Վերջերս Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո, որտեղ Mercedes մակնիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը բախվել էր Նինոծմինդա քաղաքի մուտքի մոտ գտնվող բետոնե ցուցանակին, որի հետևանքով վարորդը զոհվել էր, Նինոծմինդայի բնակիչը դիմել է ռադիոկայան բարձրաձայնելու իր խնդրանքը։
Բնակիչը խնդրում է Նինոծմինդայի մուտքերի մոտ գտնվող երկու բետոնե ցուցանակները ապամոնտաժեն, մասնավորապես Նինոծմինդայից դեպի անցակետ տանող կենտրոնական ճանապարհի` Նորաշենի մոտ գտնվող ցուցանակի ապամոնտաժում, քանի որ այն փակում է ճանապարհի շրջադարձի դիմացի տեսադաշտը և այն ստեղծում է վթարային պահեր։
Բնակիչը ով չցանկացավ, որ իր անունը հրապարակենք մասնավորապես գրել է.
«Այս դժոխքի դուռը կառուցված օրվանից ամեն օր ասել եմ, որ սա զոհասեղան է լինելու։ Շատ վատ կանխազգացումներով ու գիտակցելով:
Ցավակցում եմ որ նման դժբախտ դեպքից հետո պիտի բարձրաձայնենք, որ այդ դժոխքի պատը, Աստված մի արասցե, դեռ շատ կյանքեր կխլի, եթե անմիջապես չապամոնտաժեն։ Ես վարորդ չեմ, բայց ամեն օր այդ ճանապարհով գնում ենք մեր աշխատանքի վայր, ու ամեն օր կոլեգաներիս ասում էի, որ այս պատը շատ մոտ է կանգնեցրած փողոցին ու տեսադաշտը փակում է, որ դժբախտությունների դուռ է կարծես: Զարմանում եմ, որ ոչ մի վարորդ չի բողոքել, որ այն կանգնեցված է հենց շրջադարձի առանց այն էլ վտանգավոր ու տեսանելիություն չունեցող հատվածում։
Ամենևին պարտադիր չէր Նինոծմինդայի անունը փակցվի այդ ահասարսուռ պատին։ Կարելի էր ավելի խորքով ու ավելի հասարակ, կամ կամարաձև սյուների վրա փակցնել։ Խնդրում ենք, քանի շատ զոհեր չենք ունեցել, ապամոնտաժեք այդ պատը»,- գրել է բնակիչը։
Հիշեցնենք, որ բետոնե ցուցանակները կառուցվել էին՝ 2023-ի դեկտեմբերի 12-ին։
NOR ռադիոկայանի հետ հարցազրույցում աշխատակիցները ասել էին`. «Ցուցանակների տեղադրումն իրականացվում է Արևմտյան և Արևելյան Վրաստանում, և սա պետական նախագիծ է։ Ցուցանակի վրա աշխատանքներ է իրականացնում «Դագի» ընկերությունը, իսկ զինանշանն ու «Նինոծմինդա» գրությունը կտեղադրի այլ ընկերություն»։