Ինչպես են իշխանության հետ կապ ունեցող անձինք ստացել ու օտարել Ջավախեթիի պետական հողերը

Ինչպես են իշխանության հետ կապ ունեցող անձինք ստացել ու օտարել Ջավախեթիի պետական հողերը

Ախալքալաքի քաղաքապետարանում նախկին ու ներկա իշխանության հետ կապ ունեցող անձանց մեկ օրում փոխանցել են պետությանը պատկանող 300 հա հող, խորհրդանշական գնով՝ 1 լարիով։ Փոխանցումից կարճ ժամանակ անց կառավարության հետ առնչվող անձանց հողատարածքի մի մասը օտարացրել են, մի մասը՝ նվիրել։ Տարիներ շարունակ Ջավախեթիի պաշտպանվող տարածքներում գտնվող 500 հա հողատարածքը վարձակալության պայմանագրով օգտագործում է նաև Սագարեջոյի քաղաքապետը։ Այս մասին գրում է «Հարավային դարպաս»-ը.

Ախալքալաքի քաղաքապետարանը Վրաստանի այն քաղաքապետարաններից է, որտեղ ժողովրդագրական իրավիճակը տարիների ընթացքում, բարելավվելու փոխարեն, կտրուկ փոխվում է։ Ըստ Geostat-ի տվյալների՝ 2001 թվականից մինչև 2022 թվականը քաղաքապետարանի բնակչությունը նվազել է 20 900 մարդով։ Բնակչության թվի նվազումը նկատելի է դարձել 2014 թվականից և դրանից հետո միտումը շարունակաբար բացասական է։

«Սոցիալական ծառայությունների գործակալության» նոյեմբեր ամսվա տվյալներով՝ Ախալքալաքի քաղաքապետարանում ապրում է 2 554 սոցիալապես անապահով անձ, որից 1 297-ը մինչև 16 տարեկան են։

Ախալքալաքի քաղաքապետարանը առանձնանում է ցուրտ կլիմայով։ Տարվա ընթացքում առնվազն վեց ամիս այստեղ ցուրտ է։ Ամառային շոգ օրերի սակավության պատճառով տեղացիները կարող են միայն կարտոֆիլ և հացահատիկ աճեցնել։Եկամտի հիմնական աղբյուրներից մեկը՝ անասնապահությունն է, սակայն վերջին տարիներին արոտավայրերի կրճատման պատճառով նրանք այլեւս չեն կարողանում անասուն պահել։

Այդ իսկ պատճառով ախալքալաքցիները ստիպված են արտագաղթել (ինչպես տեղացիներն են դրան անվանում «Խոպան» գնալ), հիմնականում՝ Ռուսաստան։

Չամձվրալա (Չամդուրա) գյուղի բնակիչ Արմեն Սերոփյանը 30 տարի է, ինչ գնում է Ռուսաստան՝ «Խոպան»։

«Եթե արոտավայրեր լիներ, անասուններ կպահեինք։ Նախկինում գյուղում կար մոտ 200 խոշոր եղջերավոր անասուն, այս տարի մնացել է մոտ՝ 80։ Գարնանը առնվազն 5-10 գլուխ էլ կվաճառեն։ Այսպիսով, կամաց-կամաց նվազում է։ Արդար չէ, երբ մեկ ուրիշը, ով այստեղ չի ապրում, այդքան հող ունի,իսկ ես այստեղ եմ ապրում ու չունեմ։ Սրա պատճառով 30 տարի է, ինչ գնում եմ Ռուսաստան՝ ընտանիքս պահելու։

Եթե հնարավորություն ունենայի մինչեւ 10 հեկտար հող մշակելու, այլեւս չէի գնա Ռուսաստան ու այստեղ կմնայի։ Ես ստիպված չեմ լինի երկար ժամանակով թողնել ընտանիքս։ Նախկինում, ով հասցրեց, պայմանականորեն 30 հեկտար ստացավ, մյուսները օտարացրին ու սեփականաշնորհեցին։ Ժամանակին հողը պետք է հավասար բաշխվեր, և այդպես չէր լինի»,- ասում է նա։

Արոտավայրերի խնդիր կա նաեւ Սուլդա գյուղում, որտեղ, ինչպես ասում են տեղացիները, տարիների ընթացքում անասնապահությամբ ընտանիք պահելը դժվարանում է։

«Արոտավայր ունենք, բայց այլ շրջաններից շատ են եկել այստեղ և մեզ այլևս չի հերիքում։ Ի՞նչ կապ ունեն նրանք մեզ հետ։ Նախկինում անասուններին արոտ տանելը հեշտ էր, հիմա ուր տանես, անմիջապես մեկը կհայտնվի ու քեզ կասի՝ սա իմ սեփականությունն է, ու այստեղ չպետք է արածեցնես։ Ո՞ւր տանենք արածելու»,- ասում է Ջանիբեկ Պետրոսյանը։

Նախկին ու ներկա իշխանության հետ կապ ունեցող անձինք ու նրանց հողերը

2012 թվականի ապրիլի 10-ին Նինոծմինդայի վարչության մշակույթի ծառայության ներկայիս ղեկավար Գիորգի Զմոյանի և Ախալքալաքի խորհուրդի հանձնաժողովի նախագահ Ռոբիզոն Կավրելիշվիլիի կողմից հիմնած «Ջավախեթիի գյուղատնտեսության խթանման և զարգացման ասոցիացիա» «Ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձ»-ն մեկ լարիով ստացել է 283,5 հեկտար պետական սեփականություն հանդիսացող հողատարածք:

2012 թվականի ապրիլի 3-ին, ըստ էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարության հետ կնքված պայմանագրի, ընկերության պարտավորությունը եղել է վճարել ընդամենը մեկ լարի։
«Ջավախեթիի գյուղատնտեսության խթանման և զարգացման ասոցիացիա»-ն Գիորգի Զմոյանն ու Ռոբիզոն Կավրելիշվիլին հիմնել են 2011 թվականի նոյեմբերի 7-ին։

Ըստ հայտարարագրի՝ Ռոբիզոն Կավրելիշվիլին 2011-2018 թվականներին եղել է Ախալքալաքի քաղաքային խորհրդի հանձնաժողովի նախագահը և քաղաքային խորհրդի նախագահի տեղակալը։Ինչ վերաբերում է Գիորգի Զմոյանին, ապա 2010-2014 թվականներին նա եղել է Նինոծմինդայի քաղաքապետարանի վարչության մշակույթի բաժնի վարիչ, իսկ հաջորդ տարիներին քաղխորհրդում զբաղեցրել է «Երազանք» խմբակցության նախագահի պաշտոնը։Միաժամանակ՝ նույն քաղաքապետարանում նա ղեկավարել է կուսակցության նախընտրական շտաբը։
Հանրային ռեգիստրում առկա տեղեկատվության համաձայն՝ ներկայումս նրանք երկուսն էլ ասոցիացիայի տնօրեններն են։ Ինտերնետում կազմակերպության գործունեության մասին տեղեկատվություն չի որոնվում: Եկամուտների ծառայության վճարողների ռեգիստրի տվյալների համաձայն՝ ասոցիացիան ներկայումս ունի պասիվ կարգավիճակ, ինչը նշանակում է, որ կազմակերպությունը վերջին տարիներին պաշտոնապես չի աշխատել։

Ռոբիզոն Կավրելիշվիլին պաշտոնյայի հայտարարագիրը լրացնում է 2012 թվականից մինչև 2018 թվականը, իսկ Գիորգի Զմոյանը՝ 2024 թվականից առ այսօր։Նրանցից ոչ ոք հայտարարագրում չի նշել, որ զբաղեցրել է «Ջավախեթիի գյուղատնտեսության խթանման և զարգացման ասոցիացիայի» տնօրենի պաշտոնը։

Համաձայն «Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» Վրաստանի օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի՝ քաղաքացիական ծառայողն իրավունք չունի որևէ այլ պաշտոն զբաղեցնել որևէ պետական հիմնարկում կամ մասնավոր իրավաբանական անձում։

Հողամասերի ասոցիացիայի սեփականությունում գրանցելու գործընթացում փաստաթղթերի մի մասը ստորագրում է Գագիկ Կարսլյանը։ Նա անցյալում, մեղադրվում է Նինոծմինդայում հողերի յուրացման ուրիշ գործով կաշառք ստանալու և փաստաթղթեր կեղծելու մեջ։

2012 թվականին Գագիկ Կարսլյանը զբաղեցրել է Հանրային ռեգիստրի Նինոծմինդայի գրանցման ծառայության ղեկավարի պաշտոնը։ 2013-2017 թվականներին նա Նինոծմինդայի նահանգապետն էր։ Ըստ «Հարավային Դարպաս»-ի հարցվածների՝ Կարսլյանը հողերի գրանցման գեոդեզիական աշխատանքները կատարում էր դեռևս 2002թվականին։

Գագիկ Կարսլյանի օրոք բազմիցս հետաքննություն է սկսվել նրա ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ։ Օրինակ՝ 2015 թվականին քաղաքացիները նրա դեմ բողոքել են դատախազությունում՝ ծառայողական անտարբերության համար, հետաքննությունը սկսվել էր Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով։2021 թվականին Ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը նրան մեղադրում էր կաշառք վերձնելու, խաբեությամբ պետական գույք ձեռք բերելու, կեղծ փաստաթուղթ պատրաստելու և օգտագործելու մեջ։

Հետաքննության տվյալներով՝ Գագիկ Կարսլյանը քաղաքացիների համար կեղծ տեղեկանք է պատրաստել, որի հիման վրա խաբեությամբ գրանցել են Նինոծմինդայի կենտրոնական զբոսայգում և նախկին մեքենաշինական գործարանի տարածքում գտնվող հողատարածքները (712 քմ)։

Թե քանի գործ է քննում Ախալցիխեի շրջանային դատարանը Գագիկ Կարսլյանի հետ կապված՝ մենք չգիտենք։ Հարցի վերաբերյալ 2023թվականի նոյեմբերի 21-ին ստացված գրությամբ, Ախալցիխեի շրջանային դատարանը մեզ որեւէ տեղեկություն չի տրամադրել։

Ինչպե՞ս են պետական հողերը մեկ լարիով փոխանցվել ասոցիացիային

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը,
Ախալքալաքի եւ Նինոծմինդայի քաղաքապետարաններում գտնվող 13 հողատարածքը (ընդհանուր 283,5 հա), որոնք հետագայում 1 լարիով փոխանցել է ասոցիացիային, 2011 թվականին պաշտոնապես գրանցել է որպես պետական սեփականություն։

Նշված հողերը գրանցումից հետո 5 ամսում, նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի 2012 թվականի մարտի 23-ին ստացված N23/03/07 հրամանագրով, պետությունը վաճառել է «Ջավախեթիի գյուղատնտեսության խթանման և զարգացման ասոցիացիային», խորհրդանշական գնով՝ մեկ լարիով։

Մեզ համար պարզ չէ, թե պետությունն ինչ շահ ուներ, երբ մեկ լարիով մեծ հողատարածքներ էր «նվիրում» նորաստեղծ, անփորձ ասոցիացիային։ Ըստ կանոնադրության՝ «Ջավախեթիի գյուղատնտեսության խթանման և զարգացման ասոցիացիան» պետք է ստեղծեր գյուղատնտեսական խորհրդատվական կենտրոններ, աշխատեր տեղական տնտեսություններում ժամանակակից չափանիշների ներդրման ուղղությամբ,
վերապատրաստեր կադրեր, հիմներ անասնաբուժական-խորհրդատվական կետեր և սերմնաբուծական տնտեսություններ, ինչպես նաև բուծման վերարտադրողական կենտրոններ և այլն։

Չնայած նշված ծրագրերին, ասոցիացիան վաճառել է հողի մի մասը, իսկ մյուս մասը՝ նվիրել։

Այս ամենի ֆոնին, Ռոբիզոն Կավրելիշվիլին պնդում է, որ ասոցիացիան ստեղծվել է գյուղատնտեսության զարգացման համար՝ հաշվի առնելով բնակչության շահերը։ Գիորգի Զմոյանը «Հարավային դարպաս»-ի հետ զրույցում ասում է, որ չի հիշում ասոցիացիայի հողամասի վաճառքի փաստը, քանի որ 2012 թվականից ի վեր նա հողի հետ կապ չի ունեցել։

«Ես այն մարդը չեմ, որ պետությունից ինչ-որ բան թաքցնեմ։ Ոչ բոլոր գյուղացիները կարող էին պետությունից հող ստանալ։ Ասոցիացիա ստեղծեցինք և դիմեցինք պետությանը։ Ճիշտ է այսօր հողը ասոցիացիայի անունով է, բայց բնակիչներն իրենք են օգտագործում այդ հողը։ Ինչ վերաբերում է ասոցիացիայի եկամուտներին՝ որքան վնասներ և որքան շահույթ է ունեցել կազմակերպությունը, դա լրագրության գործը չէ»,- ասում է Ռոբիզոն Կավրելիշվիլին։

Գիորգի Զմոյանը որպես ասոցիացիայի ստեղծման պատճառ նույնպես նշում է տեղացիների աջակցությունը․ «Այն ժամանակ ֆերմերական տնտեսություններ կային, եթե մեկը մեզ դիմում էր ու նրան ձեռնտու էր, մենք այս հողերը տալիս էինք… ասոցիացիայի հողերն են։ Անձամբ մենք դրանից չենք օգտվում, բնակչությունն է օգտագործում։ Քարքարոտ հողեր են , և ոմանց կարող է հնձման համար պետք գալ»:

Ինչ վերաբերում է ասոցիացիան տնօրինելուն, նա ասում է, որ դա սխալմունք է․
«Հանրային ռեգիստրում ինչ-որ սխալ կարող է լինել, քանի որ ես ուղղակի անդամ եմ, չեմ կարծում, որ գրանցված եմ որպես տնօրեն։ Ես կգնամ այնտեղ և կպարզեմ, թե ինչու եմ հայտնվել ռեգիստրում, որպես տնօրեն։ Եթե ես տնօրեն լինեի, իմ լրացած հայտարարագրում կներկայացնեի։ Այս հարցը հստակեցման կարիք ունի»,- ասում է նա։

Ասոցիացիան ո՞ւմ է վաճառել հողերը

Ասոցիացիան սկսել է հողի օտարացումը պետությունից խորհրդանշական գնով (1 լարի) ստանալուց հետո՝ 6 ամսում։

Միայն 2012 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կազմակերպությունը չորս տարբեր անհատների է նվիրաբերել 117 հա ընդհանուր մակերեսով չորս հողամաս։ Նույն ժամանակահատվածում վաճառել է 12,3 հա հողատարածք։

Հանրային ռեգիստրում առկա տեղեկությունների համաձայն՝ նրանցին մեկը, ով ասոցիացիայի կողմի հողատարածք է ստացել, Ազավրեթի գյուղում բնակվող Ալբերտ Մանուկյանն է։ Ազավրետթիի հարեւանությամբ գտնվող Գոկիո գյուղում նրան հատկացվել է 50 հեկտար։

«Այս հողերը պետք է վերցնեին Թուշեթիի հովիվները։ Մեր պատգամավորն ինձ ասաց՝ արի, այս հողը քո անունով գրանցենք, որ թուշերը չվերձնեն։ Այսպես գրանցեցինք։ Հողերն ի սկզբանե եղել են գյուղի բնակիչներինը և ամբողջը բաժանվել է նրանց միջև։ Ով քանի տոկոս ունի՝ կախված է ընտանիքի մեծության չափից։ Նրանք անձամբ են օգտագործում, ես դրա հետ կապ չունեմ։ Ժամանակին հիմնականում հնձում էին, բայց ոմանք հողը հերկեցին, հիմա նաև ցանում են։ Քանի, որ մեծ հող է, բոլորը դրա համար եկամուտ են վճարում»,- ասաց նա։

Մեզ համար անհասկանալի է, թե ինչու էր անհրաժեշտ հողատարածքը հանձնել Ալբերտ Մանուկյանին, մինչդեռ տարածքը ասոցիացիայի սեփականությունն էր և առանց համաձայնության այն ուրիշը չէր կարող սեփականացնել։ Մանուկյանից այս հարցի պատասխանը չկարողացանք ստանալ։

Անհասկանալի է նաև, թե ինչու է ասոցիացիան 7 հեկտար հատկացրել Դադեշ գյուղում բնակվող Լովիկ Հարությունյանին։ Տեղի բնակիչներն այդ մասին տեղեկություն չունեն։ Իսկ Հարությունյանը «Հարավային դարպասի» մոտ ասում է, որ Ռոբիզոն Կավրելիշվիլիի և Գիորգի Զմոյանի հետ կապ չունի։

«Այն ժամանակ ես ուզում էի ֆերմեր դառնալ, և ինձ հող էր պետք անասուններիս արածեցնելու համար։ Ես կապ չունեմ Ռոբիզոն Կավրելիշվիլիի և Գիորգի Զմոյանի հետ։Եկան, չափեցին, տվեցին։
Այս հողն այնպիսի տեղում է, որ ոչ ոքի չի խանգարում։ Ես ոչ մեկի հետ տարաձայնություն չեմ ունեցել, ոչ ոք չի ասել, թե այն իմն է… Այս հողը ստանալուց ի վեր ես փաստացի չեմ օգտագործել, ոչ մշակել եմ, ոչ էլ ցանել։ Մեր գյուղի նախիրը երբեմն գնում է այնտեղ արածելու»,- բացատրում է Լովիկ Հարությունյանը։

«Հարավային Դարպաս»-ն փորձել է զրուցել Արշակ Գոգորյանի հետ, որին Դիլիսկա գյուղում 50 հեկտար են նվիրել, սակայն նա տեղում չէր։ Գյուղի կենտրոնում հավաքված տեղացիներն ասում են, որ հողի մասին ոչինչ չեն լսել։

Նա չէր գտնվում նաև բնակելի հասցեում և չկարողացանք հարցազրույց վերցնել նաև Գրիգոր Մանվելյանից, որին ասոցիացիան 10 հա հող է տվել։

Ինչ վերաբերում է հողի վաճառքի խնդրին, ապա ասոցիացիան 2014 թվականին գործարքի հիման վրա, 8 հեկտար հողատարածք է վաճառել Նինոծմինդայի Մամզարա գյուղի բնակիչ Վարդ Մանուկյանին։

Չնայած Գիորգի Զմոյանի հերքումին [նա պնդում է, որ հողի հետ գործ չի ունեցել 2012 թվականից ի վեր], հենց նա է ստորագրել հաստատված համաձայնության փաստաթուղթը, որը Հանրային ռեգիստրը խնդրել էր ներկայացնել հողամասի գրանցման ժամանակ։ Այս շրջանում Զմոյանը եղել է ասոցիացիայի վարչության անդամ և Նինոծմինդայի վարչության մշակութային ծառայության ղեկավարը։

2016 թվականի փետրվարի 5-ին ասոցիացիան վաճառել է ևս մեկ հողատարածք (61,6 հա) «Ծունդա» կոոպերատիվին, որի նախագահը տեղական ինքնակառավարման մարմինների հետ կապված Լևան Բերիձեն է։

Բերիձեն, որպես ֆիզիկական անձ, 2011 թվականից ի վեր ստացել է 119 պարզեցված գնում՝ առնվազն 93 հազար լարի արժողությամբ։

Ավելի ուշ Լևան Բերիձեն Ախալքալաքի քաղաքապետարանը լքած պաշտոնյաների հետ հիմնադրել է «Սամցխե-Ջավախեթիի ֆինանսա-ինժեներական սպասարկման կենտրոն» ՍՊԸ-ն, որի բաժնետոմսերի 25%-ը նրան է պատկանում։

«Սամցխե-Ջավախեթիի ֆինանսա-ինժեներական սպասարկման կենտրոն»-ը գրանցվել է 2019 թվականի հունիսի 18-ին։ 2019-2023 թվականներին նշված ՍՊԸ-ն 106 պարզեցված գնումների միջոցով ստացել է 101 768 լարի։

Նույն ընկերությունում բաժնետոմսերի 25 տոկոսի սեփականատեր և Լևան Բերիձեի գործընկերն է Աշոտ Իսպիրյանը, ով 2013 թվականից մինչև 2019 թվականի մայիսի 7-ը եղել է Ախալքալաքի քաղաքապետարանի գնումների ծառայության ղեկավարը։Նույն ընկերության տնօրեն Ալբերտ Նահատակյանը, որպես ֆիզիկական անձ, 2013-2014 թվականներին 22 պարզեցված գնումներից ստացել է 20 854 լարի։ 2014 թվականից մինչև 2019 թվականի մայիսի 5-ը Ալբերտ Նահատակյանը ղեկավարել է Ախալքալաքի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, տարածքների կազմակերպման, ճարտարապետության և շինարարության ծառայությունը, ինչպես նաև ենթակառուցվածքների և շինարարության վերահսկողության վարչությունը։ Իսպիրյանն ու Նահատակյանը աշխատանքից հեռացել են նույն օրը։

Սույն ընկերության 25 տոկոս բաժնեմասը պատկանում է նաև Հովհաննես Կարապետյանին, ով 2013-2017 թվականներին ղեկավարել է Ախալքալաքի քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային ծառայությունը։

«Ծունդա» կոոպերատիվը չորս անգամ փորձել է վաճառել ասոցիացիայից 2019-2020 թվականներին աճուրդով գնված հողատարածքը։Գինը տատանվում էր 160-184 հազար լարիի սահմաններում։ Սա մեզ հիմք է տալիս կասկածելու, որ հողի շուկայական գինը մոտավորապես նույնը կլիներ, այն ժամանակ երբ «Ջավախեթիի գյուղատնտեսության խթանման և զարգացման ասոցիացիան» այն վաճառեց կոոպերատիվին։

Սագարեջոյի քաղաքապետի հողը

Սուլդա գյուղի հարեւանությամբ՝ Ջավախեթիի պաշտպանվող տարածքներում, Թուրքիայի հետ սահմանամերձ գոտում, Կախեթիի շրջանի Սագարեջոյի քաղաքապետարանի ներկայիս քաղաքապետ՝ Ավթանդիլ Գուլիկաշվիլիին վարձակալության է տրվել 500 հեկտար հողատարածք։ Համաձայն նրա լրացրած հայտարարագրի՝ 500 հա հողամասի համար նա վճարում է 9000 լարի։Քաղաքապետը պետության հետ վարձակալության պայմանագիրը կնքել է 2019թվականին։ Ավթանդիլ Գուլիկաշվիլին այս հողատարածքի սեփականատերն է եղել նաև հինգ տարվա վարձակալության պայմանագրի հիման վրա՝2014-2019 թվականներին։

Սագարեջոյի քաղաքապետարանի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քաղաքապետը հողատարածքն օգտագործում է արոտավայրերի համար։

Ավթանդիլ Գուլիկաշվիլին 2012 թվականի ընտրություններից առաջ եղել է «Միացյալ ազգային շարժման» նվիրատուն,իսկ ընտրություններից հետո նա նախ դարձավ «Վրացական երազանք»-ի, իսկ հետո՝ 2018 թվականի նախագահական ընտրություններում Սալոմե Զուրաբիշվիլիի նվիրատուն։2012-ից 2021 թվականներին նա ընդհանուր առմամբ 110 հազար լարի է նվիրաբերել «Վրացական երազանքին», իսկ 60 հազար լարի՝ Սալոմե Զուրաբիշվիլիին։

Պետության «Ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց» հողերը

Ախալքալաքում ավելի քան 200 հեկտար հողատարածք պատկանում է պետական «Գյուղատնտեսական լոգիստիկայի և ծառայությունների ընկերություն» ՍՊԸ-ին։Նշված հողատարածքները մշակվում են միայն ՍՊԸ-ի կողմից և հասանելի չեն բնակչությանը։ ՍՊԸ-ն ձևավորվել է նախկինում մի քանի այլ պետական ընկերությունների միաձուլման արդյունքում։

«Գյուղատնտեսական լոգիստիկայի և ծառայությունների ընկերության» կապիտալը կազմում է 374 135 939 լարի։Ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը և նշված կապիտալի 100 տոկոսի ավանդատուն «Գյուղական զարգացման գործակալություն» պետական «Ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձ»-ն է։

ՍՊԸ-ի գործունեության մասին 2019 թվականի կանոնադրության մեջ կարդում ենք, որ գործունեության հիմնական ուղղություններից է մանր և խոշոր ֆերմերներին գյուղատնտեսական տեխնիկայով սպասարկումը։

Վաչյանի գյուղում տեղակայված բազայում տեխնիկայի բազմաթիվ տեսակներ կան, սակայն, բնակչության մի մասի խոսքով, չնայած իրենց խնդրանքին, տեխնիկայով իրենց ոչ ոք չի օգնել։

«Գյուղատնտեսական լոգիստիկայի և սպասարկման ընկերության» Ախալքալաքի գրասենյակում մեզ ասում են, որ բնակչության մեծ մասն ունի սեփական տեխնիկա, ինչի պատճառով դիմումները շատ քիչ են։

Ախալքալաքի գյուղերում բոլորին հայտնի են ինչպես նշված տարածքները, այնպես էլ Բիձինա Իվանիշվիլիի հողերը։ Նախկինում Վաչյանի գյուղին հարող հողատարածքներն իսկապես «Ագրո քարթու» ՍՊԸ-ին էին պատկանում,որի 100% բաժնեմասի սեփականատերն է
Բիձինա Իվանիշվիլիի կինը՝ Եկատերինա Խվեդելիձեին։ Այս հողատարածքները ներկայումս պատկանում են «Գյուղատնտեսական լոգիստիկայի և սպասարկման ընկերություն» ՍՊԸ-ին։

Ինչու՞ Ջավախեթիում կա հողի խնդիր -ով է օգտվում արտոնությունից

«Միջազգային Թափանցիկություն-Վրաստան»-ի Սամցխե-Ջավախեթիի համակարգող Թամունա Ուչիձեի խոսքով, վերջին տարիների պրակտիկան ցույց է տալիս, որ իշխանության հետ կապ ունեցող մարդիկ պետական հողերը ստանում են պարզեցված և հարմարեցված պայմաններով։

«Միտումն այն է, որ մարդիկ հայտնվում են կոնկրետ պաշտոններում, հետո ուղղակիորեն այդ անձինք կամ նրանց ընտանիքի անդամները հողատարածքներ են ստանում մի քաղաքապետարանում, որտեղ իրականում հողի հասանելիությունը բարդ խնդիր է։Մեր հետազոտությունից, որն ընդգրկում է 2013-2021 թվականները, պարզվեց, որ հիմնականում պետական գույքը գրանցվել է կամ պաշտոններ զբաղեցնող անձանց, կամ «Վրացական երազանքի» հետ առնչություն ունեցող անձանց սեփականությում։ Նրանք այս հողատարածքները ձեռք են բերում հիմանականում աճուրդով կամ ուղղակի գնումներով»,- ասում է նա։

Ըստ Թամունա Ուչիձեի՝ պետական հողերի հանձնումը «Ջավախեթիի գյուղատնտեսության խթանման և զարգացման ասոցիացիային» հարցեր է առաջացնում, հետևաբար այս հարցով պետք է հետաքրքրվի քննչական գործակալությունը։

«Նրանց դեպքում էլ շատ հարցականներ են հայտնվում։ Երկուսն էլ «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչներ են, երկուսն էլ պաշտոնյաներ են, հենց նրանք են պետությունից կոնկրետ հող ստանում, հետո այս հողի մի մասը նորից դառնում է պաշտոնյաների հետ կապ ունեցող մարդու սեփականությունը։Երբ այս ամենը դիտում ես մեկ ամբողջական պատկերով, իհարկե, կոռուպցիայի վերաբերյալ հարցեր են առաջանում։Կարծում եմ՝ լավ կլինի, որ հետաքննությունը սրանով հետաքրքրվի։ Հատկանշական է, որ Գիորգի Զմոյանը միաժամանակ երկու պաշտոն է զբաղեցնում. Առաջինը Նինոծմինդայի ՏԻՄ-ում է, իսկ մյուսը՝ «Ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձ»-ի տնօրեն, ինչը կոռուպցիայի մասին օրենքի խախտում է, և այս փաստը ներառվել է նաև մեր հետազոտության մեջ, երբ ուսումնասիրում էինք պաշտոնյաների հայտարարագրերը»-ասաց նա։

Մենք չգիտենք, թե արդյոք նշված հարցով հետաքննություն է սկսվել, «Հարավային դարպասը» սպասում է ֆինանսների նախարարության քննչական ծառայության պատասխանին։

«Միացյալ ազգային շարժման» Ախալքալաքի շրջանային կազմակերպության ղեկավար Արսեն Կարապետյանն ասում է, որ «Վրացական երազանքը» իշխանության գալուց հետո նույնպես գրեթե 12 տարի չի կարողացել լուծել բնակչության խնդիրները։

«Ցանկացած խնդիր կարելի է լուծել, եթե դրան անդրադառնաս, բայց այստեղ չի լուծվում։ Հողերի այս անարխիան նրանց ձեռնտու է, քանի որ շատերը փող են աշխատում:Կապ չունի, թե ինչ կարգավիճակում է հողը, մեծ մասը պատկանում է կամ գյուղի հոգաբարձուին, կամ՝ պատգամավորին։Խնդիրն այն չէ, որ «Վրացական երազանքի» կողմնակցին է պատկանում հողը, այստեղ արդարության հարց է, թե ու՞մ, ինչքա՞ն… Պետք է գրանցամատյան ստեղծվի և վերանայվի՝ ով և ինչպես է գրավել այս հողը։ Այստեղ հարցն այն է, թե ինչպես է,որ մեկը Վատիկանից ավելի շատ հողատարածք ունի, իսկ մյուսը հինգ մետր էլ չունի իր ընտանիքը կերակրելու համար:Եթե մարդը «Վրացական երազանքի» կողմնակից չէ և ընդդիմադիր է, հողի հետ կապված սահմանափակումներից բացի, նա շատ այլ հարցերում նույնպես սահմանափակ է, այդ թվում՝ աշխատանքի ու նպաստների։Սա նեպոտիզմ է, որը սպանում է երկիրը և քայքայել է Ախալքալաքի քաղաքապետարանի տնտեսությունը»,- հայտարարում է Արսեն Կարապետյանը։

Նրա խոսքով, քաղաքապետարանի նիստերում բազմիցս քննարկման թեմա է դարձել հողերի հարցը.

«Այդ հարցերը բարձրացվել են, եղել են նաև վեճեր, բայց կա միայն չոր պատասխան՝ լռություն։ Իշխանության պատասխանը լռություն է և կատարյալ անտեսում։ Մարդիկ հողը գրանցելու հնարավորություն չունեն։ Մեր ղեկավարությունը ֆիզիկապես չգիտի, թե որ հողն է պատկանում Ախալքալաքին, որը` Նինոծմինդային։Բայց երբ խոսքը վերաբերվում է նրան, թե ինչպես կարելի է հողից գումար աշխատել, նրանք անգիր գիտեն, թե որտեղ և ինչպես դասավորվեն, և ով ինչ օգուտ կարող է շահել: Այս կառավարությունը պետք է գնա, կոմպետենտ մարդիկ գան ղեկավարություն՝ թե՛ մարզում, թե՛ գյուղում»,- ասում է նա։

«Հարավային Դարպաս»-ը կապ հաստատեց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանի հետ, սակայն նա հրաժարվեց մեզ հետ զրուցել։

Ախալքալաքի քաղխորհրդի նախագահ Նաիրի Իրիցյանի խոսքով, քաղաքապետարանում արոտավայրերի խնդիր չկա. «Արոտավայրերի դեպքում մենք երբեք խնդիրներ չենք ունեցել։ Քաղաքացիներին չեք դիմի ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր»։

Սամցխե-Ջավախեթիում հանրային պաշտպանի ներկայացուցիչ Անդրանիկ Բաղդասարյանը խոսում է Ախալքալաքում հողերի գրանցման խնդրի մասին.

«Հողամասերի գրանցման հետ կապված բազմաթիվ հարցեր են առաջանում քաղաքացիների մոտ, քանի որ սա նրանց մտահոգող խնդիրներից է։ Շատերն են դիմում մեզ՝ հողամաս գրանցելու վերաբերյալ խորհրդատվության համար: Մենք օգնություն ենք ցուցաբերում «Հանրային պաշտպանի» մանդատի շրջանակներում։ Տարիներ շարունակ հողը սեփականացնելու գրանցում է ընթանում, մի քանի նախագծեր են եղել, սակայն այս խնդիրը ամբողջությամբ չի լուծվել։Սամցխե-Ջավախեթիում, հատկապես Ախալքալաքում և Նինոծմինդայում, այս խնդիրը պայմանավորված է լեզվական խոչընդոտով, և նրանով, որ տեղեկատվությունը չի հասնում քաղաքացիներին։Կարևոր է, որ տեղեկատվությունը հասնի քաղաքացիներին իրենց հասկանալի ձևով: Պետությունն այս առումով քայլեր է ձեռնարկում, գործընթացում մեծ դեր ունեն նաև տեղական լրատվամիջոցները։ Բոլորը պետք է ավելի շատ աշխատեն»,- ասաց նա։

Ինչպես է պետությունը բաժանում արոտավայրերը

«Պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի հասանելիության ծրագիրը», որը մշակվել է պետական սեփականություն հանդիսացող արոտների հասանելիությունը և ռացիոնալ օգտագործումը բարելավելու նպատակով, հաստատվել է 2021թվականին։Ծրագիրն իրականացվում է «Հողերի կայուն կառավարման և հողօգտագործման մոնիտորինգի ազգային գործակալության» կողմից։

Ծրագրի շրջանակներում հողատարածք վարձակալել ցանկացողը մեկ գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար կարող է վերձնել 1-1,5 հա հող, իսկ մանր եղջերավոր անասունի համար՝ 0,2-0,5 հա։Ծրագրի շրջանակներում պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերը տրվում են աճուրդով, 3 տարի վարձակալությամբ։

Վարձակալության համար պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի ընտրությունը կատարվում է համապատասխան քաղաքապետարանի հետ համաձայնությամբ։

Հողերի կայուն կառավարման և հողօգտագործման մոնիտորինգի ազգային գործակալության տվյալներով՝ 2021 թվականին Ախալքալաքում ոչ մի արոտավայր աճուրդի չի հանվել։ 2022 թվականի գարնանը Ախալքալաքում աճուրդով վարձակալության համար մատչելի էր 107,6 հա մակերեսով մեկ արոտավայր, սակայն աճուրդը չի կայացել։ 2023 թվականին հայտարարված աճուրդում միայն մեկ հողամաս է առաջարկվել վարձակալության։ Գործակալության տեղեկություններով՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ Ախալքալաքի արոտավայրերից և ոչ մեկը վարձակալության չի տրվել։ Ներկայումս գործակալությունը կրկին հայտարարել է նմանատիպ աճուրդներ, որոնք կավարտվեն 2024 թվականի հունվարի 26-ին, սակայն, ի տարբերություն այլ քաղաքապետարանների, Ախալքալաքում արոտավայրեր տրամադրել դեռևս նախատեսված չէ։