Նինոծմինդայի մունիցիպալիտետում գյուղատնտեսությունը տեղի բնակչության եկամտի հիմնական աղբյուրներից է։
Տեղի բնակչության շրջանում այս տարածքի նկատմամբ աճող հետաքրքրություն չկա։ Ֆերմերները դժգոհում են ստեղծված իրավիճակից և ցանկանում են թողնել այս բիզնեսը։ Դրա պատճառը գյուղմթերքի, մասնավորապես՝ կարտոֆիլի ցածր գինն է։
Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերում և հենց քաղաքում նախորդ տարի աճեցված կարտոֆիլը չի վաճառվում։
Փ.Խանչալի գյուղի բնակիչ Խորեն Իսպիրյանը նշեց. «Ես չգիտեմ, թե գյուղնախարարությունն ինչ է մտածում, բայց այսպես ապրել այլեւս անհնար է։ Գոնե թույլ չտային այլ երկրներից կարտոֆիլ ներկրել, կամ էլ հնարավորություն տային մեր ապրանքներն արտահանել հարեւան երկրներ։ Եթե այսպես շարունակվի, ես այս տարի այլևս կարտոֆիլ չեմ ցանի։ Փ.Խանչալի գյուղում կարտոֆիլի 80%-ը՝ մոտ 500 տոննա, մնացել է պահեստներում։ Կարտոֆիլի արժեքը 50-70 թեթրի է, չենք կարող վաճառել, դրանից հետո էլ ի՞նչ ասենք։ Պետությունը շուկան չի կարգավորում ու ուշադրություն չի դարձնում»։
Մեկ այլ բնակիչ՝ Հարություն Նազարյանն ասում է, որ կարտոֆիլը մնում է պահեստներում, գին չունի, ոչ ոք ուշադրություն չի դարձնում։
«Բոլորն ունեն պարտքեր, վարկեր, մարդկանց ստիպում են կովերին վաճառել՝ պարտքերը փակելու համար։ Շատերը մտածում են կարտոֆիլ չցանել։ Ես իմ պահեստում 20 տոննա կարտոֆիլ ունեմ, անասուններին կերակրում ենք սերմացուով։ Գործնականում գնորդներ չկան, իսկ եկողները գնում են 40-45 թեթրիով, այն էլ շատ քիչ քանակությամբ», – ասում է բնակիչը։
Կարտոֆիլի վաճառքից ստացված եկամուտը ապրուստի հիմնական միջոցն է։ Բնակիչները ամեն տարի գնում են ներկրվող սերմացուի նոր տեսակներ՝ 1 կգ-ի համար վճարելով 3 լարի, բայց վերջում չեն կարողանում ստացված կարտոֆիլը վաճառել կամ չնչին գնով են վաճառում։
Եթե Նինոծմինդայի մունիցիպալիտետի խանութներում դիտարկեք պարենային ապրանքների գները, դժվար չէ կանխատեսել, թե ժամանակի ընթացքում ինչ իրավիճակում կհայտնվեն մարդիկ, որոնց համար կարտոֆիլը եկամտի միակ աղբյուրն է։
Նրանց ապրանքն այժմ արժեզրկված է, և նույնիսկ ցածր գնով դժվար է գնորդ գտնել։ Այս մասին ավելի մանրամասն տեղեկացանք Փ.Խանչալի գյուղի բնակիչներից։