Մարտի 21-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Գանձա գյուղում ավագ դասարանցիների մասնակցությամբ կազմակերպվել էր բասկետբոլի հանդիպում:
Նինոծմինդայի մունիցիպալիտետում բասկետբոլի մարզիչ չլինելու պատճառով այս մարզաձևը մեզանում զարգացած չէ: Միայն Գանձա գյուղում պատմության ուսուցչուհի Նարինե Մխիթարյանը, ով այսօրվա սպորտային միջոցառման կազմակերպիչն էր, անձամբ որոշել է զարգացնել այս մարզաձևը իրենց գյուղում: Տիրապետելով բասկետբոլի խաղային կանոններին` Նարինեն աշակերտներից թիմ է կազմել և սկսել մարզել նրանց:
Բասկետբոլը 1936 թվականից ի վեր ներառված է Օլիմպիական մարզաձևերի ցանկում: Բասկետբոլի տղամարդկանց կանոնավոր առաջնություններ անցկացվում են սկսած 1950 թվականից, իսկ կանանց մասնակցությամբ՝ 1953 թվականից, 1935 թվականից անցկացվում է բասկետբոլի Եվրոպայի առաջնություն:
Երկու ամիս է, ինչ Նարինե Մխիթարյանը բասկետբոլ է սովորեցնում աշակերտներին՝ հասնելով լավ արդյունքի: Ինչպես ինքն է նշում, այս ամենը նա կատարում է անվճար, նրա նպատակն է գյուղում զարգացնել այս մարզաձևը:
Ամեն օր դասերից հետո Նարինե Մխիթարյանը իր աշակերտների համար պարապմունքնեներ է իրականացնում Գանձա գյուղի Շոթա Ռուսթավելու անվան թիվ 2 դպրոցի մարզադահլիճում: Գանձա գյուղում բասկետբոլի զարգացման համար Նինոծմինդայի մունիցիպալիտետի սպորտի բաժնի ներկայացուցիչը հանդիպումից հետո մարզիկներին հանձնեց հուշանվերներ և բասկետբոլի գնդակ:
Բորիս Ղարսլյան