Եռամյա բակալավրիատը հասանելի կլինի Վրաստանի համալսարաններում

Եռամյա բակալավրիատը հասանելի կլինի Վրաստանի համալսարաններում

Վրացական համալսարանները կկարողանան ստեղծել եռամյա բակալավրիատի ծրագրեր բիզնեսի կառավարման և արվեստի ոլորտներում։ Օրենսդրական տեղեկագրի կայքում արդեն հրապարակվել է կրթության նախարարի համապատասխան հրամանը։

Մինչ այժմ վրացական բուհերում բակալավրիատի բոլոր ծրագրերի տեւողությունը չորս տարի էր։

Կրթության նախարարության ղեկավար Գեորգի Ամիլախվարին պարզաբանել է, որ այժմ բուհերը կկարողանան ընտրել, թե այս երկու ուղղություններով ինչ ծրագրեր առաջարկեն դիմորդներին՝ քառամյա, թե կրճատված: Միաժամանակ ապագայում կընդլայնվի բակալավրիատի եռամյա ծրագրերի ոլորտները։

«Այստեղ հայտարարում եմ, որ մենք դրանով կանգ չենք առնելու։ Մենք կշարունակենք աշխատել տարբեր ոլորտներում, որտեղ հնարավոր է»,- ասել է նախարարը «Իմեդի» հեռուստաալիքի եթերում։

Բացի այդ, բիզնեսի կառավարման ոլորտում վրացական բուհերը կկարողանան ներդնել ոչ թե երկամյա, այլ մեկամյա մագիստրոսական ծրագրեր։ Խոսքը բիզնեսի կառավարման գործադիր մագիստրոսի (EMBA) ծրագրերի մասին է, որոնք նախատեսված են բիզնեսի սեփականատերերի և որոշակի աշխատանքային փորձ ունեցող մենեջերների համար։

«Իրականում սա շատ հարմար է ինչպես տեղացի, այնպես էլ արտասահմանցի ուսանողների համար, քանի որ բուհերին հնարավորություն է տրվում երկու ծրագրերն իրականացնել և՛ վրացերեն, և՛ անգլերեն»,- ասել է Ամիլախվարին։

Սակստատի տվյալներով՝ 2022-2023 ուսումնական տարվա սկզբի դրությամբ Վրաստանում գործում էր 62 բարձրագույն ուսումնական հաստատություն։ Դրանցից 19-ը պետական ​​են, 43-ը՝ մասնավոր։