով, հատուկ տեխնիկայի միջոցով կոտրել են դուռը և բռնի ուժով տնից հանել բնակիչներին։
Ոստիկանությունը մի քանի ակտիվիստի է ձերբակալել, սակայն Վրաստանի ՆԳՆ-ն հստակ տեղեկություն չի հայտնել ձերբակալվածների թվի մասին։ Առկա տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվածների թվում են ակտիվիստներ Գիորգի Գվինջիլիան և Իրակլի Կակաբաձեն։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Facebook-ում գրառում է կատարել այս միջադեպի կապակցությամբ. «Ձմռանը մարդկանց վտարելն արգելված է եվրոպական բոլոր երկրներում։ Այսքանը մարդու իրավունքների ու եվրոպական արժեքների մասին, ուրիշ ոչինչ»։
Կեկելիձեի N1 բնակարանում ապրողների պնդմամբ` մասնավոր պարտապանին իրենք ավելի շատ են վճարել, քան պարտք էին վերցրել, և մտադրություն չունեն բնակարանից հրաժարվելու։ aliq.ge