Վրաստանում կենսաթոշակը հարևան երկրների միջև ամենացածր ցուցանիշին է
Վրաստանում կենսաթոշակը կազմում է միջին աշխատավարձի ընդամենը 17 տոկոսը, ինչը ամենացածր ցուցանիշն է հարևան երկրների միջև:
Վրաստանում միջին կենսաթոշակը 315 լարի է, այսօրվա փոխարժեքով մոտ 120 դոլար։ Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը եղել է 295 լարի։ Ինչ վերաբերում է միջին աշխատավարձին, ապա Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) վերջին տվյալներով այն կազմում է 1 855 լարի կամ այսօրվա փոխարժեքով մոտ 700 դոլար։ Արդյունքում ստացվում է, որ երկրում կենսաթոշակը միջին աշխատավարձի 17 տոկոսն է։
BusinessMediaGeorgia լրատվականը՝ վկայակոչելով հարևան երկների լրատվամիջոցներին, վիճակագրական ծառայություններին գրել է, որ.
Վրաստանից հետո ամենացածր ցուցանիշն ունի Ռուսաստանը՝ 35,8 տոկոս։ Ավելի կոնկրետ՝ 2024 թվականի փետրվարի դրությամբ Ռուսաստանում միջին աշխատավարձը կազմում է 711 դոլար, իսկ միջին կենսաթոշակը կազմում է՝ 255 դոլար,
Հայաստանում միջին աշխատավարձը 431 դոլար է, իսկ միջին կենսաթոշակը՝ 172 դոլար: Արդյունքում ստացվում է, որ ՀՀ-ում կենսաթոշակը միջին աշխատավարձի 40 տոկոսն է։
Թուրքիայում միջին աշխատավարձը 452 դոլար է, իսկ միջին կենսաթոշակը՝ 240 դոլար։ Ըստ այդմ՝ ստացվում է, որ կենսաթոշակը կազմում է աշխատավարձի 53 տոկոսը։
Լավագույն իրավիճակը Ադրբեջանում է, որտեղ 2024 թվականի հունվարի 1-ից միջին կենսաթոշակը 256-ից դարձել է 285 դոլար։ Իսկ միջին աշխատավարձը՝ 458 դոլար է։ Արդյունքում ստացվում է, որ Ադրբեջանում կենսաթոշակը միջին աշխատավարձի 62,2 տոկոսն է։