Նինոծմինդայում քաղաքային ճանապարհներին և հատկապես մայթերին առկա է մերկասառույցի հաստ շերտ։
Մայթերին մերկասառույցը դժվարացնում է հետիոտների համար քայլելը և վտանգ է ներկայացնում մեքենա վարելիս: Նինոծմինդայի բնակիչներն իրենց դժգոհությունն են հայտնում մայթերի վիճակից ու նշում, որ քանի դեռ մարդիկ ձեռքերն ու ոտքերը չեն ջարդել, քաղաքապետարանի կողմից արձագանք չի լինի։
Ազատություն փողոց
Ռադիո NOR-ը կապ հաստատեց Նինոծմինդայի կոմունալ ծառայության պետ Անդրանիկ Բդոյանի հետ՝ պարզելու պատճառը, որ կոմունալ ծառայությունը չի կարողանում մաքրել քաղաքի մայթերը։ Անդրանիկ Բդոյանի խոսքով, երբ ձյունը հալչում է ու տանիքներից կաթում, մերկասառույց է առաջանում, և համապատասխան իրավիճակն այն է, ինչ հիմա կատարվում է մայթերին՝ սառույցի հաստ շերտ. Բացի այդ, կոմունալ ծառայությունը չունի մերկասառույցը և ձյունը հեռացնելու համապատասխան ռեսուրսներ. չկան համապատասխան ռեագենտներ և աղ մայթերը մաքրելու համար, ասում է Անդրանիկ Բդոյանը։ Անդրանիկը մեզ ասաց նաեւ, որ առկա տեխնիկան չի կարող մերկասառույցից մաքրել նեղ մայթերը: