«Նռան գույնը»․ օծանելիք Փարաջանովի ֆիլմից ոգեշնչված

«Նռան գույնը»․ օծանելիք Փարաջանովի ֆիլմից ոգեշնչված

Թբիլիսահայ աշխարհահռչակ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի ֆիլմից ոգեշնչված՝ գերմանական օծանելիքի տունը թողարկում է նոր օծանելիք՝ «Նռան գույնը»։

Moth and Rabbit PARFUMES օծանելիքի 50 մլ սրվակը կարժենա 139 եվրո։

«Նռան գույնը» Սերգեյ Փարաջանովի նշանավոր ֆիլմերից է։ Այն թողարկվել է 1968 թվականին և նվիրված է Սայաթ-Նովային։ Հեղինակային անունը՝ «Սայաթ-Նովա»։ Գրաքննության ճնշման տակ Փարաջանովն ստիպված էր լրիվ վերամոնտաժել և փոխել ֆիլմի անունը։ Տարբերակը, որը ցուցադրվել է էկրաններին, Սերգեյ Յուտկևիչի իրականացրած ևս մի վերամոնտաժի արդյունքն է։

20-րդ դարի խոշորագույն հայ կինոռեժիսորը ծնվել ու ստեղծագործել է Թբիլիսիում: Երգեցողություն և նկարչություն սովորելուց հետո՝ 1946 թվականին ընդունվել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտ:

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովը նկարում էր ինքնակենսագրական «Խոստովանանք» ֆիլմը, որը, սակայն, անավարտ մնաց: Նա կյանքից հեռացավ՝ չհասցնելով իրականություն դարձնել իր բազմաթիվ մտահղացումներ: Կյանքի վերջին օրերին, Թբիլիսիի իր տանն անկողնուն գամված էր, երբ որոշեց տեղափոխվել Հայաստան:

Նկարահանվել է Փարաջանովին նվիրված շուրջ 20 ֆիլմ: 1991 թվականից Երևանում գործում է Փարաջանովի թանգարանը, որտեղ ցուցադրվում են նրա գծանկարները, կոլաժները, մանրանկարները և Թբիլիսիի բնակարանից տեղափոխած կահ-կարասին:

Փարաջանովի կիսանդրին տեղադրված է Կիևի կինոստուդիայի տարածքում, արձանը՝ Թբիլիսիում:

Հայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոնը 2005 թվականին սահմանել է Փարաջանովի անվան մրցանակ՝ «Փարաջանովյան Թալեր»:

Aliq.ge