Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետներում 2022թ. մայիսից մինչև 2023թ. սեպտեմբեր Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ֆինանսական աջակցությամբ իրականացվեց կաթնամթերքի արդյունաբերության արդիականացման և շուկա մուտք գործելու պետական ծրագիր, որի շրջանակներում իրականացվեց անասունների արհեստական բեղմնավորում։ Jnews-ը հետաքրքրվեց ծրագրի արդյունքներով։
Կաթնամթերքի արդյունաբերության արդիականացման և շուկա մուտք գործելու պետական ծրագիրն իրականացվել է անհատ ձեռնարկատեր Սոսիկո Ամիրխանյանի և «Վրաստանի ֆերմերների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից։
Ախալքալաքի մունիցիպալիտետում այս ծրագրից օգտվել են Դիլիսկա, Չունչխա, Դադեշ, Կարծախ, Մաջադիա, Վաչիան, Սուլդա, Մոդեգամ գյուղերի ֆերմերները։
Նինոծմինդայի մունիցիպալիտետում ծրագրից օգտվել են Փոքր Խանչալի, Մեծ Խանչալի, Գանձա, Ժդանովական, Փոկա, Վլադիմիրովկա, Փոքր Գոնդուրա, Դիլիֆ, Գորելովկա, Սպասովկա, Թորիա, Հեշտիա, Ղաուրմա, գյուղերը, ինչպես նաև Բորժոմի մունիցիպալիտետի Տաբածղուրի գյուղը։
Ջավախքում ծրագիրն իրականացնողներից՝ Արմեն Ամիրխանյանը գոհ է արդյունքներից, սակայն տոկոսային հարաբերակցությամբ արդյունավետությունը դեռ դժվարանում է ասել։
«Ծրագիրը հաջողված է, մենք դեռ չգիտենք արդյունավետությունը 60-70% է թե 80%, մենք փորձում ենք արդյունավետությունը բարձրացնել, աշխատանքն արդյունք է տվել, այն գյուղերը, որոնք օգտվել են ծրագրից, գոհ են: Նրանք հետո էլ ուզում են շարունակել օգտվել, դա հեշտացնում է նրանց աշխատանքը»,- ասաց Արմեն Ամիրխանյանը։
Նա չի բացառում, որ դժգոհներ էլ կլինեն, բայց դա նա կապում է ոչ թե ծրագրի սպասարկման, այլ անասունների առողջության հետ։ Նա նշում է, որ եթե կովը առողջ չէ, ապա իրենց աշխատանքն արդյունք չի տա։
Արմեն Ամիրխանյանն ասում է, որ արհեստական բեղմնավորման արդյունավետությունը բարձրացնելու համար ուզում են ձեռք բերել և օգտագործել անասունների հիվանդությունները և բազմաթիվ այլ գործոններ հայտնաբերող ախտորոշիչ սարք։
«Ուզում ենք ախտորոշմամբ ստուգել կովի ընդհանուր վիճակը, հետո միայն բեղմնավորում անել, քանի որ եթե կովը ներքին խնդիրներ ունի, բորբոքային պրոցեսներ, ապա այդ կովի բեղմնավորումը դժվար է: Շատ կովերի մոտ առկա են ընդհանուր բորբոքային պրոցեսներ, արգանդի հիվանդություն, եթե չբուժվի, ապա դրանց բեղմնավորումը արդյունք չի տա, բացի այդ, պետք է ճիշտ ժամանակն իմանալ, եթե այս գործոնները հաշվի առնել, արդյունքը բարձր կլինի»,- ասաց Արմեն Ամիրխանյանը։
Նա նշում է, որ արդեն կա արհեստական բեղմնավորման պահանջարկ, սակայն նշում է, որ արդյունավետությունը կախված է ոչ միայն վերը նշված գործոններից, այլ նաև սննդակարգից, և թե գյուղում ինչ հիվանդություններ են եղել անասունների կամ նախրի մեջ։
Արմեն Ամիրխանյանի խոսքով, ծրագրի ավարտից հետո իրենք նորից աշխատում են, բայց ծառայությունն արդեն թանկացել է: Ծրագրի ընթացքում ծառայությունն արժեր 20 լարի, այժմ՝ 50-60 լարի՝ կախված գյուղի հեռավորությունից։