Թբիլիսիի քաղաքային դատարանն ամբողջությամբ ընդունել է դատախազության ներկայացրած ապացույցները եւ մեղադրյալին մեղավոր է ճանաչել նախկին կնոջը ծանրացնող հանգամանքներում սպանելու մեջ։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի դատախազությունը։
Ըստ քննչական գործակալության՝ դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցներով հաստատվել է, որ 2023 թվականի հունիսի 4-ին Թբիլիսիի Կուկիա բնակավայրում մեղադրյալը գենդերային անհանդուրժողականության հիմքով պարանով խեղդել է իր նախկին կնոջը, այնուհետև, հետքերը փակելու համար դիակը դրել է ավտոմեքենայի բեռնախցիկում, տեղափոխել Գլդանի թաղամասի տարածք և նետել ձորը։
«Իրավապահները ձերբակալել են հունիսի 6-ին հանցագործություն կատարած անձին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 11-րդ պրիմա 109-րդ հոդվածի «թ» և «կ» ենթաբաժիններով (դիտավորյալ սպանություն, որը կատարվել է սեռի հիման վրա, ընտանիքի անդամի նկատմամբ): Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղադրյալին լիովին մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում եւ դատապարտել 18 տարվա ազատազրկման։
Դատախազությունը կբողոքարկի դատարանի որոշումը՝ պատժաչափը խստացնելու միջնորդությամբ»,- նշվում է տեղեկատվության մեջ։