Նինոծմինդայում բազմաթիվ փոսեր կան ինչպես գլխավոր փողոցում, այնպես էլ քաղաքի ներքին փողոցներում։
Փետրվարին առատ տեղումներից հետո քաղաքի ճանապարհների վիճակը կտրուկ վատացել է։ Գոյություն ունեցող փոսերի թիվն օրեցօր ավելանում է, բացի այդ, փողոցներում սառույցի հաստ շերտ է գոյանում, որտեղ ցերեկային ժամերին արեւի ճառագայթներն ավելի քիչ են ընկնում։ Փոսերի և մերկասառույցի առկայությունը դժվարացնում է տրանսպորտի երթևեկությունը և մեծացնում ճանապարհատրանսպորտային պատահարների վտանգը։
Ռադիո NOR-ը կրկին կապ հաստատեց Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքային ծառայության հետ՝ պարզելու, թե երբ են վերանորոգվելու քաղաքի ներքին փողոցների փոսերը։ Հիշեցնենք, որ 2024 թվականի բյուջեով փոսերի վերանորոգման համար նախատեսված է 550 հազար լարի։ Քաղաքապետարանի ենթակառուցվածքի ծառայության պետ Արմեն Բդոյանի խոսքով, այս տարի փոսերը կվերանորոգվեն ոչ միայն քաղաքի փողոցներում (բացառությամբ Կենտրոնական ճանապարհի), այլև բոլոր գյուղերում։ Ծրագիրն ընդգրկում է ամբողջ մունիցիպալիտետը։ Արմեն Բդոյանը մեզ ասաց նաև, որ մրցույթը կհայտարարվի մոտ օրերս, որ մինչև գարուն մրցույթի ուղղությամբ բոլոր աշխատանքները պետք է ավարտվեն և հետագա աշխատանքներ կիրականացվեն փոսերի վերանորոգման ուղղությամբ։