Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի երկաթուղիների ղեկավարները քննարկում են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարության ավարտը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ադրբեջանի երկաթուղու խորհրդի նախագահ Ռովշան Ռուստամովի գլխավորած պատվիրակությունը այցելել է Վրաստան։
Այցի նպատակն է ծանոթանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի շինարարության, վերականգնման և վերակառուցման աշխատանքներին։ Ադրբեջանական պատվիրակության ղեկավարը կհանդիպի նաև Վրաստանի և Թուրքիայի երկաթուղային գերատեսչությունների ղեկավարների հետ։
Հանդիպման հիմնական թեման լինելու է նշված նախագծի ավարտը և բեռնափոխադրումների ծավալների ավելացումը։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ աշխատանքները շարունակվում են Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծի վրա, որը հանդիսանում է Միջին միջանցքի հիմնական ճյուղը։
Նրանց խոսքով՝ այս ճանապարհի վրացական հատվածի ընդլայնման աշխատանքները կավարտվեն մի քանի ամսից։ Այսպիսով, Բաքու-Թբիլիսի-Կարսի հզորությունը մեկ միլիոն տոննայից կհասնի 5 միլիոն տոննայի։