ՎԶԵԲ ֆինանսավորմամբ կբարելավվի Թբիլիսիի կոշտ թափոնների կառավարման համակարգը
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) որոշել է 22 միլիոն եվրոյի վարկ տրամադրել «Tbilservice Group»-ին՝ բարելավելու Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կոշտ թափոնների կառավարման եւ ուտիլիզացման համակարգը:
Ֆինանսավորումը կուղղվի Թբիլիսիում թափոնների վերամշակման առաջին գործարանին՝ ՎԶԵԲ-ի «Կանաչ քաղաքներ» ծրագրին քաղաքի մասնակցության շրջանակներում: Վարկը համաֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) կողմից մինչեւ 4 միլիոն եվրո արտոնյալ ֆինանսավորմամբ:
Ծրագիրը առաջնահերթություն է տալու թափոնների վերաուղղմանը սանիտարական աղբավայրերից հեռու վայրեր՝ թափոնների համապարփակ մշակման համար, ներառյալ դրանց մեխանիկական-կենսաբանական մաքրումը եւ վերամշակվող նյութերի վերականգնումը: Սա կօգնի զգալիորեն նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները (ելակետային ցուցանիշի համեմատ՝ 72%-ով) եւ բարելավել քաղաքի շրջակա միջավայրի ընդհանուր վիճակը:
«ՎԶԵԲ-ը ֆինանսավորում է կարեւորագույն ծրագրեր մեր քաղաքում: Այդպիսի ծրագրերից է Թբիլիսիում թափոնների վերամշակման առաջին գործարանի կառուցումը, որի համար հատկացվել է 26 մլն եվրո։ Սա հիմք կդնի Վրաստանում թափոնների հավաքման եւ վերամշակման տարանջատման համար, ինչը շատ կարեւոր քայլ առաջ է քաղաքի բնակիչների եւ շրջակա միջավայրի համար»,- ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն։
ԵՄ-ն Վրաստանում արդարադատության համակարգի բարելավմանն ուղղված ծրագիր է սկսում
2024 թվականի փետրվարի 20-ին Վրաստանում ԵՄ պատվիրակությունը վրացական չորս կազմակերպությունների հետ միասին սկսել է նոր ծրագիր, որը կոչված է Վրաստանի քաղաքացիական հասարակությանը աջակցելուն եւ ամրապնդելուն:
«Աջակցություն քաղաքացիական գիտակցության բարձրացմանը եւ դատաիրավական բարեփոխումներին մասնակցությանը, ինչպես նաեւ օժանդակություն արդարադատության մատչելիությանը՝ համալիր միջգերատեսչական գործողությունների միջոցով» ծրագիրը կիրականացնեն Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան, Սոցիալական արդարության կենտրոնը, Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտը եւ «Մոնիտոր» ստուդիան:
Ծրագիրը ուղղված է հիմնականում արդարադատության համակարգի մատչելիության, անկախության, թափանցիկության, անաչառության եւ հաշվետվողականության բարձրացմանը՝ շեշտը դնելով հատկապես դատաիրավական բարեփոխումների առաջխաղացման վրա: Այն կգործի կարողությունների զարգացման, շահերի պաշտպանության, գնահատման եւ ռազմավարական դատավարությունների միջոցով:
«Քաղաքացիական հասարակությունը հասուն ժողովրդավարության մեջ կարեւոր դերակատար է՝ կառավարությանը հաշվետվողականության մղելու եւ այդ կառավարությանը հասարակության լայն զանգվածներից եկող առաջարկներ ներկայացնելու համար: Վրաստանում դա ներառում է ինը քայլերի կատարման մշտադիտարկումը, ինչպես նաեւ բարեփոխումների վերաբերյալ քաղաքացիների ըմբռնման խորացման եւ ԵՄ ինտեգրման մեջ իրական քաղաքացիական մասնակցության ապահովման գործում ակտիվ դերի ստանձնումը»,- մեկնարկի միջոցառմանը նշել է ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Նիկոլաս Ցենդրովիչը:
Ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի հունվարի 1-ին եւ կշարունակվի մինչեւ 2026 թվականի դեկտեմբեր:
«Քաղաքացիական հասարակությունը՝ որպես ամենախոցելի խավերի ձայն, վճռորոշ դեր է խաղում՝ նպաստելով ժողովրդավարությունների ամրապնդմանը եւ հաշվետու կառավարմանը: Այնուամենայնիվ, աշխարհի շատ մասերում նրանք շարունակում են աշխատել ավելի ու ավելի սահմանափակ եւ թշնամական միջավայրում»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը փետրվարի 27-ին ՀԿ-ների համաշխարհային օրվան նվիրված հայտարարության մեջ:
Նա նշել է, որ ՀԿ-ների աշխատակիցները, իրավապաշտպանները եւ լրագրողները օր-օրի ավելի հաճախ են ենթարկվում սպառնալիքների եւ հարձակումների՝ «հաճախ՝ անպատիժ»:
ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան հիշեցրել է, որ քաղաքացիական հասարակության աշխատանքը հաճախ խարանվում է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքների կամ այլ օրենսդրական եւ վարչական միջոցների գործադրմամբ, որոնք խոչընդոտում են ՀԿ-ների օրինական գործունեությունը:
«Խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառումը խոչընդոտում է ժողովրդավարական մասնակցությանը։ ԵՄ-ն խստորեն դատապարտում է միավորումների ազատության եւ խաղաղ հավաքների դեմ հարձակումները»,- ասել է Բորելը։
Նա հավելել է, որ ԵՄ-ն մոբիլիզացնում է իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ այդ միտումներին դիմակայելու համար՝ զգալի ֆինանսական աջակցություն տրամադրելով քաղաքացիական հասարակությանը: Միջավայրի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ԵՄ համակարգը (The EU System for Enabling Environment – EU SEE), որը գործարկվել է 2023 թվականին եւ ունի 50 միլիոն եվրո բյուջե, մշտադիտարկում եւ խթանում է քաղաքացիական տարածքը 86 գործընկեր երկրներում:
Մարտի 1-ին երկու տարին մեկ Վրաստանում անցկացվող ցանցային միջոցառման շրջանակներում Թբիլիսիում հավաքվել են ավելի քան 130 երիտասարդ եվրոպական դեսպաններ (YEAs)։ Միջոցառմանը միացել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին:
Ցանցային միջոցառման նպատակն է նպաստել նոր եւ ավելի փորձառու դեսպանների միջեւ թիմային ոգու ձեւավորմանը եւ կապերին, ինչպես նաեւ նրանց ներգրավելու իրենց փափուկ հմտությունների բարելավմանն ուղղված գործունեության մեջ՝ միաժամանակ աշխատելով 2024 թվականի գործողությունների ծրագրի վրա։
Միջոցառման ընթացքում երիտասարդներն ուրվագծել են գալիք տարվա համար իրենց աշխատանքի կոնկրետ ուղղությունները՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «EU NEIGHBOURS East» տարածաշրջանային հաղորդակցության ծրագրի եւ Վրաստանում ԵՄ պատվիրակության կողմից սահմանված առաջնահերթություններին համապատասխան:
2023 թվականի դեկտեմբերին «EU NEIGHBOURS east» ծրագիրը ողջունել է 657 նոր երիտասարդ եվրոպական դեսպանների, որոնց թվում 98-ը՝ Վրաստանից՝ իր ցանցում ակտիվ դեսպանների թիվը հասցնելով 1,162-ի։
«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (YEAs) նախաձեռնությունն ապաքաղաքական, կամավորական, կենսունակ հաղորդակցական ցանց է, որը կապում եւ բարեկամության կամուրջներ է կառուցում Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ ԵՄ անդամ երկրների ու Միացյալ թագավորության երիտասարդների միջեւ։ Ցանցի նպատակն է` բարձրացնել իր արեւելյան գործընկեր երկրների հետ ԵՄ համագործակցության մասին իրազեկությունը, ցուցադրել այդ համագործակցության շոշափելի արդյունքները, նպաստել տարբեր թեմաների շուրջ քաղաքական երկխոսությանը, բարձրացնել քաղաքացիական ակտիվության մակարդակը եւ միասին աշխատել հանուն ավելի լավ ապագայի:
Փետրվարի 29-ին Եվրոպական հանձնաժողովը գործարկել է ֆինանսական աջակցության նոր գործիք՝ ԵՄ-ում եւ նրա սահմաններից դուրս (ներառյալ` Վրաստանում, Մոլդովայում եւ Ուկրաինայում) աղետների կանխարգելման եւ պատրաստվածության բարձրացման համար:
Աղետների կանխարգելման եւ պատրաստվածության տեխնիկական աջակցության ֆինանսավորման հիմնադրամը (TAFF) ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի (UCPM) մի մասն է: Այն աջակցում է աղետների եւ կլիմայի դիմակայունության վերաբերյալ նախագծերին, ուսումնասիրություններին եւ ուսուցմանը, ինչպես նաեւ նպաստում աղետների ռիսկերի կառավարման վերաբերյալ գիտելիքների փոխանակմանը տարբեր երկրների միջեւ։
Աշխատանքները կիրականացնի Համաշխարհային բանկը՝ Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ։ 2024 թվականի համար TAFF-ն ունի 6 միլիոն եվրոյի նախնական ֆինանսավորում:
Այս գործիքի շնորհիվ քաղաքացիական պաշտպանության մարմինները կավելացնեն աղետները կանխելու տեխնիկական կարողությունները եւ աղետների դեպքում տեխնիկապես ավելի հագեցած կլինեն:
Գործիքից օգտվելու իրավասություն ունեն ԵՄ անդամ երկրները, UCPM-ի մասնակից պետությունները (ներառյալ Մոլդովան եւ Ուկրաինան) եւ Վրաստանն ու Կոսովոն՝ հաշվի առնելով UCPM-ին միանալու իրենց շարունակական ջանքերը:
Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումը մեկնարկել է նոր պատվիրակների ընդունելություն իր գործունեության 2024-2026թթ. շրջափուլի համար։
Երկու տարին մեկ ԱլԳ ՔՀՖ-ն իրականացնում է պատվիրակների ընդունելություն, որին դիմելու համար հրավիրվում են կազմակերպություններ Արեւելյան գործընկերության վեց երկրներից եւ Եվրոպական միության անդամ երկրներից:
Իրենց մանդատի ընթացքում ընտրված պատվիրակները դառնում են Արեւելյան գործընկերության տարածաշրջանում գործունեություն ծավալող հայտնի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ընտրյալ խմբի մաս: Նրանք բացառիկ մուտք են ունենում ԱլԳ ՔՀՖ-ի ԱլԳ Քաղաքացիական հասարակության գագաթնաժողովին, որին կմասնակցեն ավելի քան 300 շահագրգիռ կողմերի, դոնորների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Նրանք հնարավորություն կունենան կապ հաստատելու եւ ակտիվորեն մասնակցելու տարեկան աշխատանքային խմբերում եւ Գլխավոր ասամբլեայի հանդիպումներում: Նրանք միասին կպաշտպանեն ընդհանուր նպատակները, կհամագործակցեն տարածաշրջանային նախագծերի ուղղությամբ, կազդեն Արեւելյան գործընկերության քաղաքականության շրջանակներում պաշտոնական իրադարձությունների վրա, բացառիկ հասանելիություն կստանան ֆինանսավորման եւ կարողությունների զարգացման հնարավորությունների նկատմամբ եւ կմասնակցեն Ֆորումի կողմից կազմակերպվող տարբեր այլ միջոցառումներին:
ԱլԳ ՔՀՖ-ն հրավիրում է ոչ կառավարական կազմակերպություններին իրենց դիմումները ներկայացնել այստեղ հասանելի հատուկ ձեւի միջոցով: Դուք կարող եք ձեր դիմումը ներկայացնել կա՛մ անգլերեն, կա՛մ ռուսերեն, բայց նախընտրելի է անգլերեն:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 2024 թվականի մարտի 10-ն է։
ԵՄ կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն՝ շրջակա միջավայրի համար» (EU4Environment) ծրագիրը կազմակերպում է հիբրիդային ձեւաչափով տարածաշրջանային միջոցառում, որը տեղի կունենա 2024 թվականի մարտի 13-14-ը Բրյուսելում (Բելգիա):
Այս միջոցառման նպատակն է քննարկել ԱլԳ երկրներում կանաչ անցումը խրախուսող գործողություններից քաղված դասերը: Այն կընդգծի Արեւելյան գործընկերության երկրներում կանաչ տնտեսության ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը, կքննարկի, թե ինչպես պահպանել արդյունքները եւ արագացնել հետագա բարեփոխումները։ Կքննարկվեն նաեւ ԱլԳ երկրներում կանաչ օրակարգի իրականացման շարունակականությանն առնչվող հարցեր:
Միջոցառումը կներառի նաեւ երեք թեմատիկ քննարկումներ հետեւյալ թեմաներով. հանրային կառավարման հարմարեցում կանաչ անցման կարիքներին, կայուն պետական գնումներ, արտադրանքային քաղաքականություն եւ ԵՄ միասնական շուկա:
Հանդիպմանը կմասնակցեն Արեւելյան գործընկերության երկրների շրջակա միջավայրի եւ էկոնոմիկայի նախարարությունների ազգային համակարգողներ, ազգային գործողությունների համակարգողներ, Եվրոպական հանձնաժողովի եւ ԵՄ պատվիրակությունների, ԵՄ անդամ պետությունների, քաղաքացիական հասարակության եւ «EU4Environment» ծրագիրն իրականացնող գործընկերների (ՏՀԶԿ, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողով, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագիր, ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպություն եւ Համաշխարհային բանկ) ներկայացուցիչներ։
Հանդիպման միակ լեզուն անգլերենն է։ Մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել հետեւյալ հղումով։
Եվրոպական հանձնաժողովում փորձնակության հայտամրցույթ. դիմումներն ընդունվում են մինչեւ մարտի 15-ը
Սկսվել է Եվրոպական հանձնաժողովում 2024 թվականի հոկտեմբերից մեկնարկող հինգամսյա վճարովի փորձնակության համար գրանցումը։
Դիմորդները կարող են դիմել Հանձնաժողովի բազմաթիվ գերատեսչություններում, ծառայություններում եւ գործակալություններում առկա շուրջ 1000 հաստիքների, որոնք տեղաբաշխված են Բրյուսելի, Լյուքսեմբուրգի եւ ԵՄ անդամ 27 պետությունների ազգային բյուրոների միջեւ:
Դիմելու իրավասություն ունեն ԵՄ անդամ բոլոր երկրների քաղաքացիները։ Սահմանափակ թվով տեղեր են նախատեսված ԵՄ անդամ չհանդիսացող երկրների, այդ թվում՝ Արեւելյան գործընկերության քաղաքացիների համար։
Փորձնակության ծրագրերը բաժանվում են երկու տեսակի՝ վարչական փորձնակություն եւ թարգմանչական փորձնակություն՝ հատուկ Թարգմանությունների գլխավոր տնօրինության (DGT) համար: Եվրոպական հանձնաժողովի համատեղ հետազոտական կենտրոնում էլ գիտական փորձնակության հնարավորություն կա։
Դիմորդները պետք է ունենան բակալավրի կամ համարժեք կրթական աստիճան, չունենան վեց շաբաթը գերազանցող աշխատանքային փորձ ԵՄ հաստատություններում եւ վարժ տիրապետեն ԵՄ առնվազն երկու լեզուների, որոնցից մեկը՝ անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն:
Ակնկալվում է, որ փորձնակները կունենան Եվրոպային առնչվող հիմնահարցերի վերաբերյալ անաչառ մոտեցում, Հանձնաժողովի աշխատանքի նկատմամբ հետաքրքրություն, ինչպես նաեւ նախաձեռնողականություն եւ բազմամշակութային միջավայրում աշխատելու պատրաստակամություն:
Ընտրված փորձնակները կստանան 1,376.89 եվրո դրամաշնորհ՝ իրենց կեցության ծախսերը հոգալու համար, բայց կացարանի ապահովության հարցով պետք է զբաղվեն սեփական նախաձեռնությամբ։
Փորձնակի ամենօրյա աշխատանքը ենթադրում է տարբեր առաջադրանքների կատարում, ներառյալ հանդիպումների, աշխատանքային խմբերի եւ հանրային լսումների մասնակցությունն ու կազմակերպումը, փաստաթղթերի ուսումնասիրությունը, քաղաքացիների հարցումներին պատասխանելը եւ նախագծերի կառավարմանն աջակցելը:
Դիմումները կընդունվեն Եվրոպական հանձնաժողովի վավերացման ծառայության (EU Login) միջոցով, որտեղ դիմորդները պետք է գրանցվեն:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2024 թվականի մարտի 15-ը:
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար. միավորելով ընկերությունները» (EU4Business. Connecting Companies) ծրագիրը EU4Business-ի եւ հայկական Civitta ընկերության հետ համատեղ հրավիրում է մարքեթինգի եւ հաղորդակցության մասնագետներին Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից գրանցվելու եւ մասնակցելու այս տարվա մայիսին դեպի Էստոնիա գործնական այցին:
Դիմորդները պետք է աշխատեն օրգանական/կենսաբանական սննդի, ստեղծարար արդյունաբերության, տեքստիլի, զբոսաշրջության եւ գինու ոլորտներում գործող ՓՄՁ-ներում կամ ԳԱԿ-երում եւ տիրապետեն անգլերեն լեզվին:
Առաքելության մասնակիցները մայիսի 20-ից 24-ը կգտնվեն Տալլինում՝ ծանոթանալու Էստոնիայի էկոհամակարգին եւ ձեռք բերելու հմտություններ եւ գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են թվային մարքեթինգի եւ սոցիալական ցանցերի միջոցով իրենց արտադրանքն ու ծառայություններն արդյունավետորեն առաջ մղելու համար:
Դիմելու վերջնաժամկետը մարտի 20-ն է, սակայն կազմակերպիչները հորդորում են դիմել հնարավորինս շուտ։
Կազմակերպիչները կփոխհատուցեն երկկողմանի ճանապարհորդության, մուտքի արտոնագրավճարների (անհրաժեշտության դեպքում), ծրագրի տեւողության ընթացքում հյուրանոցներում կեցության, սննդի, ինչպես նաեւ Էստոնիայում անցկացվող առաջատար ստարտափ եւ տեխնոլոգիական միջոցառման՝ Latitude59-ի մուտքի տոմսերի ծախսերը։
«ԵՄ-ն՝ բիզնեսի համար. միավորելով ընկերությունները» (EU4BCC) ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» (EU4Business) նախաձեռնության շրջանակներում: Ծրագիրն ուղղված է աջակցելու ԱլԳ երկրներում կայուն տնտեսական զարգացմանը եւ աշխատատեղերի ստեղծմանը՝ օգնելով ՓՄՁ-ներին ընդլայնել իրենց առեւտրի ծավալները, ներգրավելով ներքին ներդրումներ եւ խթանելով գործարար կապերը ԵՄ ընկերությունների հետ:
«10 օր» նախագիծն իրականացվում է ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի և Լրատվական ռադիոյի հետ համատեղ:
Վրաստանում ԵՄ ֆինանսավորմամբ ծրագրերից ավելի շատ լուրերի և հնարավորությունների ծանոթանալու համար այցելեք ԵՄ Արևելյան հարևաններ ծրագրի կայք։