Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում երկու խնդիր կա՝ ճանապարհներ և խմելու ջուր։
2023 թվականի հուլիսին NOR ռադիոն հրապարակեց հոդված, որտեղ Սաթխա գյուղի բնակիչներն իրենց դժգոհությունն էին հայտնում տեղական ճանապարհների վատ վիճակի վերաբերյալ։
Բնակիչները նշել են ճանապարհների հատկապես անմխիթար վիճակը անձրևների ժամանակ, երբ անհնար է ճանապարհով անցնել ո՛չ ոտքով, ո՛չ մեքենայով։ Հատկապես կրիտիկական է համարվում գերեզման տանող ճանապարհը, որի հետևանքով մեքենաները փչանում են և անվադողերը պայթում։ «Մենք գումար ենք ծախսում մեքենաների վերանորոգման վրա, բայց ի՞նչ իմաստ ունի մեքենան վերանորոգել, եթե մի երկու օր անց այս ճանապարհով վարելիս նորից ամեն ինչ դառնում է նույնը»,- ասում են բնակիչները։
Բնակիչները դիմել են ղեկավարությանը` խնդրելով ուշադրություն դարձնել իրենց խնդրին և ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ։
2024 թվականին Սաթխա գյուղի ասֆալտապատման համար հատկացվել է 840 000 լարի, պետական բյուջեից՝ 95%, իսկ տեղական բյուջեից՝ 5%։ Ժդանովական-Սամեբա-Սաթխա ճանապարհների վերանորոգման համար հայտարարվել է ընդհանուր մրցույթ՝ 3 146 298 լարիի չափով։ 3,060,000 լարիի չափով մրցույթում հաղթող է ճանաչվել Ջավախավտոգզա ընկերությունը։ Ներկայումս քաղաքապետարանի և ընկերության միջև պայմանագիր է նախապատրաստվում։
Եկեղեցուց գերեզմանոց տանող ճանապարհի մոտ 900 մետրը կասֆալտապատվի։ Ժամկետը 20 շաբաթ է՝ սկսած պայմանագրի ստորագրման օրվանից։
Գյուղի բնակիչները նշում են, որ ճանապարհների վերանորոգումը շատ կարևոր է, և լավ կլինի, եթե գյուղի ներսում բոլոր ճանապարհները ասֆալտապատվեն։