Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ սխալ է ռուս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին համեմատել Վրաստանի բանտարկված նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի հետ։
Այս մասին Զուրաբիշվիլին հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում։
Լրագրողը հարցրել է, թե ինչ է մտածում նախագահը` բանտում Նավալնիի մահվան մասին՝ մատնանշելով, որ Վրաստանը «ունի Միխեիլ Սաակաշվիլիին, ով նույնպես ծանր վիճակում է»։
«Չեմ կարծում, որ մենք կարող ենք համեմատել։ Համեմատելու իմաստ չկա, հատկապես այս դեպքում: Վրաստանը Ռուսաստան չէ, և ես դա միշտ կկրկնեմ»,- պատասխանել է Զուրաբիշվիլին։
Նա հավելել է, որ Նավալնիի մահը համարում է «աղետ և ողբերգություն մարդու իրավունքների և ժողովրդավարության համար ողջ աշխարհում»։
«Ռուսաստանի համար դա միայն կհաստատի, թե ինչպիսի ռեժիմ է այսօր Ռուսաստանում»,– հավելել է նախագահը։
Նախկինում նման հաղորդագրություններով հանդես էր եկել իշխող «Վրացական երազանք»-ը։ Իշխանության մեջ գտնվող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն ասել է, որ «անբարոյական և ցինիկ» է համեմատել Նավալնիին և Սաակաշվիլիին, որոնք «ստեղծեցին մի համակարգ, որում հարյուրավոր մարդիկ մահացան անհայտ հանգամանքներում»։ Միևնույն ժամանակ, ըստ Մդինարաձեի, ի տարբերություն Նավալնիի, Սահակաշվիլին «պատիժը կրում է երկու սենյականոց սյուիտում»։
Ինքը՝ Սաակաշվիլին, նախօրեին հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս իրեն համեմատել է Նավալնիի հետ և «նրանց հավասարապես ատել»։ Քաղաքական գործիչը պնդում է, որ Պուտինի ցուցումով իրեն թունավորել են բանտում, և դա գրեթե իր կյանքի գնով։