Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և վերահաստատվել է հարաբերությունների ամբողջական կարգավորմանը հասնելու պատրաստակամությունը:
Մտքեր են փոխանակվել այդ ուղղությամբ հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ:
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ այն համաձայնեցնելով Ադրբեջանի հետ։ Այդ մասին նա ասել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի բացման արարողության ժամանակ՝ ասելով, որ «Ղարաբաղի հարցը լուծելուց» հետո կշարունակեն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում տեղի ունեցած պանելային քննարկման ժամանակ ասել է, որ պատճառ չի տեսնում, թե ինչու հայ-թուրքական սահմանը պետք է փակ լինի և եթե Սերդար Քըլըչը համաձայնվի, կարող են հայտարարել, որ կյանքի են կոչում այս համաձայնությունը։ Քըլըչը հայ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին առաջարկել է հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում։