Դրամաշնորհային հնարավորություն Վրաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների

Դրամաշնորհային հնարավորություն Վրաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների

ԵՄ-ը եւ ՄԱԶԾ-ը վերանորոգել են ամբուլատոր-պոլիկլինիկաներ, որոնք կսպասարկեն Վրաստանի Սամեգրելոյի մարզի՝ հակամարտություններից տուժած համայնքների ավելի քան 5,500 բնակիչների

Եվրոպական միությունը եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) վերանորոգել են Զուգդիդիի մերձակայքում գտնվող Օրսանտիա եւ Ռիկե գյուղերի ամբուլատոր-պոլիկլինիկաները, որոնք կսպասարկեն Վրաստանի Սամեգրելոյի մարզի ավելիքան 5,500 բնակիչների։

Հունվարի 18-ին մարզ էր այցելել Վրաստանում ԵՄ պատվիրակության, ՄԱԶԾ-Վրաստանի եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը՝ նոր հաստատությունները բացելու, ինչպես նաեւ տեղական համայնքների ու հակամարտությունների պատճառով տեղահանված անձանց հետ հանդիպելու նպատակով:

Վերանորոգման ծրագիրը ներառում էր սանիտարատեխնիկական, էլեկտրականության եւ ջեռուցման համակարգերի տեղադրման եւ ներքին հարդարման բարելավման աշխատանքներ: Վերանորոգման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել հաշմանդամություն ունեցող անձանց համար հաստատությունների մատչելիության բարելավմանը։

Օրսանտիա եւ Ռիկե գյուղերում իրականացվող ծրագրերից առաջ նմանատիպ նախաձեռնություն էր իրականացվել Մեջվրիսխեւի գյուղում (Շիդա Քարթլիի մարզ), որտեղ նոր վերանորոգված բժշկական հաստատությունը սպասարկում է մոտ 6,000 մարդու:

Նշված գյուղերում վերանորոգման աշխատանքներն իրականացվել են «ԵՄ-ն հանուն երկխոսության. աջակցություն Հարավային Կովկասում եւ Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների փոխակերպմանը» ծրագրի շրջանակներում, որը Եվրոպական միության եւ ՄԱԶԾ-ի համատեղ նախաձեռնությունն է եւ ավելի լայն «ԵՄ-ն հանուն երկխոսության» (EU4Dialogue) ծրագրի մաս է կազմում: Ծրագիրն աշխատում է տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների եւ հասարակայնության լայն շերտերի հետ՝ բարելավելու տեղի բնակչության եւ ներքին տեղահանվածների սոցիալ-տնտեսական պայմանները:

Վրաստանն ընդգրկվել է ժամանակակից ճարտարապետության համար 2024 թվականի ԵՄ մրցանակի կարճ ցուցակում

Ժամանակակից ճարտարապետության համար Եվրոպական միության «Միսվանդեր Ռոհեի մրցանակի» ժյուրին կազմել է 362 առաջադրումներից ընտրված 40 աշխատանքներից բաղկացած կարճ ցուցակ, որում ընդգրկվել է Թբիլիսիի քաղաքային անտառը։

Մրցանակները տրվում են երկու տարին մեկ՝ «Ստեղծարար Եվրոպա» (Creative Europe) ծրագրի մասնակից երկրների ճարտարապետների կողմից նախորդ երկու տարվա ընթացքում կատարված աշխատանքների համար: Դրանք ճանաչման եւ գնահատանքի են արժանացնում ճարտարապետության ոլորտում ակնառու ձեռքբերումներն ու նորարարությունը:

Նարիկալայի բուսաբանական այգին գտնվում է մայրաքաղաքի հենց սրտում։ Այն ստեղծվել է 20-րդ դարի կեսերին խորհրդային կենսաբանների կողմից, ովքեր տնկել են սոճու մոնո մշակույթներ՝ էրոզիան նվազեցնելու եւ քաղաքը զովացնելու համար: Ծերացող մշակաբույսերը տուժել են վնասատուներից եւ սնկերից, ինչը վտանգ է ներկայացնում հրդեհային ռիսկի եւ հանրային անվտանգության տեսանկյունից:

2020 թվականին Թբիլիսի քաղաքը նախաձեռնեց Թբիլիսիի քաղաքային անտառը էնդեմիկ եւ կլիմայական հարմարեցված տեսակների կենսաբազմազան գունապնակով հարստացնելու նախագիծ: Նարիկալայում ստեղծվեց եւ փորձարկվեց էկոլոգիան, տեխնոլոգիան եւ գեղագիտությունը համատեղող անտառապատման նոր մոտեցում։

2024թ․փետրվարին ժամանակակից ճարտարապետության համար ԵՄ մրցանակի ժյուրին կհրապարակի եզրափակիչ փուլի մասնակիցների անունները: Այնուհետեւ ժյուրիի անդամները անձամբ կծանոթանան այդ աշխատանքների հետեւ վերջնական որոշում կկայացնեն։

Ապրիլին կհայտարարվեն «Ճարտարապետություն» եւ «Ճարտարապետության ոլորտի հայտնություն» անվանակարգերի հաղթողների անունները, իսկ մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսին Բարսելոնայի «Միսվանդեր Ռոհե» տաղավարում: «Ճարտարապետություն» եւ «Ճարտարապետության ոլորտի հայտնություն» անվանակարգերի հաղթողները կպարգեւատրվեն մրցանակով, ինչպես նաեւ համապատասխանաբար 60 000 եւ 30 000 եվրոյով:

«EU4Energy» նախաձեռնությունը հրապարակել է Վրաստանում էներգետիկ կառավարումն առաջ մղելու իր 2024 թվականի աշխատանքային ծրագիրը

«EU4Energy» նախաձեռնությունը հրապարակել է իր 2024 թվականի աշխատանքային ծրագիրը, որը ներառում է Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում էներգետիկ ոլորտի կառավարման, զարգացման եւ կայունության առաջխաղացման համապարփակ պլան:

2024 թվականին EU4Energy-ն շարունակական աջակցություն կտրամադրի Վրաստանին, Մոլդովային եւ Ուկրաինային այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են վերականգնվող էներգիան, գազի շուկայի զարգացումը եւ էներգաարդյունավետությունը, որոնք կարեւոր նշանակություն ունեն ածխածնի հետքի նվազեցման եւ էկոլոգիապես պատասխանատու էներգետիկ գործելակերպերի խթանման համար:

EU4Energy-ն կկենտրոնանա նաեւ ԵՄ երեք թեկնածու երկրներում նախարարությունների, կարգավորող մարմինների, հաղորդման համակարգերի օպերատորների եւ այլ շահագրգիռ կողմերի կարողությունների զարգացման վրա:

Ծրագիրն ակտիվորեն կաջակցի Էլեկտրաէներգիայի ինտեգրման փաթեթի իրականացմանը՝ կենտրոնանալով Մոլդովայում եւ Ուկրաինայում հետսինխրոնիզացիայի գործընթացի վրա: Տարածաշրջանային էլեկտրացանցերին ինտեգրումը բարձրացնում է էներգետիկ անվտանգությունն ու դիմակայունությունը:

Ընդհանուր առաջնահերթություններից զատ, EU4Energy-ի 2024 թվականի աշխատանքային ծրագիրը նախատեսում է հատուկ աջակցություն՝ ուղղված յուրաքանչյուր գործընկեր երկրի հատուկ կարիքներին:

Վրաստանում հիմնական ուշադրությունը կուղղվի Վրաստանի պետական էլեկտրահամակարգին եւ Վրաստանի էներգետիկայի եւ ջրային ռեսուրսների կարգավորման ազգային հանձնաժողովին աջակցությանը մնացորդային խառնուրդի հաշվարկման մեթոդաբանության եւ ծագման երաշխիքների բացահայտման կանոնների մշակման գործում:

EU4Digital-ը մեկնարկել է տվյալների կառավարման ռազմավարությունների մշակման գործողություն՝ Արեւելյան գործընկերություն ում համընդհանուր հասանելի տվյալների որակն ապահովելու համար

Արեւելյան գործընկերության տարածաշրջանում բարձրորակ եւ հեշտությամբ հասանելի հանրային տվյալների աճող պահանջարկին արձագանքելու համար ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU4Digital» ծրագիրը 2023 թվականի դեկտեմբերին ձեռնամուխ է եղել իր նոր տվյալների կառավարման ռազմավարությունների մշակման գործողության իրականացմանը։

Նոր գործողությունն իրականացվում է էլեկտրոնային վստահության եւ միջսահմանային թվային ծառայությունների թեմատիկ ոլորտում EU4Digital-ի գործունեության շրջանակներում: Նպատակն է ստեղծել տվյալների կառավարման ռազմավարական շրջանակ եւ մշակել երկրներին հատուկ առաջարկություններ տվյալների կառավարման ոլորտում Արեւելյան գործընկերության երկրների ազգային ռազմավարությունների համար:

Նոր գործողության առաջիկա փուլերում EU4Digital-ը կկենտրոնանա տվյալների կառավարման ռազմավարության շրջանակի նախագծման եւ Արեւելյան գործընկերության երկրներում տվյալների կառավարման պրակտիկաների արդիական վերլուծության նախաձեռնման վրա: Այն կներառի իրավական, տեխնիկական եւ կազմակերպչական ասպեկտները:

Դրամաշնորհային հնարավորություն Վրաստանի Կախեթի եւ Իմերեթի մարզերում փոքրբիզնեսների համար

Բռնությունից պաշտպանության վրացական ցանցը հայտարարել է մրցույթ Կախեթի եւ Իմերեթի մարզերի վեց համայնքներում (Զեստաթոն, Ծղալտուբո, Վան, Ղվարել, Լագոդեխ, Գուրջաան) փոքր ձեռնարկությունների համար։

Մրցույթը մեկնարկել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Արագ տարածաշրջանային զարգացում Իմերեթում եւ Կախեթում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԵՄ Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման ծրագրի չորրորդ փուլի (ԵՀԳԳԶԾ/ENPARD IV) շրջանակներում:

Ծրագիրը նպատակ ունի հզորացնել խոցելի խմբերին, խթանել զբաղվածությունը եւ բարելավել տնտեսական միջավայրը նշված համայնքներում: Այս դրամաշնորհային մրցույթը կխրախուսի թիրախային մարզերում տեղական փոքր եւ միջին բիզնեսի ստեղծումն ու զարգացումը` նրանց համար դյուրացնելով ֆինանսների հասանելիությունը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականիհունվարի 29-ը:

Դրամաշնորհային հնարավորություն Վրաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար

Վրաստանում ԵՄ պատվիրակությունը հայտարարում է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների առաջարկների մրցույթ՝ Վրաստանում լավ կառավարման, ժողովրդավարական արժեքների եւ մարդու իրավունքների ամրապնդման եւ խթանման գործում նրանց աջակցելու նպատակով։

Այս առաջարկների մրցույթի հատուկ նպատակներն են.

  • Լոտ 1. խթանել բազմակարծությունը եւ ներառականությունը վրաց հասարակության մեջ եւ ամրապնդել փոքրամասնությունների եւ խոցելի խմբերի դերը, առաջնորդությունը եւ կարողությունները՝ սոցիալական երկխոսությանը, քաղաքական գործընթացներին եւ կայուն զարգացմանը նրանց արդյունավետ մասնակցության տեսանկյունից: Դրամաշնորհի առավելագույն գումարը կազմում է 842,500 եվրո:
  • Լոտ 2. նպաստել իրավունքահեն հոգեկան առողջության պահպանման քաղաքականության իրականացմանը: Դրամաշնորհի առավելագույն չափը՝ 1,500,000 եվրո:
  • Լոտ 3. աջակցել թափոնների կանխարգելմանը, թափոնների կառավարմանը եւ խրախուսել շրջանաձեւ տնտեսության գործելակերպերը: Դրամաշնորհի առավելագույն չափը՝ 1,500,000 եվրո:
  • Լոտ 4. Հակազդել ապատեղեկատվությանը եւ օտարերկրյա միջամտություններին ու մանիպուլյացիաներին: Դրամաշնորհի առավելագույն գումարը՝ 1,200,000 եվրո:

Դիմումը պետք է ներկայացվի գլխավոր դիմումատուի եւ առնվազն մեկ համադիմումատուի կողմից: Գլխավոր դիմումատուն պետք է լինի իրավաբանական անձ, շահույթ չհետապնդող կամ քաղաքացիական հասարակության կազմակերպություն, որը հիմնադրված է Եվրոպական միության անդամ պետությունում, Վրաստանում կամ ցանկացած այլ իրավասու երկրում, ինչպես նախատեսված է Հարեւանության, զարգացման եւ միջազգային համագործակցության գործիքի (NDICI) հիմնական ակտով (տե՛ս հոդված 28(1))։

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի փետրվարի 27-ը:

Մրցույթ Վրաստանի լրատվամիջոցների համար սննդի անվտանգության ստանդարտների թեմայով․  մրցանակները՝ մինչեւ 750 եվրո

Վրաստանի Ռազմավարական հետազոտությունների եւ զարգացման կենտրոնը (CSRDG) հայտարարել է մրցույթ՝ բացահայտելու սննդի անվտանգության հարցերով լավագույն մեդիա աշխատանքները։ Մրցույթն անցկացվում է ԵՄ աջակցությամբ «Գյուղատնտեսական պրակտիկաների եւ սպառողների իրազեկվածության բարելավում» ծրագրի շրջանակներում:

Լրագրողները մրցույթին կարող են ներկայացնել տեսանյութ, աուդիո ձայնագրություն կամ հոդված։ Նյութը կարող է կենտրոնանալ տեղեկատվության վրա, որն օգնում է սպառողներին ավելի լավ պաշտպանվել սննդի օգտագործման հետ կապված վտանգներից, տեղեկանալ այս ոլորտում պետական գործողությունների, սննդի անվտանգության համակարգային խնդրի կամ սննդի անվտանգության խախտման կոնկրետ դեպքի մասին:

Ցանկալի է նաեւ, որ նյութում արտացոլված լինի, թե ինչպես է Եվրոպական միությունը նպաստում Վրաստանում սննդամթերքի անվտանգության իրավիճակի բարելավմանը եւ ինչպես կանդրադառնա ԵՄ-ի հետ Վրաստանի մերձեցումը իրավիճակի վրա։

Մրցույթի հաղթողները կստանան մինչեւ 750 եվրո դրամական պարգեւներ։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը մարտի 14-ն է։

Perform Europe-ը հայտարարում է նոր մրցույթ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի 40 երկրների կատարողական արվեստի ոլորտի մասնագետների եւ կազմակերպությունների համար

Եվրոպական միության կողմից աջակցվող Perform Europe ֆինանսավորման սխեման մեկնարկել է բաց մրցույթ՝ առաջարկելով 2,1 միլիոն եվրո կատարողական արվեստի ոլորտում միջազգային գործընկերային նախագծերի համար։ Մրցույթը բաց է «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի մասնակից 40 երկրները, ներառյալ Հայաստանը, Վրաստանը եւ Ուկրաինան ներկայացնող կատարողական արվեստի ոլորտի մասնագետների ու կազմակերպությունների համար։

Հայտերը պետք է ներկայացվեն առնվազն երեք գործընկերներից բաղկացած գործընկերությունների կողմից՝ «Ստեղծարար Եվրոպա» ծրագրի մասնակից երեք տարբեր երկրներից:

Մրցույթին բաց է կատարողական արվեստի բոլոր ժանրերի նախագծերի համար (բացառությամբ կենդանի երաժշտության):

Հայտատուները կարող են դիմել երեք կատեգորիաների դրամաշնորհների համար՝ 12,000, 32,000 կամ 60,000 եվրո ընդհանուր արժեքով: Ընդհանուր ֆինանսավորման հինգ տոկոսը կուղղվի Ուկրաինայի ներգրավմամբ նախագծերին:

Մրցույթը գործընկերներին կոչ է անում առաջարկել իրական փոփոխություններ բերող նորարարական շրջագայության գաղափարներ՝ կենտրոնանալով Perform Europe-ի առաջնահերթություններից առնվազն մեկի վրա, այն է՝ ներառականություն եւ բազմազանություն եւ/կամ կլիմայի փոփոխության դեմ պայքար:

Հնարավոր գործընկերներ գտնելու եւ մրցույթին դիմելու համար գրանցվեք Perform Europe-ի վեբկայքում: Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է մարտի 31-ը։

Radio NOR · EU 25 01 24

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։