Ձնաբքի պատճառով Նինոծմինդայի մունիցիպալիտետի մեծ մասը շարունակում է մնալ առանց էլեկտրականության

Ձնաբքի պատճառով Նինոծմինդայի մունիցիպալիտետի  մեծ մասը  շարունակում է մնալ առանց էլեկտրականության

Փետրվարի 6-ից Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղերի մեծ մասը ձնաբքի ու փոթորկի պատճառով մնացել է առանց էլեկտրականության։

Վատ եղանակը ոչ միայն խնդիրներ է առաջացրել մունիցիպալիտետի ճանապարհներին, այլեւ հոսանքազրկման պատճառ է դարձել։

Ինչպես հայտնել են Energy Pro Georgia-ի Նինոծմինդայի մասնաճյուղի ներկայացուցիչները, օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով աշխատողները չեն կարողանում լուծել խնդիրը։

Այս պահին ձնաբքի պատճառով հոսանքազրկված են Դիլիֆը (Դիլիֆ, Կաթնատու, Փ. Խանչալի և Մ. Խանչալի գյուղերը), Գոնդուրայի սնուցիչը (Մ. Գոնդուրա, Փ. Գոնդուրա, Մամզարա), Գորելովկայի սնուցիչը (Ժդանովական, Եֆրեմովկա, Սամեբա Գորելովկա, Սպասովկա, Օրլովկա), Գանձայի սնուցիչը (Գանձա, Սաղամո գյուղեր), Փարվանայի սնուցիչը (Հեշտիա, Թորյա, Ուչմանա, Ղաուրմա, Օրոջալար մնացել են առանց հոսանքի։

Ձնաբքի պատճառով փակ են գյուղեր տանող գրեթե բոլոր ճանապարհները։ Այս պահին անձնակազմն աշխատում է վթարի վերացման ուղղությամբ, որտեղ ճանապարհները բաց են։

Ուժեղ քամին և ձնաբուքը էլեկտրահաղորդման գծերի խափանումների պատճառ են դարձել։ Պատճառները դեռևս անհայտ են շատ գյուղերում. սա կարող է լինել կարճ միացում, կոտրված էլեկտրական լարեր, ընկած էլեկտրական սյուներ և այլն:

Այս պահին Նինոծմինդայում Energy Pro Georgia-ի թիմն աշխատում է խնդիրների վերացման ուղղությամբ։ Սակայն, ինչպես նշել են ընկերությունից, այսօր բոլոր գյուղերում էլեկտրաէներգիան հնարավոր չէ վերականգնել։ Որոշ գյուղերում էներգաբաշխիչ Energo Pro Georgia ընկերության տեխնիկական թիմը փակ ճանապարհների և ձնաբքի պատճառով չի կարողանում հասնել վթարի վայր՝ այն վերացնելու և էլեկտրամատակարարումը վերականգնելու համար։ Ամբողջ գիշեր աշխատել են Նինոծմինդա քաղաքում և Մ.Խանչալի գյուղում խնդիրը վերացնելու ուղղությամբ։