Վրաստանի Սամեգրելո-Զեմո Սվանեթիի նահանգի մի քանի մունիցիպալիտետներում ուժգին քամին խնդիրներ է առաջացրել, գրում է radiotavisupleba.ge-ն-:
Լրատվականի հաղորդմամբ՝ Ծալենջիխայի, Չխորոծկղուի, Մարտվիլիի և Զուգդիդիի մունիցիպալիտետներում բազմամյա ծառերի մի մասն արմատախիլ են եղել։ Վնասվել են էլեկտրահաղորդման գծերը, ինչի հետևանքով շրջանի մի հատված հոսանքազրկվել է։ Քամին տասնյակ բնակելի տների տանիքներ է պոկել։
«Չխորոծկղուի մունիցիպալիտետի մի քանի տասնյակ տների տանիքներ պոկվել են։ Որոշ մասը` մասամբ, մի մասն էլ՝ ամբողջությամբ։ Տվյալներն այս պահին ճշտում ենք։ Հատուկ հանձնաժողովները տեղում ուսումնասիրում են իրավիճակը»,- հայտնել է Չխորոծկղուի քաղաքապետ Դաթո Գոգուան։
Ծալենջիխայի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից պարզաբանել են, որ առավոտվա տվյալներով՝ քաղաքապետարանի ողջ տարածքում առնվազն 15 առանձնատան տանիք վնասված է. սպասվում է, որ այդ տվյալները կավելանան։
Քամին մասամբ վնասել է նաև Զուգդիդիի մունիցիպալիտետի Ռուխ գյուղի հանրակրթական դպրոցի տանիքը. այսօր այդտեղ ուսումնական գործընթացը դադարեցվել է: Զուգդիդիի մշակույթի տունը նույնպես մասամբ վնասվել է:
Սամեգրելո-Զեմո Սվանեթիում նահանգի ներկայացուցչի վարչակազմից հայտնել են՝ Էնգուրի գետի վարարման պատճառով ջուրը լցվել է Անակլիայի 7 բնակելի տուն։ Նույն տեղեկությունների համաձայն, Սամեգրելոյի մունիցիպալիտետներում անցած գիշեր ճանապարհները մաքրվել են արմատախիլ արված ծառերից, և երթևեկությունը վերականգնվել է։
Առատ ձյան պատճառով Մեստիայի ուղղությամբ կենտրոնական ճանապարհով երթևեկությունը սահմանափակված է:
Սամեգրելոյի և Սվանեթիի որոշ շրջաններ հոսանքազրկված են։ «Էներգո-Պրո Ջորջիայում» ասել են, որ վերականգնման աշխատանքն ընթանում է, և աստիճանաբար կվերականգնվի էլեկտրամատակարարումը։