Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից նվազել է

Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից նվազել է

2022 թվականի համեմատ՝ 2023 թվականին Վրաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից նվազել է, սակայն 2021 թվականի համեմատ Ռուսաստանից տնտեսական կախվածությունը զգալիորեն աճել է։ 2023 թվականին Ռուսաստանից տնտեսական կախվածության նվազումը հիմնականում պայմանավորված էր տրանսֆերտների նվազմամբ,- ասված է «Միջազգային թափանցիկություն  – Վրաստանին» հասարակական կազմակերպության տրամադրած տեղեկատվության մեջ։

Կազմակերպության կողմից իրականացված հետազոտության համաձայն՝ 2023 թվականին Վրաստանը ստացել է 3,1 միլիարդ դոլարի եկամուտ Ռուսաստանից փոխանցումներից, զբոսաշրջությունից և ապրանքների արտահանումից, ինչը 13 տոկոսով պակաս է 2022 թվականի ցուցանիշից։ 2023 թվականին Ռուսաստանից ստացված եկամուտը կազմել է Վրաստանի տնտեսության 10,3 տոկոսը, իսկ 2022 թվականին՝ 14,5 տոկոսը։ 2021 թվականին այս ցուցանիշը կազմում էր 6,3%, իսկ մինչ համաճարակը 2019 թվականին այն կազմում էր 9,7%։

«2023 թվականի հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից Վրաստան է մուտքագրվել 67 միլիոն դոլարի ուղղակի ներդրումներ, ինչը 17 տոկոսով ավելի է 2022 թվականի հունվար-սեպտեմբերի ցուցանիշից։ 67 մլն դոլարի ներդրումից 20,3 մլն դոլարն ուղղվել է ֆինանսական և ապահովագրական գործունեության, իսկ 19,8 մլն դոլարը՝ անշարժ գույքի ոլորտին»,- ասվում է տեղեկատվության մեջ։ tv9news.ge