Վրաստանի կանանց հիմնադրամն Ախալցիխեում անցկացրեց Սամցխե-Ջավախեթիում գործող կանանց հարցերով աշխատող կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպում։
Փետրվարի 16-ին կայացած հանդիպման հիմնական թեման տեղական կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտող մարտահրավերների քննարկումն ու մոբիլիզացման ռազմավարության մշակումն էր։ Կանանց հիմնադրամի ներկայացուցիչները՝ Մարիամ Ճանճալեիշվիլին և Թամար Շատբերաշվիլին ներկայացրին հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերը։
Կայացավ քննարկում մասնակիցների միջև, մասնավորապես, քննարկվեցին մարզում առկա խնդիրները, հանդիպման մասնակիցները կիսվեցին նաև դրանք լուծելու ուղղությամբ իրենց փորձով։ Մասնակիցները առանձնացրին այն գործոններն, որոնք դրական կամ բացասական ազդեցություն են ունենում հասարակական սեկտորի գործունեության վրա
Կանանց հիմնադրամի աշխատակից Մարիամ Ճանճալեիշվիլին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում գնահատելով հանդիպումը՝ ընդգծեց․
«Մեզ համար կարևոր է իմանալ՝ ինչ է կատարվում մարզում, ինչն է անհանգստացնում հասարակությանը, քաղաքացիական ակտիվիստներին, ինչ խնդիրների են նրանք բախվում։ Նաև կարևոր է մեր գործունեության՝ առկա ծրագրերի և նախագծերի մասին տեղեկություն փոխանցել։ Հետաքրքիր զրույց ունեցանք նրանց հետ՝ փորձելով առավելագույնը ներկայացնել, թե ինչպիսի նախաձեռնությունների կարող ենք աջակցել»։
Հանդիպման համակարգողն էր Լյոլյա Ռայիսյանը, ով Կանանց հիմնադրամի հետ համագործակցում է ավելի քան 4 տարի է և բազում նախագծեր է իրականացրել կանանց զարգացմանն ուղղված։
«Հանդիպման գլխավոր նպատակը, որը տարբեր կազմակերպություններին համախմբելը և քննարկման հարթակ տրամադրելն էր, կարելի է կայացած համարել։ Շատ կարևոր էր այս հանդիպումը, քանի որ այն հնարավորություն տվեց երկխոսություն ստեղծել հիմնադրամի և կազմակերպություններ միջև։ Արդյունավետ էր այն, որովհետև նախանշվեցին հետագա անելիքները, թե ինչպես պետք է համագործակցեն կազմակերպությունները, լրատվամիջոցները և հիմնադրամը», — նշում է Ռայիսյանը։ aliq.ge