Թբիլիսին և Երևանը սահմանազատման գործընթացն ավարտին կհասցնեն

Թբիլիսին և Երևանը սահմանազատման գործընթացն ավարտին կհասցնեն

Թբիլիսին և Երևանը հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացն ավարտին կհասցնեն:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ ԶԼՄ ներկայացուցիչների համար Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներն ամփոփող ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ղարիբաշվիլիի հետ պայմանավորվել են գործնական քայլեր ձեռնարկել հայ-վրացական սահմանի սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ։

Փաշինյանը վրացի գործընկերոջը տեղեկացրել է նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի ջանքերի մասին:

«Ընդգծվել է, որ ռազմաշունչ և առավելապաշտական հռետորաբանությունը չի նպաստում կարգավորման գործընթացին։ Հուսով եմ, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա՝ արդեն իսկ համաձայնեցված և հանրահայտ սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի լրամշակումն ավարտին հասցնելու համար»,- համատեղ ասուլիսում նշել է ՀՀ վարչապետը։

Վրաստանը Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել։ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո ասել է, որ Վրաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը հասել է մեկ միլիարդ դոլարի:

Հունվարի 26-27-ին Թբիլիսիում անցկացվում է  Վրաստանի և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը, որի շրջանակներում ՀՀ վարչապետի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Վրաստան:

Aliq.ge