Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է. Սպարապետը կդառնար 65 տարեկան

Այսօր Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է. Սպարապետը կդառնար 65 տարեկան

Այսօր Սպարապետ, երջանկահիշատակ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն Է։ Սպարապետը կդառնար 65 տարեկան։ Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին ՀԽՍՀ Արարատի շրջանի (ներկայումս՝ ՀՀ Արարատի մարզ) Արարատ գյուղում։

1976 թ.-ին ընդունվել է և 1979 թ.-ին ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։

1979-1983 թվականներին աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ հայրենի Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։

1983-1986 թվականներին եղել է Արարատի ցեմենտի գործարանի՝ կոմունիստական երկիտասարդական միության (կոմսոմոլ) քարտուղարը։

1985 թ. դարձել է Հայաստանի Գրողների միության անդամ։ Նրա առաջին պատմվածքը լույս է տեսել «Գարուն» ամսագրում՝ «Վերջը» վերնագրով։

1990-1995 թթ.-ին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, որի ընթացքում՝ 1990-1992 թթ.-ին հանդիսացել է Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ

1991-1992 թթ.-ին ՀՀ պաշտպանության նախարար, 1992-1993 թթ.-ին ՀՀ նախագահի խորհրդական պաշտպանության հարցերի գծով,

ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ, 1993-1995 թթ.-ին ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար։ 1995 թ.-ին կրկին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար, իսկ 1999 թ.-ին դարձել ՀՀ վարչապետ։

1999 թ.-ի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճը, որտեղ ընթանում էր ԱԺ նիստ, հարձակման է ենթարկվում 5 զինված անձանց կողմից, որի հետևանքով այլ պետական պաշտոնյաների թվում սպանվում է Վազգեն Սարգսյանը։