Որքա՞ն ժամանակ և ինչ մակարդակով կշարունակվի պահպանվել դոլարի նկատմամբ լարիի կայունությունը

Որքա՞ն ժամանակ և ինչ մակարդակով կշարունակվի պահպանվել դոլարի նկատմամբ լարիի կայունությունը

Արտարժույթի շուկայում լարին բավականին երկար ժամանակ է, ինչ ցույց է տալիս իր կայունությունը՝ դոլլարի նկատմամբ պահպանելով մոտավորապես նույն ցուցանիշը, չնայած այն հանգամանքին, որ ներմուծման և արտահանման ցուցանիշներից ելնելով թվում է, թե կայուն չի կարող լինել։ Ինչո՞վ է պայմանավորված լարիի կայունությունը, ի՞նչ փոփոխություններ են սպասվում ազգային արժույթին, ո՞րն է վրացական տնտեսության խնդիրը: Jnews-ը այս և շատ ավելիի մասին զրուցել է քաղաքագետ-տնտեսագետ GSAC (Վրացական ռազմավարական վերլուծության կենտրոն) Վալերի ՃեՃելաշվիլիի հետ։ Գրում է Ջավախքի լրատվական կենտոնը.

Ո՞ր գործոններն են ներկայումս նպաստում լարիի կայունությանը։

– Մենք ունենք արտաքին առևտրի խրոնիկ պակասուրդ, որն այս տարի հասել է ռեկորդային նշաձողի՝ ավելի քան 9 մլրդ դոլար, սա նշանակում է, որ դրսից ավելի շատ ենք գնում, քան վաճառում։ Փաստացիորեն, սա պետք է հարվածի լարիի փոխարժեքին։ Բայց վճարային հաշվեկշռում կան մի քանի գործոններ, որոնք փոխհատուցում են այս 9 միլիարդ դոլլարը: Առաջին հերթին դրանք աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումներն են՝ 2022 թվականին դրանք կազմել են 4 միլիարդ 300 միլիոն դոլլար, 2023 թվականին՝ 3 միլիարդ 750 միլիոն դոլլար: Բացի այդ, այս տարի զբոսաշրջությունից ռեկորդային եկամուտներ կլինեն: Սա մոտ 4,5 միլիարդ դոլլար է: Այս ամենը միասին կազմում է մոտ 8 միլիարդ դոլլար, ինչը գործնականում փակում է վճարային հաշվեկշռի բացը։ Բացի այդ, կան ուղղակի օտարերկրյա ներդրումներ, որոնք այս տարի կկազմեն 2 միլիարդ դոլարից պակաս, ինչպես նաև միջոցներ, որոնք Վրաստանը ստանում է տարանցումից։ Այս բոլոր բաղադրիչները ծածկում են արտաքին առևտրի լուրջ խրոնիկ դեֆիցիտը, որը մնում է Վրաստանի հիմնական մակրոտնտեսական խնդիրը։

Ի՞նչ դեր է խաղում Վրաստանի ազգային բանկը լարիի փոխարժեքի կայունության հարցում:

– Վրաստանի ազգային բանկը լարիի փոխարժեքի վրա ազդելու միակ միջոցը կա՛մ լարիի, կա՛մ դոլլարի վաճառքի լիովին քաղաքակիրթ ձևն է՝ կախված առաջարկից և պահանջարկից, և սա շատ նորմալ կարգավորող գործառույթ է, որից Ազգային բանկը պետք է օգտվի: Այս ամենին գումարած, այսօր Ազգային բանկի պահուստները 5 միլիարդ դոլլարից բարձր են, ինչը կայունություն է տալիս նաև արժութաֆինանսական համակարգին։

Հետևաբար, լարին լիովին ազատ փոխարկելի արժույթ է։

Որքա՞ն կտևի լարիի կայունությունը:

– Բոլոր այն գործոնները, որոնք մենք թվարկեցինք և փոխհատուցում են արտաքին առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը՝ աշխատանքային եկամուտ, զբոսաշրջության եկամուտ, ուղղակի ներդրումներ և տարանցիկ եկամուտ, համեմատաբար կայուն են և կանխատեսելի։ Ուստի կարծում եմ, որ միջնաժամկետ հեռանկարում լարիի փոխարժեքին ոչինչ չի սպառնում, և այն ինչ-որ տեղ կպահպանվի 2,7 լարի +-5% մակարդակում։

Արդյո՞ք լարիի կայունությունը կախված է 2024 թվականին Վրաստանում կայանալիք ընտրություններից։

– Ինչպե՞ս կարող են ընտրություններն ազդել արտաքին առևտրի դեֆիցիտի վրա։ Ինչպե՞ս կարող են դրանք ազդել աշխատանքային միգրանտների և զբոսաշրջության եկամուտների վրա: Կարելի է պատկերացնել, որ ինչ-որ քաղաքական բարդություններ կառաջանան, և այս առումով Վրաստանը կկորցնի իր զբոսաշրջային գրավչությունը՝ կարելի է անվերջ երևակայել, բայց դրանք բավականին ապոկալիպտիկ սցենարներ են։ Ընտրություններն, իհարկե, բարդ են լինելու, բայց այս ընտրություններին շատ ուշադիր հետևելու են բազմաթիվ միջազգային դիտորդներ, առաջին հերթին ԵՄ-ն, քանի որ Վրաստանն արդեն թեկնածու երկիր է։ Եվ սա հույս է ներշնչում, որ դրանք կանցկացվեն բաց, արդար, և ավելի քիչ կլինեն ընտրակեղծիքներն ու շահարկումները։ Դրանք պետք է տեղի ունենան քիչ թե շատ հանգիստ մթնոլորտում, ինչը հույս է ներշնչում, որ լարիի կայունության վրա ազդող այս բոլոր գործոնները կպահպանվեն, և տնտեսությանը, մասնավորապես լարիի փոխարժեքին, վտանգ չի սպառնա։

Եթե արտաքին առևտրի հաշվեկշռի դեֆիցիտ է, այն է՝ բարձր ներմուծում և ցածր արտահանում, դա շարունակում է մնալ Վրաստանի համար լուրջ մակրոտնտեսական խնդիր, ապա ինչո՞ւ երկիրը չի կարող մեծացնել արտահանումը և նվազեցնել ներմուծումը։

– Այստեղ կան օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններ։ Օբյեկտիվ գործոններն այն է, որ մենք էներգաներկրող երկիր ենք։ Մենք չունենք նավթ կամ գազ, ուստի ներկրում ենք նավթամթերք՝ բենզին, բնական գազ, և դրանք շատ լուրջ ապրանքներ են Վրաստանի ներմուծման մեջ, մենք դա ոչ մի կերպ չենք կարող փոխհատուցել, ուստի դրանք օբյեկտիվ գործոններ են։ Բայց արտաքին առևտրի դեֆիցիտի այս վիճակը փոխելու համար կա միայն երկու ճանապարհ՝ կա՛մ արդյունաբերության արտահանմանն միտված ոլորտների զարգացում, կա՛մ ներմուծման փոխարինում։ Հատկապես ներմուծման փոխարինման ոլորտում մենք ունենք շատ լուրջ հնարավորություններ, որոնք այսօր չենք օգտագործում։ Մասնավորապես, սա գյուղատնտեսության զարգացումն է, քանի որ Վրաստանը կարող է իրեն ապահովել բազմաթիվ գյուղմթերքով, քանի որ մենք լավ կլիմայական պայմաններում ենք ապրում։

Գյուղատնտեսությունից բացի, հիմա կառուցվում են բազմաթիվ հյուրանոցներ՝ փոքր ու մեծ, իսկ ողջ սարքավորումները, օրինակ՝ հյուրանոցի տարբերանշաններով սրբիչները, ամբողջը ներկրվում է Թուրքիայից։ Քանի որ այս ապրանքների նկատմամբ պահանջարկը մեծանում է, հնարավոր կլինի կազմակերպել ձեռնարկություն, որը կարտադրի այդ բոլոր ապրանքները տեղում, և դա կփոխարինի այդ ապրանքների ներմուծումն արտերկրից։ Մենք ԵՄ-ի հետ ունենք ազատ առևտրի համաձայնագիր, բայց մեր արտահանումը ԵՄ չի ավելանում։ Արտահանման կառուցվածքը տարեցտարի չի փոխվում, մնում է սառած, նոր ապրանքային դիրքավորումներ չեն հայտնվում։

Միակ բանն այն է, որ 2012 թվականից հետո առաջին անգամ՝ 2022 և 2023 թվականներին Վրաստանը դարձավ էլեկտրաէներգիայի մետա-արտահանող։ 2023 թվականին մենք արտահանել ենք 103 մլն դոլլարի, իսկ ներմուծել ենք ընդամենը 1 մլն դոլլարի, սա լավ միտում է, բայց, ըստ էության, արտահանման կառուցվածքը չի դիվերսիֆիկացվում, և կառավարությունը պետք է ամեն հնարավորություն օգտագործի այս իրավիճակի վրա ազդելու համար։