Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար, ովքեր նախատեսում են ուսումը շարունակել Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում, լեզվական խոչընդոտը շարունակում է խնդիր մնալ: Լեզուն հիմնովին տիրապետելու համար «1+4» ծրագրի շրջանակում վրացերենի մեկամյա նախապատրաստական դասընթացը բավարար չէ։
Նշված խնդրին հանդիպած ուսանողներից է Սարգիս Իրիցյանը, ով Նինոծմինդայի մունիցիպալիտետի (Սամցխե-Ջավախեթիի շրջան) Մեծ Գոնդուրա գյուղից է: 2022 թվականին ընդունվել է Թբիլիսիի Իլիայի պետական համալսարան։ Առաջին տարում հենց՝ վրացերենի նախապատրաստական կուրսում, դժվարացել է սովորել։
«Երբ նստեցի առաջին դասին, հասկացա, որ գրեթե ոչինչ չեմ հասկանում։ Իհարկե, շփվում էի ընկերներիս հետ, օգնում էինք միմյանց։ Այնուամենայնիվ, առաջին միջանկյալ քննության ժամանակ սկսվեց ամենադժվար փուլը․ ես ձախողեցի մեդիա դասընթացի (լսողական մաս) քննությունը։ Երկրորդ կիսամյակն էլ հեշտ չէր, դժվարացա քերականությունից, որի պատճառով էլ կես տարի ավել սովորեցի՝ դրա համար հավելյալ վճարելով»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Սարգիսը։
Վրաց լեզվի նախապատրաստական կուրսում ուսանողները պետք է մեկ տարի սովորեն վրացերեն: Եվ հետո, եթե հաջողությամբ ավարտեն բոլոր առարկաները և կուտակեն բավականաչափ կրեդիտներ (60 կրեդիտ), ապա հնարավորություն կունենան անցնել հաջորդ մակարդակ և դառնալ բուհի բակալավրիատի ուսանողներ։
Ծրագրի նպատակն է՝ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին ինտեգրել վրաց հասարակությունում։ Չնայած այն հանգամանքին, որ 2010 թվականից գործող «1+4» ծրագրի շրջանակներում բուհ ընդունվող ուսանողների թիվը տարեցտարի ավելանում է, վրացերենի անբավարար իմացությունը շարունակում է օրակարգում մնալ անգամ համալսարանում ուսումն ավարտելուց հետո։ Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարարի գրասենյակի տվյալներով, եթե 2010 թվականին այս ծրագրում ընդգրկված ուսանողների ընդհանուր թիվը (էթնիկ հայ և ադրբեջանցի ուսանողներ) կազմում էր 301, ապա 2023 թվականին այն հասել է 1545-ի։
Հոդվածի վրա աշխատելիս «Ալիք Մեդիա»-ն զրուցել է երեք ուսանողների հետ, ովքեր այս ծրագրով այժմ սովորում են բուհերում, կամ արդեն ավարտել են ուսումը։ Երեքն էլ ասում են, որ ծրագիրն ունի բազմաթիվ թերություններ և չի հասնում նախանշած նպատակին։
Վրաց լեզվի նախապատրաստական կուրսն ավարտած ուսանողները նշում են, որ մեկ տարին բավարար չէ լեզուն լիարժեք ուսումնասիրելու համար։ Լեզվական խոչընդոտը թե՛ համալսարանում սովորելիս, թե՛ ավարտելուց հետո էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներին անմրցունակ է դարձնում վրացալեզու ուսանողների նկատմամբ։
Վրացերենի անբավարար իմացության ակունքները նրանք տեսնում են դպրոցական և նախադպրոցական կրթության փուլում, և ծրագրի «բացերի» մեջ։
Ի տարբերություն Սարգիսի, Անդրանիկ Մինասյանը, որ Ախալքալաքից է, դժվարություններ չի ունեցել Թբիլիսիի պետական համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի ծրագրերն ավարտելու հարցում։ Սակայն, նրա կարծիքով, եթե չլիներ իր վրա աշխատելը, ինտենսիվ վրացերեն գրքեր կարդալը, շատ դժվարությունների կբախվեր։ Անդրանիկը 2012 թվականին ընդունվել է Թբիլիսիի պետական համալսարան «1+4» ծրագրով։ 2017 թվականին նա հաջողությամբ ավարտել է իրավագիտության բակալավրիատը, իսկ 2020 թվականին՝ մագիստրատուրան։ Համալսարանն ավարտելուց հետո հիմնել է Minasyan Law Firm իրավաբանական ընկերությունը։ «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում նշում է, որ իր ուսանողական տարիներին նախապատրաստական կուրսում էթնիկ հայերի և ադրբեջանցիների խմբերն առանձին-առանձին էին կազմվում։ Այդ իսկ պատճառով խմբի անդամների միջև վրացերեն շփում փաստացի տեղի չէր ունենում։ Անդրանիկն ասում է, որ «առանց պրակտիկայի անհնար է լեզուն ուսումնասիրել միայն տեսականորեն»։ Այժմ նախապատրաստական կուրսում խմբերը ձևավորվում են խառը, որտեղ միասին սովորում են տարբեր էթնիկ ծագման ուսանողներ:
«Սա լավ է այն տեսանկյունից, որ նրանց շփման միակ միջոցը վրացերենն է, որն օգնում է սովորել լեզուն»,- ասում է Անդրանիկը։
Հատկանշական է, որ ամեն տարի «Ընդհանուր հմտությունների» թեստից առավելագույն միավորներ ստացած յուրաքանչյուր էթնիկ խմբի 100 դիմորդ անվճար շարունակում է ուսումը ինչպես վրացերենի մեկամյա նախապատրաստական կուրսում, այնպես էլ դրա ավարտից հետո՝ 4 տարի բակալավրիատում։ Իսկ ովքեր այս հարյուրի մեջ չեն մտնում, ամեն տարի պետք է վճարեն 2250 լարի։ Սա նշանակում է, որ, օրինակ, 2023 թվականին ընդունված 1545 էթնիկ հայ և ադրբեջանցի ուսանողներից միայն 200–ն է ստացել ֆինանսավորում (100 էթնիկ հայ, 100 էթնիկ ադրբեջանցի), իսկ մնացած 1345 ուսանողներն իրենք են վճարում լեզվի ուսուցման նախապատրաստական կուրսի համար։
Կախա Գաբունիան, որ 2010-2020 թվականներին ղեկավարել է Թբիլիսիի պետական համալսարանում վրացերենի «1+4» նախապատրաստական ծրագիրը, կիսում է այն կարծիքը, որ վրացերենի մեկամյա դասընթացը բավարար չէ այն ուսանողների համար, ովքեր գրեթե չեն տիրապետում վրացերենին։ Գաբունիան խոսում է ոչ վրացալեզու դպրոցներում շատ լուրջ բարեփոխում իրականացնելու և վրացերենի ավելի ինտենսիվ ուսուցման անհրաժեշտության մասին։
https://w.soundcloud.com/player/?visual=true&url=https%3A%2F%2Fapi.soundcloud.com%2Ftracks%2F1759935021&show_artwork=true&maxheight=1000&maxwidth=730
Վրաստանում գործում է ավելի քան 200 ոչ վրացալեզու դպրոց, որտեղ վրացերենը դասավանդվում է որպես երկրորդ լեզու։ Այս դպրոցներում սովորում է էթնիկ փոքրամասնությունների աշակերտների 80 տոկոսը:
Էդիկ Կամալյանը, որ Մառնեուլիի մունիցիպալիտետի (Քվեմո Քարթլիի շրջան) Շահումյան գյուղից է, Իլիայի պետական համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող է։ «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում Էդիկն ասում է, որ վրացերեն չիմանալու խնդիրը աշակերտների մոտ առաջանում է դեռ դպրոցական տարիքից: Նրա խոսքով, եթե պետությունը հոգա, որ վրացերենը դպրոցներում դասավանդվի համապատասխան մակարդակով, ապա «1+4» ծրագրի կարիքը չի լինի։
2019 թվականին Վրաստանի Գնահատման և քննության ազգային կենտրոնի (NAEC) կողմից անցկացված հարցումը (վերջին տվյալներ) ցույց է տալիս, որ 7-րդ դասարանի ոչ վրացալեզու աշակերտների մեծամասնությունը լեզվական հատկապես ցածր իմացություն ունի: Ադրբեջանական դպրոցների աշակերտների 87 տոկոսը գերազանցում է լեզվական իմացության նվազագույն մակարդակը, իսկ հայկական հատվածի դեպքում այդ թիվը կազմում է 60 տոկոս:
Ինգա Սանիկիձեն արդեն չորրորդ տարին է, ինչ ղեկավարում է Թբիլիսիի պետական համալսարանում վրացերենի «1+4» նախապատրաստական ծրագիրը։ Նրա խոսքով, ակնկալվում է, որ բուհ ընդունված էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչներն ունենան վրաց լեզվի առնվազն B1 (միջին) մակարդակ։ Այնուամենայնիվ, լեզվի իմացության մակարդակը հաճախ շատ ավելի ցածր է: Հենց նման աշակերտներն են դժվարանում սովորել: Սանիկիձեն վրացերենի թերի իմացության խնդիրը տեսնում է նաև կրթական համակարգում առկա բացերի մեջ, որոնք, ըստ նրա՝ տարիների ընթացքում աստիճանաբար փակվում են։
«Վերջին տարիների միտումը ցույց է տալիս, որ էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները ցանկանում են սովորել Վրաստանում, տիրապետել պետական լեզվին, ուզում են ապրել իրենց երկրում, ինչը շատ ուրախալի է… Վերջին տարիներին բուհեր ընդունվողները շատ մոտիվացված են, նրանք շատ ավելի լավ գիտեն վրացերեն, քան տարիներ առաջ ընդունվածները, ինչը վկայում է այն մասին, որ դրական փոփոխություններ են տեղի ունենում դպրոցում և ընդհանրապես կրթության ոլորտում»,- ասում է Սանիկիձեն։
Վրաստանի «Սոցիալական արդարադատության կենտրոնի» (SJC) «Էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ կրթական քաղաքականության համակարգային մարտահրավերները» զեկույցի համաձայն, 2005 թվականից ի վեր հանրակրթական և բարձրագույն կրթական համակարգում բազմաթիվ մարտահրավերներ են մնացել, այդ թվում՝ դպրոցի ուսուցիչների որակավորումն ու կադրերի պակասը, ինչպես նաև դասագրքերի և կրթական այլ ռեսուրսների ստեղծման և թարգմանության խնդիրը։ Զեկույցում կարդում ենք, որ 2005 թվականից ի վեր մշակվել են հանրակրթական մակարդակների երեք ազգային ուսումնական պլաններ, թեև դրանցից ոչ մեկն ամբողջությամբ չի իրականացվել ոչ վրացական դպրոցներում։ Ուսումնասիրության մեջ ընդգծվում է, որ ոչ վրացալեզու դպրոցներում ուսումնական գործընթացում օգտագործվող դասագրքերը չեն համապատասխանում երկրի 2018-2024 թվականների ազգային ուսումնական պլանին։