Հարսանիքը որպես ամուսնության սովորութային ձևակերպում զարգացել է հայրիշխանության ընթացքում, երբ հաստատվել է մենամուսնությունը, որն արտահայտվել է կնոջ բնակությամբ ամուսնու տանը։ Ամուսնական արարողությունների շարքի հիմնական առանձնահատկությունը ծնողների տնից ամուսնու տուն տեղափոխվելու թատերականացված արտահայտությունն է։ Հարսանիքը, որպես կանոն, ուղեկցվում է խնջույքներով, նվերների փոխանակությամբ, երգ ու պարով և այլ զվարճություններով։ Հարսանիքին մասնակցում են փեսայի և հարսի ազգականները, մերձավորները, ծիսակարգի համար սահմանված հատուկ անձինք:
Երբ տիկնիկը մեքենային՝ գնում էին hարuանիք․ ովքե՞ր են hիշում այu գեղեցիկ оրերը
Ծիսակարգ
Հայաստանի ազգագրական յուրաքանչյուր շրջան ունեցել է իրեն հատուկ հարսանեկան ծիսակարգ, որի մեջ առանձնացել են գրեթե բոլոր շրջանների համար ընդհանուր շատ արարողություններ։ Հարսանիքները կատարվել են հիմնականում աշնանը՝ գյուղատնտեսական աշխատանքներից հետո և տևել են 3-7 օր։ Գերադասել են սկսել հինգշաբթի կամ ուրբաթ և ավարտել կիրակի։
Հարսանեկան բուն նախապատրաստություններ
Հարսանեկան բուն նախապատրաստություններն սկսվել են հարսին լողացնելու արարողությամբ, որը ուղեկցվել է երգ ու պարով։ Փեսային լողացրել են առանց հանդիսավորության, բայց սափրելու և մազերը կտրելու արարողությունը, որին մասնակցել են ազգականներն ու շքախմբի անդամները կատարվել է շուքով։ Փեսայի տանը, տարեց ազգականների ներկայությամբ բացել են գինու կարասները և լցրել ամանների մեջ։ Այդ ընթացքում տղայի հայրը գերեզմանատանը տերտերին օրհնել է տվել նախնիների ու հարազատների գերեզմանները, իսկ փեսան այցելել է հարսնացուի ազգականներին՝ այդ տարի մահացածների ընտանիքներից հարսանիքի թույլտվություն ստանալու։ .Բուն արարողությունից երկու օր առաջ փեսացուի տանը «տաշտադրեքի» ծեսն էր լինում, որի ժամանակ հարսանիքի հացն էին թխում:
.Հաց թխելու հաջորդ առավոտյան տեղի էր ունենում «եզմորթեքի» ծեսը: Այդ ընթացքում փեսացուի տնից մարդ էին ուղարկվում՝ բարեկամներին և ծանոթներին նույն օրվա երեկոյան հարսանիքին հրավիրվելու: Իսկ հրավերը յուրաքանչյուր շրջանում իր առանձնահատկություններն ուներ: Թե՛ հարսի, թե՛ փեսայի տանը պատրաստել են հարսի նստելու տեղը, որը հարսի տանը շրջափակվել է խորհրդավոր նախշակարերով, աչքի ուլունքներով, թալիսմաններով զարդարված վարագույրով։ Երեկոյան կատարվել է «հինադրեքը»: Հաց ու գաթա թխելուն մասնակցել են կանայք ու աղջիկներ՝ երգ ու պարի ուղեկցությամբ։ Առավոտյան փեսայի տան կտուրից զուռնան կանչի եղանակով ազդարարել է հարսանիքի սկիզբը։ Հյուրերի հավաքվելուց հետո քավորն ու փեսան, մակարներով շրջապատված, նվագի ներքո սկսել են մսացու եզը մորթելու արարողությունը։ Քավորն արյան մեջ թաթախած մատով փեսայի ճակատին խաչ է քաշել, մի փականք բանալիով կողպել արյան մեջ, ապա արյունոտած թելը հանգուցել և դանակը մտցնելով արյան մեջ՝ դրել է պատյանը (իբր՝ փեսային չար ոգիներից զերծ պահելու համար)։ Այնուհետև հանդիսավորությամբ հագցրել են փեսայի զգեստները, կապել դաշույնը: Շատ տեղերում քավորը փեսային սպիտակ, կանաչ թաշկինակներով ուսկապ («ուսբանդ») է կապել։ Գլխարկի վրա ամրացրել են թաշկինակներ կամ ժապավեններ, առջևի մասում՝ աքաղաղի երկու փետուր ու կանաչ, կարմիր բրդե թելերով զարդարված փայտիկ։ Կեսօրին կամ երեկոյան գնացել են հարսի հետևից։ Մակարներով շրջապատված փեսայի աջ կողմում կանգնել է քավորը, ձախում՝ փեսախպերը, հետևում՝ պարողների խումբը։ Մակարներից մեկը մատուցարանով տարել է հարսի հագուստները։ Հաջորդ առավոտյան, հարսին հագցնելիս, քավորը, վերցնելով գոտին ու գոգնոցը, 3 անգամ պտտվել է հարսի շուրջը, ապա կապել ու թիկունքին խփելով՝ մաղթել տղա ունենալ։ Քավորկինը ծածկել է հարսին մեծ ծածկոցով, իսկ երեխաներ ունեցող և երջանիկ համարվող ամուսնական մի զույգ բռնել է հարսի ձեռքը և կանգնեցրել փեսայի կողքին։ Ճանապարհ ընկնելուց առաջ նորապսակները, ի նշան հարգանքի, համբուրել են թոնրի շուրթը, հրաժեշտ տվել ծնողներին, բարեկամներին ու հարևաններին։ Այնուհետև հարսանքավորները երգելով, պարելով, ծափ ու աղմուկով, կրակելով ու ուրախության բացականչություններով գնացել են եկեղեցի, ուր մակարները հսկել են, որ չարակամ մարդիկ չխանգարեն պսակադրությանը։ Պսակից հետո պսակադիրը գունավոր թելերից նարոտ է կապել հարսի ու թագավորի վզին և մոմով ամրացրել։ Ապա ուրիշ ճանապարհով գնացել են փեսայի հայրական տուն:
Ժամանակակից հայկական հարսանիքը
Ժամանակակից հայկական հարսանիքը ձերբազատվել է շատ մանրամասներից, դարձել ընտանիքի ստեղծման սովորական տոնակատարություն՝ պահպանելով, սակայն, որոշ ավանդույթներ։ Առաջացել են արդի կենսապայմաններին ու մտածողությանը համապատասխանող մի շարք նոր արարողություններ (ամուսնության պալատներում կամ ամուսնության գրանցման դահլիճներում ամուսնության հանդիսավոր ձևակերպում և այլն), վերականգնվում է պսակի արարողությունը։