Դաժան սպանություն արևելյան Վրաստանում. դատարանը մեղադրյալին դատապարտել է 17 տարվա ազատազրկման

Դաժան սպանություն արևելյան Վրաստանում. դատարանը մեղադրյալին դատապարտել է 17 տարվա ազատազրկման

Թելավիի շրջանային դատարանը մեղադրյալին մեղավոր է ճանաչել մի խումբ անձանց կողմից ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության մեջ՝ դատապարտելով 17 տարվա ազատազրկման, հաղորդում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ 2023 թվականի հունվարի 18-ին Գուրջաանիի շրջանի Վելիսցիխե գյուղում (Կախեթի շրջան) մեղադրյալի տանը երկու հոգի, վրեժխնդիր լինելով, բութ առարկայով մարմնական վնասվածքներ են հասցրել տուժողին, այնուհետև խեղդամահ են արել նրան։ Տուժածը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։

Դրանից հետո հանցագործները սպանվածին թաղել են Վելիսցիխեի ոռոգման ջրանցքի տարածքում գտնվող ջրհորի մեջ։

Բացի այդ, հարձակվողները տուժողին պատկանող բջջային հեռախոս են վերցրել։

Գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում՝ դիակը ջրհորում հայտնաբերվել է 2023 թվականի մայիսի 25-ին։

Ինչ վերաբերում է երկրորդ ամբաստանյալին, ապա նա նույնպես մեղադրվում է դիտավորյալ սպանության և ծանրացուցիչ հանգամանքներում խմբի կողմից կատարված գողության համար։ Թելավիի շրջանային դատարանում նրա դեմ հարուցված քրեական գործը շարունակվում է։