Եվրոպական միության թեկնածու երկրները միանում են Եվրոպական տնտեսական եւ սոցիալական կոմիտեի աշխատանքներին

Եվրոպական միության թեկնածու երկրները միանում են Եվրոպական տնտեսական եւ սոցիալական կոմիտեի աշխատանքներին

Վրաստանում ԵՄ դեսպանը ծանոթացել է Մառնեուլում եւ Սամշվիլդեում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքին

Փետրվարի 15-ին Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին այցելել էր Մառնեուլ համայնք եւ Սամշվիլդե գյուղ։ Այցի նպատակն էր անմիջականորեն շփվել տեղական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության եւ երիտասարդության հետ եւ ավելի լավ պատկերացում կազմել տարածաշրջանում առկա խնդիրների ու հնարավորությունների մասին:

Դեսպան Հերչինսկին հանդիպել է «Կարմիր կամուրջ» ՀԿ-ի հիմնադիրներին եւ դինամիկ շփում է ունեցել տեղի երիտասարդների հետ: Կազմակերպությունը ներկայացրել է իր նախագծերը, որոնք նպաստում են էթնիկ ադրբեջանցիների ներգրավմանը Վրաստանի զարգացմանը:

ԵՄ ֆինանսական աջակցությամբ գործող STAR տարածաշրջանային կենտրոնում դեսպան Հերչինսկին հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ տեղական ակտիվիստների հետ՝ քննարկելու տեղական նախաձեռնությունները, քաղաքացիական հասարակության առջեւ ծառացած մարտահրավերները եւ ԵՄ համագործակցության հնարավոր ուղիները:

«Ձեր ջանքերը կապահովեն ավելի ներառական, կենսունակ եւ փոխկապակցված համայնքի զարգացում՝ հիմնված այն սկզբունքների վրա, որոնք խորապես համահունչ են Եվրոպական միության արժեքներին», – ասել է դեսպան Հերչինսկին:

Այցն ավարտվել է Սամշվիլդե գյուղում, որտեղ դեսպանը ծանոթացել է ԵՄ աջակցությամբ գործող «Օրբիս Բուդե» սոցիալական ձեռնարկության գործունեության հետ։ Առաջարկելով զբոսաշրջային ծառայությունների լայն շրջանակ՝ ձեռնարկությունը նպաստում է տարածաշրջանի մշակութային ժառանգության հանրահռչակմանը եւ հանդես է գալիս ներառականության օգտին՝ իր գործունեության մեջ ներգրավելով տեղի կանանց:

ՎԶԵԲ-ը եւ ԵՄ-ն աջակցում են Վրաստանի ամենամեծ հիդրոէլեկտրակայանի արդիականացմանը

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) որոշել է 28 միլիոն եվրոյի սուվերեն վարկ տրամադրել Վրաստանի ամենամեծ էլեկտրակայանի՝ Ինգուրի հիդրոէլեկտրակայանի արդիականացմանն ու վերականգնմանը։

ՀԷԿ-ը շահագործող ընկերությանը՝ Engurhesi LTD-ին տրամադրվող ֆինանսավորումը կհամալրվի Եվրոպական միության կողմից 7,05 մլն եվրո դրամաշնորհով:

Այս փաթեթով կֆինանսավորվեն Ինգուրի ամբարտակի կառուցվածքի երկարաժամկետ ամրակայման աշխատանքները, ստորգետնյա թունելի եւ ջրամբարի վերանորոգումը` ապահովելու ավելի հուսալի էներգաարտադրություն եւ ցանցային համակարգ: Բացի այդ, ներդրումները թույլ կտան նվազեցնել ջրի արտահոսքը գլխամասային թունելում եւ կապահովեն լրացուցիչ վերականգնվող էներգիայի արտադրություն:

Միջոցները կօգտագործվեն նաեւ կենսական ենթակառուցվածքներ (օրինակ՝ ամբարտակի մոնիտորինգի ճանապարհներ) կառուցելու, էլեկտրաէներգիայի ցանցի անվտանգությունն ու հուսալիությունը եւ էներգիայի արտադրությունը բարելավելու, ինչպես նաեւ Ինգուրի ամբարտակից ներքեւ գտնվող հատվածով ձկնուղի ստեղծելու համար:

1970-ականներին կառուցված էներգետիկ համալիրը, որը ներառում է Ինգուրի եւ Վարդնիլի ՀԷԿ-երը, բավարարում է երկրի էներգետիկ կարիքների մոտավորապես 30 տոկոսը եւ առանցքային է երկրի էներգետիկ ենթակառուցվածքի համար:

ՎԶԵԲ-ը ներգրավված է Ինգուրի հիդրոէլեկտրակայանի վերականգնման գործում 1998 թվականից՝ օգնելով նվազեցնել Վրաստանի կախվածությունը էլեկտրաէներգիայի ներմուծումից, բարելավել իր էներգետիկ անվտանգությունը եւ աջակցելով երկրի՝ ավելի կանաչ եւ կայուն ապագայի ձգտումներին։

Թբիլիսիում մեկնարկել է երիտասարդների համար «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի եվրոպական տարբերակի նոր խաղամարաթոնը

2024 թվականին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացել է հանրահայտ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի եվրոպական տարբերակի առաջին խաղը։

Խաղն անցկացվել է միաժամանակ Թբիլիսիի 11 թաղամասերում եւ անչափահասների գաղութում։ Ընդհանուր առմամբ, մի քանի վայրերում զուգահեռաբար խաղում էին ավելի քան 140 թիմեր՝ ավելի քան 850 դպրոցականների մասնակցությամբ։

Խաղի հարցերը աշակերտներին հնարավորություն են տալիս զվարճալի եւ ինտերակտիվ կերպով ավելին իմանալ Եվրոպական միության եւ նրա անդամ երկրների մասին:

Խաղին մասնակցում են 8-12-րդ դասարանների աշակերտներ՝ հնարավորություն ստանալով հաճելի ժամանակ անցկացնելուն զուգահեռ արժեքավոր տեղեկություններ ստանալ ԵՄ-ի մասին։

Այս ձեւաչափով խաղն անցկացվում է 2023 թվականից։

Մինչ օրս խաղին իրենց մասնակցությունն են բերել ավելի քան 3500 երիտասարդներ Կախեթի, Աջարիայի, Շիդա Քարթլիի, Իմերեթի, Գուրիայի եւ Մցխեթա-Մթիանեթի տարածաշրջաններում։

2024 թվականի ընթացքում խաղը կանցկացվի նաեւ Վրաստանի այլ համայնքներում, այդ թվում՝ Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի, Սամեգրելո-Զեմո Սվանեթի, Ռաճա-Լեչխումի եւ Քվեմո Սվանեթի տարածաշրջաններում:

Մեծ եզրափակիչը տեղի կունենա Թբիլիսիում։ Նախատեսվում է, որ այն կհամընկնի 2024 թվականի մայիսին կայանալիք Եվրոպայի օրվա տոնակատարությունների հետ:

Միացե՛ք Եվրոպական հանձնաժողովին հոկտեմբերին՝ դառնալով Blue Book ծրագրի փորձնակ

Փետրվարի 19-ին, ժամը 10:00-ին (ԿԵԺ) Եվրոպական հանձնաժողովը կսկսի իր երկու ամենամյա փորձնակության ծրագրերից մեկի համար հայտերի ընդունումը։

2024 թվականի հոկտեմբերին մեկնարկող փորձաշրջանը կտեւի հինգ ամիս եւ դիմորդներին հնարավորություն կտա հավակնել շուրջ 1000 պաշտոնների Հանձնաժողովի բազմաթիվ ստորաբաժանումներում, ծառայություններում եւ գործակալություններում, որոնք տեղաբաշխված են Բրյուսելի, Լյուքսեմբուրգի եւ ԵՄ անդամ 27 երկրների ազգային բյուրոների միջեւ:

Դիմելու իրավասություն ունեն ԵՄ անդամ բոլոր երկրների քաղաքացիները։ Սահմանափակ թվով տեղեր են նախատեսված ԵՄ անդամ չհանդիսացող երկրների, այդ թվում՝ Արեւելյան գործընկերության քաղաքացիների համար։

Փորձնակության ծրագրերը բաժանվում են երկու տեսակի՝ վարչական փորձնակություն եւ թարգմանչական փորձնակություն՝ հատուկ Թարգմանությունների գլխավոր տնօրինության (DGT) համար: Եվրոպական հանձնաժողովի համատեղ հետազոտական կենտրոնում էլ գիտական փորձնակության հնարավորություն կա։

Դիմորդները պետք է ունենան բակալավրի կամ համարժեք աստիճան, չունենան վեց շաբաթը գերազանցող աշխատանքային փորձ ԵՄ հաստատություններում եւ վարժ տիրապետեն ԵՄ առնվազն երկու լեզուների, որոնցից մեկը՝ անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն:

Ակնկալվում է, որ փորձնակները կունենան Եվրոպային առնչվող հիմնահարցերի վերաբերյալ անաչառ մոտեցում, Հանձնաժողովի աշխատանքի նկատմամբ հետաքրքրություն, ինչպես նաեւ նախաձեռնողականություն եւ բազմամշակութային միջավայրում աշխատելու պատրաստակամություն:

Ընտրված փորձնակները կստանան 1,376.89 եվրո դրամաշնորհ՝ իրենց կեցության ծախսերը հոգալու համար, բայց կացարանի ապահովության հարցով պետք է զբաղվեն սեփական նախաձեռնությամբ։

Փորձնակի ամենօրյա աշխատանքը ենթադրում է տարբեր առաջադրանքների կատարում, ներառյալ հանդիպումների, աշխատանքային խմբերի եւ հանրային լսումների մասնակցությունն ու կազմակերպումը, փաստաթղթերի ուսումնասիրությունը, քաղաքացիների հարցումներին պատասխանելը եւ նախագծերի կառավարմանն աջակցելը:

Դիմումները կընդունվեն Եվրոպական հանձնաժողովի վավերացման ծառայության (EU Login) միջոցով, որտեղ դիմորդները պետք է գրանցվեն:

Սիրի՛ր, շոյի՛ր, որդեգրի՛ր. երիտասարդ եվրոպական դեսպանների՝ կենդանիներին ապաստանով ապահովելու արշավը հասել է Վրաստան

Այս ձմռանն Ադրբեջանում հաջող մեկնարկից հետո երիտասարդ եվրոպական դեսպանները (ԵԵԴ) փետրվարի 8-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի բերեցին «Սիրի՛ր, շոյի՛ր, որդեգրի՛ր (Love, Pet, Adopt!)» արշավը։

Վրաստանցի ԵԵԴ-ները 20 ապաստարան են տեղադրել Թբիլիսիի փողոցներում, եւս 80-ի տեղադրումը նախատեսված է ինչպես Թբիլիսիում, այնպես էլ այլ քաղաքներում, այդ թվում՝ մարզկենտրոններ Քութայիսում, Բաթումում եւ Զուգդիդում:

Նախաձեռնությունն առաջարկում է անօթեւան կենդանիներին բնակեցնելու կայուն մոտեցում եւ այն դրական ազդեցության օրինակ է, որին կարելի է հասնել համագործակցության միջոցով: Դեսպանները հուսով են, որ արշավը կօգնի լուծել Արեւելյան գործընկերության առջեւ ծառացած սոցիալական եւ բնապահպանական խնդիրները եւ կնպաստի կայուն գործելակերպերին, ինչպիսին է վերամշակումը:

Ծրագրի ֆինանսավորումը տրամադրել է Եվրոպական միությունը՝ համագործակցելով ֆիննական «Wolt» տեխնոլոգիական ընկերության վրացական մասնաճյուղի հետ, որի առաքման պայուսակները վերամշակվել են տուփերը ստեղծելու համար։

Նախաձեռնության շրջանակներում նախորդ տարվա դեկտեմբերին ադրբեջանցի երեք ԵԵԴ-ների հաջողվել է 30 կացարան տեղադրել Բաքվի, Գյանջայի եւ Լենքորանի փողոցներում՝ պատսպարելով ավելի քան 40 կատվի:

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ (ԵԵԴ-ներ)» նախաձեռնությունը համախմբում է սոցիալապես ակտիվ երիտասարդներին Արեւելյան գործընկերության վեց երկրներից, Եվրոպական միությունից եւ Միացյալ Թագավորությունից՝ խթանելու երկխոսությունը եւ բարձրացնելու Արեւելյան գործընկերության երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկությունը:

Եվրոպական միության թեկնածու երկրները միանում են Եվրոպական տնտեսական եւ սոցիալական կոմիտեի աշխատանքներին

Փետրվարի 15-ին Եվրոպական տնտեսական եւ սոցիալական կոմիտեն (ԵՏՍԿ) պաշտոնապես հանդես եկավ ԵՄ թեկնածու երկրների, այդ թվում՝ Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին իր շարքերն ընդունելու նախաձեռնությամբ։

Թեկնածու երկրներից ընդհանուր առմամբ ընտրվել են 131 ներկայացուցիչներ (Enlargement Candidate Members – ECM)։ Նրանք կկազմեն քաղաքացիական հասարակության փորձագիտական խումբ, որը կմասնակցի կոմիտեի աշխատանքներին, այսպիսով ԵՏՀ-ն դարձնելով առաջին կառույցը, որը բացել է իր դռները ԵՄ թեկնածու երկրների համար: Նշված թիվը ներառում է 15 փորձագետ Վրաստանից, 16-ը՝ Մոլդովայից, 22-ը՝ Ուկրաինայից։ Թեկնածու երկրներից ընտրված փորձագետների ամբողջական ցանկը հասանելի է այս կայքում:

«Մենք այլեւս չենք կարող սպասեցնել թեկնածու երկրներին։ Մենք պետք է սկսենք միասին աշխատել արդեն հիմա՝ փոխանակվենք տեսակետներով, հաստատենք կապեր եւ ձեւավորենք ուժեղ ու առողջ քաղաքացիական հասարակություն: Ահա թե ինչու ԵՏՍԿ-ն որոշեց բացել իր դռները թեկնածու երկրների առաջ եւ մեր աշխատանքում ներգրավել նրանց ներկայացուցիչներին՝ ECM-ներին»,- նշել է ԵՏՍԿ նախագահ Օլիվեր Ռոպկեն։ Նա հավելել է, որ ընդլայնումն «ամենակարեւոր եւ ռազմավարական ընտրություններից մեկն է Եվրոպական միության եւ այս մայրցամաքի ապագայի համար»։

ECM-ը պիլոտային ծրագիր է, որը թույլ է տալիս ԵՄ թեկնածու երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին (գործատուներ, արհմիութենական գործիչներ եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ) մասնակցել ԵՏՍԿ խորհրդատվական աշխատանքին: Սա նշանակում է, որ նշված ներկայացուցիչները կնպաստեն ԵՏՍԿ-ի կարծիքների մշակման գործընթացին եւ կմասնակցեն համապատասխան ուսումնասիրության խմբերին, բաժինների հանդիպումներին եւ ԵՏՍԿ-ի առանձին լիագումար նիստերին: Գործնականում կարծիքների պատրաստմանը յուրաքանչյուր թեկնածու երկրից կմասնակցեն երեքական ECM։

Ժոզեպ Բորելը ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդի հերթական հանդիպմանն ասել է, որ ԵՄ-ն Թբիլիսիի կողմից «զգալի առաջընթաց» է ակնկալում ԵՄ արժեքներին համապատասխանելու հարցում

Ս.թ. փետրվարի 20-ին Բրյուսելում կայացել է ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդի 8-րդ նիստը։

Հանդիպումը նախագահել են ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Հանդիպմանը քննարկվել են Վրաստանի՝ ԵՄ անդամակցությանը, քաղաքական երկխոսությանն ու բարեփոխումներին, տնտեսական եւ ոլորտային համագործակցությանը, առեւտրին եւ դրան առնչվող հիմնահարցերին, ինչպես նաեւ հակամարտությունների խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր։

ԵՄ-ի եւ Վրաստանի ներկայացուցիչները մտքեր են փոխանակել արտաքին եւ անվտանգության քաղաքականության, մասնավորապես՝ տարածաշրջանային խնդիրների եւ անվտանգության ու պաշտպանության ոլորտում համագործակցության շուրջ։

Մեկնաբանելով Վրաստանին թեկնածու երկրի կարգավիճակ շնորհելուց հետո Ասոցացման խորհրդի այս առաջին հանդիպումը՝ Բորելը նշել է, որ «թեկնածու երկիր լինելը պահանջում է նոր մակարդակի ջանքեր, ինչպես նաեւ ավելացնում է կառավարության, ընդդիմության, բոլորի պարտականությունների շրջանակի»:

Բորելն ասել է, որ Եվրոպական հանձնաժողովի առաջարկների 9-ը քայլերը կատարելու համար Վրաստանը պետք է «վճռական քայլեր ձեռնարկի քաղաքական լարվածությունը նվազեցնելու ուղղությամբ»։ Նա նաեւ ասել է, որ ԵՄ-ն առաջիկա տարիներին Վրաստանի կողմից «զգալի առաջընթաց» է ակնկալում ԵՄ արժեքներին եւ սկզբունքներին համապատասխանելու հարցում։

Բորելը հավելել է, որ ԵՄ-ն անհանգստացած է Վրաստանում հակաարեւմտյան ապատեղեկատվության եւ հռետորաբանության տարածմամբ եւ խրախուսում է Թբիլիսիին կրկնապատկել ջանքերը՝ պայքարելու տեղեկատվական մանիպուլյացիայի եւ արտաքին միջամտության դեմ:

Նա նաեւ ողջունել է Վրաստանի կողմից մինչ այժմ ձեռնարկված ընտրական բարեփոխումները եւ խրախուսել է երկրին վերջնականացնել այդ գործընթացը գալիք ընտրություններից առաջ։

Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն «էապես ամրապնդել է» իր համագործակցությունը Վրաստանի հետ անվտանգության եւ պաշտպանության ոլորտում։ Խաղաղության եվրոպական հիմնադրամի միջոցով Վրաստանը ստացել է մոտ 63 միլիոն եվրոյի ինժեներական, նյութատեխնիկական եւ կիբերպաշտպանության աջակցություն: «Այս տարի այդ աջակցությունը կավելանա», – ասել է Բորելը:

Եվրոպական համերաշխության կորպուս. Global Startup Awards-ը փնտրում է կամավորի՝ Բուդապեշտում իր գործունեությանն աջակցելու համար

Գլոբալ ստարտափ մրցանակաբաշխությունը (Global Startup Awards) փնտրում է  նորարական ծրագրի կամավոր օգնականի, որը մեկ տարի՝ 2024 թվականի մարտի 20-ից մինչեւ 2025 թվականի մարտի 19-ը կաջակցի իրենց ամենօրյա գործունեությանը Բուդապեշտում: Դիմել կարող են 18-30 տարեկան երիտասարդները Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից:

Կամավորը կաջակցի մարքեթինգի, բիզնեսի զարգացման, ՏՏ եւ տվյալների վերլուծության թիմերին՝ տվյալների վերլուծության հիմնական առաջադրանքները կատարելիս: Հաղորդակցությունը կիրականացվի վիրտուալ հանդիպումների, հեռախոսի եւ էլեկտրոնային փոստի միջոցով:

Իդեալական թեկնածուն պետք է լինի նախաձեռնող, ունենա նոր շփումներ հաստատելու շահագրգռվածություն, ինչպես նաեւ անձնական զարգացման մղում եւ այլ լեզուների ու մշակույթների հետ ծանոթանալու ցանկություն: Հաղորդակցման լավ հմտությունները, տեղական համայնքի հետ շփվելու եւ ինչպես դաշտային, այնպես էլ գրասենյակային աշխատանքին աջակցելու մոտիվացիան, ինչպես նաեւ միջազգային հարաբերությունների, ժողովրդավարության եւ միջազգային քաղաքականության նկատմամբ հետաքրքրությունը կդիտվեն որպես առավելություն։

Կամավորին կտրամադրվի կիսովի բնակարան՝ բոլոր անհրաժեշտ կոմունալ հարմարություններով, ինչպես նաեւ ամսական 120 000 հունգարական ֆորինտ (մոտ 310 եվրո) նպաստ եւ հասարակական տրանսպորտի ծախսերի փոխհատուցում: Կամավորը կստանա նաեւ ԵՄ-ի լեզվի աջակցության առցանց գործիքը՝ հունգարերեն սովորելու նպատակով:

Հունգարիայի ազգային գործակալությունը կտրամադրի ժամանման եւ միջնաժամկետ ուսուցում, միջոցառումներից առաջ, ընթացքում եւ հետո աջակցություն, գնահատման հանդիպումներ, մենթորների եւ ղեկավարների աջակցություն, ինչպես նաեւ լրացուցիչ վկայականներ կամ երաշխավորական նամակներ, եթե դրանք կամավորին անհրաժեշտ լինեն:

Դիմումներն ընդունվում են մինչեւ 2024 թվականի մարտի 1-ը:

Global Startup Awards-ը (GSA) աշխարհի խոշորագույն անկախ ստարտափ մրցույթն է, որն իրականացնում է ծրագրեր եւ կազմակերպում միջոցառումներ ավելի քան 120 երկրներում: Դրա նպատակն է ոգեշնչել, մոտիվացնել եւ ճանաչման արժանացնել ձեռներեցությունը համաշխարհային մակարդակով: Global Startup Awards-ի վերջին մրցույթին առաջադրվել է 28000 ստարտափ նախագիծ՝ հավաքելով 210000 հանրային ձայն։

Radio NOR · Եվրոպական միության թեկնածու երկրները միանում են Եվրոպական տնտեսական կոմիտեի աշխատանքներին

«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:

Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից  ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։