Համակարգը թողած թոշակառու ուսուցիչների մի մասը դպրոց է վերադարձել

Համակարգը թողած թոշակառու ուսուցիչների մի մասը դպրոց է վերադարձել

Թոշակային տարիքի հասած պրակտիկոս ուսուցիչների մի մասը, որ կրթության և գիտության (ԿԳ) նախարարի որոշմամբ` դրամական փոխհատուցման դիմաց լքել էր համակարգը, վերադարձել է դպրոցներ, interpressnews.ge լրատվականի հետ զրույցում ասել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության (ԿԳԵ) նախարարի հանրակրթության գծով խորհրդական Գիա Մուրղուլիան։

Մուրղուլիայի խոսքով, պատճառն այն է, որ դպրոցները չեն կարողացել նշված ուսուցիչներին փոխարինողներ գտնել: Նրա գնահատմամբ՝ չի բացառվում, որ Վրաստանում 5-6 տարի հետո մի շարք մասնագիտությունների գծով ուսուցիչների պակաս նկատվի:

«Ուսուցիչների վերապատրաստման ներկայիս մասշտաբը կարծես թե բավարար չէ մեր լիարժեք կարիքների համար: Ես սկսում եմ լոբբինգ անել այն գաղափարի համար, որ Վրաստանը կարող է մանկավարժական համալսարանի կարիք ունենալ, մենք պետք է լրջորեն մտածենք դրա մասին»,- ասել է Մուրղուլիան։

Բացի այդ, ըստ նրա` հանրակրթության նոր չափորոշիչը տարբեր պահանջներ է դնում նաև ուսուցիչների համար։

Ի դեպ, 2019-ին կրթության բարեփոխման շրջանակներում թոշակային տարիքի ուսուցիչները, որոնք իրենց կամքով որոշել են դուրս գալ համակարգից, 2019 թվականին պետությունից ստացել են մեկանգամյա դրամական պարգև՝ երկու տարվա աշխատավարձը: Aliq.ge