Վրաստանի խորհրդարանի ֆինանսաբյուջետային հանձնաժողովը քննարկել է «Պետական փոխհատուցման և պետական ակադեմիական կրթաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը։ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը հանձնաժողովի նիստում ներկայացրել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Օրենսդրական փաթեթի համաձայն՝ փոփոխություններ են կատարվում նաև «Բանակից զորացրված անձանց սոցիալական ապահովության, ներքին գործերի մարմինների և պետական պահպանության հատուկ ծառայության և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Քաղաքացիական անվտանգության մասին» օրենքներում։
Նախագիծը նախատեսում է բանակից զորացրված աշխատողների սոցիալական երաշխիքների բարելավում, համապատասխանաբար բարձրացվում է կենսաթոշակի առավելագույն շեմը։
Փոփոխությունների համաձայն՝ կառավարության նախաձեռնությամբ առաջարկվում է 560 լարիի սահմանաչափը դարձնել 1000 լարի, իսկ վերին շեմը՝ 1200 լարի։
Բացի այդ, 2013 թվականից ի վեր առաջին անգամ փոխվել է գործակիցների հաշվարկման մեթոդաբանությունը և գործակիցների չափը 5-ից հասցվել է 25 լարիի՝ կախված կոչումից։ Բարձրացվել է նաև նախկին դատավորների, նախկին դատախազների, նախկին պատգամավորների, խորհրդարանի աշխատակիցների, նախկին դիվանագետների, քաղաքացիական ավիացիայի նախկին պաշտոնյաների, նախկին գլխավոր աուդիտորի և նրա տեղակալների համար։
Ըստ Ալեքսանդր Դարախվելիձեի, այս փոփոխությունները, ի վերջո, կանդրադառնան բյուջեի ծախսային մասի վրա և կտրամադրվեն 45 մլն լարի լրացուցիչ ծախսեր։
Օրենսդրական փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն 2024 թվականի մայիսի 1-ից, ըստ այդմ՝ կենսաթոշակը կվերահաշվարկվի նրանց համար, ում այն արդեն նշանակվել է։